2019.09.05,

Տեսակետ

«Ընթանում է պատերազմ՝ հանուն լսարանի աչքերի»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսաստանցի ռեժիսոր Անտոն Ուտկինը կարծում է, որ հիմա հիբրիդային մասնագիտությունների ժամանակ է. կարող ես լինել լրագրող, բայց միաժամանակ մեդիա պրոդյուսեր, ռեժիսոր, հետազոտող և այլն:

Նա Lateral Summer ընկերության կրեատիվ տնօրենն է և զբաղվում է ինտերակտիվ պատմությունների ստեղծմամբ: Օրինակ, նրա «Ամեն ինչ բարդ է» ֆիլմը ըստ դիտողի որոշումների՝ ստանում է տարբեր զարգացումներ (հերոսները կարող են հանդիպել կամ ոչ, դեպքը կարող է տեղի ունենալ կամ ոչ): ԶԻԱՀ վարակի թեմայով այս ֆիլմը իրազեկող է, պարզապես պատմությունը պատմում են ոչ թե հոդվածով, այլ հորինվածքով:

Անտոն Ուտկինը, որը մասնակցում էր «Թվապատում» մեդիա կոնֆերանսին, համարում է, որ իրավապաշտպանությունն ու ֆանտաստիկան սերտորեն են կապված մեր կյանքի հետ: Անգամ, փոխլրացնում են իրար:

Ձեր հաջորդ ինտերակտիվ ֆիլմի առանցքը լինելու է իրավունքների պաշտպանությունը: Բարդ թեմա ենք ընտրել:

Այո, շատ բարդ, բայց դա ոչ թե պատվեր է, այլ մեր անձնական որոշումը: Իրավունքների պաշտպանությունը մի թեմա է, որի մասին լռել հնարավոր չէ: Կինոն այդ թեմային չի անդրադառնում ու երբեմն թվում է, որ բացի մեզանից ոչ ոք դա չի անի:

Ստացվեց այնպես, որ վերջին տարիներին զբաղվում եմ ոչ այնքան խաղարկային կինոյով, որքան հողեղեն, իրական ուսումնասիրությունների հիման վրա արվող վավերագրությամբ: Մեր հետազոտական աշխատանքն արդեն տևում է կես տարուց ավելի, քանի որ զրուցում ենք հարյուրավոր մարդկանց հետ:

Փորձու՞մ ենք հաղթահարել հանրային ապատիան: Դա թերևս անհրաժեշտ է, եթե ցանկություն ունեք ներգրավել լսարանին քննարկումների մեջ:

Հաճախ խոսելով գործընկերներիս հետ, եկանք այն եզրակացության, որ հիմա բոլորս մրցում ենք «Գահերի խաղի» հետ:

Իրականում հանդիսատեսը օրվա ընթացքում ունի ընդամենը 1-2 ժամ, որը տրամադրում է կարդալուն, դիտելուն կամ այլ բանին: Եվ երբ ցուցադրվում է պայմանական «Գահերի խաղը», բոլորը դիտում են հենց դա: Այսինքն, շաբաթական այդ մեկ ժամը զբաղված է:

Հետո երբ հայտնվում է մեկ այլ թույն նախագիծ, օրինակ «Չեռնոբիլը», մարդիկ շաբաթական ևս մեկ ժամ են տրամադրում դրան:

Եվ քանի որ մեդիա սպառման ժամանակը սահմանափակ է, սկսվում է պատերազմ՝ հանուն լսարանի աչքերի:

Ձևավորվել է վիզուալ սերունդ, որը նախընտրում է ոչ թե կարդալ, այլ դիտել, և ստացվում է, որ մեդիա արտադրողի մրցակիցը «Գահերի խաղն» է, HBO-ն, հսկայական կոմերցիոն մեքենաները:

Մեդիա արտադրողը ստիպված է վիճել հսկաների հետ՝ փորձելով իր լսարանի մեջ արթնացնել հուզական արձագանք:

Օրինակ, մենք որոշեցինք պատրաստել ինտերակտիվ պատմություններ, քանի որ դրանք էմոցիոնալ են և կլանող: Մեր առաջին ֆիլմը զգուշավոր էր, հասկանում էինք, որ թեման ռիսկային էր:

Իսկ հիմա ավելի վառ ու միգուցե կոշտ պատմություն կստացվի, և բնականաբար կարթնացնի բևեռային կարծիքներ: Հետաքրքիր է, թե ինպես լսարանը կարձագանքի, ինչպես կորոշի մասնակցել ու տարածել իրավունքներին առնչվող կարծիքները:

Բևեռացումը կոնցեպտի մա՞ս է:

Երբ կա բևեռացում, կա նաև բանավեճ: Իսկ եթե կա բանավեճ, ուրեմն մենք հասել ենք մեր նպատակին:

Կարևոր հանրային հարցերը պետք է քննարկվեն: Ինտերակտիվ ֆիլմերում միշտ կա ընտրություն, սյուժեի տարբեր զարգացումներ, սխալվելու հնարավորություններ, կարծիքների բազմազանություն: Ոչ գծային սյուժեն թույլ է տալիս դիտողին քննարկել հաջորդ քայլերը:

Թե՛ կինոյում, թե՛ գրականության մեջ, թե՛ տարբեր մեդիա արտադրանքում հազվադեպ է երևում ապագան: Տպավորություն է, որ Ռուսաստանում խոսակցությունները վաղվա մասին՝ 10-20 տարիներ հետո, ընդհանրապես տաբու են: 

Դա սովետական պետպլանի հետևանքներն են: Մեզ երկար տարիներ ասել են, թե ինչպես պիտի ապրենք: Եվ հիմա էլ մի խումբ քաղաքական գործիչներ փորձում են իրենց ուզածը թելադրել ժողովրդին՝ բոլորովին ականջ չդնելով ժողովրդի երազանքներին ու պահանջներին:

Մեր ստուդիան ստեղծվեց որպես ֆանտաստիկ բովադակությամբ զբաղվող ընկերություն: Եվ այն, որ ուզում ենք ֆիլմ անել իրավապաշտպանության մասին, նույնպես ֆանտաստիկայի ժանրից է:

Ապագայի նախագծերը ունեն զգալի թեքում դեպի ֆանտաստիկա: Մենք նաև դա ենք ուզում հատուկ ընդգծել՝ օգնելով նվազեցնել հանրային խարանների ազդեցությունը:

Այո, երբեմն պիտի փորձել գործ ունենալ կատարյալ, անթերի իրադրությունների հետ, քանի որ դրանք են օգնում ձեռք բերել լսարանի վստահությունը:

Լավ մեդիա արտադրանքը թողնում է մի բաց տարածք, որտեղ մարդիկ կարող են մի պահ կանգ առնել, մտորել ապագայի մասին, քննարկել, հաշվարկել իրենց հաջորդ քայլերը, ի վերջո, նաև փոխել այդ քայլերը, հասունանալ:

Իմ կարծիքով՝ «Գահերի խաղը» սերիալ է հասունացման մասին, վերջին մասերում, օրինակ, հերոսները ապրում են այդ ցավոտ հասունացումը: Միգուցե հանդիսատեսը ակտիվ բանավիճում էր հենց այն պատճառով, որ շատերը չեն ուզում հասունանալ, աճել: Անհայտ է մնում, թե ինչպես են ապրելու հերոսները վաղը: Եվ դա շատ ժամանակակից հարց է, չնայած գործող անձերը վիշապներ են, զոմբիներ և տարբեր սև ու սպիտակ էակներ:

Ֆանտաստիկայով կարելի է շատ ժամանակակից հարցեր բարձրացնել, պատմել հանրային նշանակության պատմություններ:

Որքա՞ն է ձեզ համար կարևոր լսարանի տարիքը:

Տեսնում եմ, որ շատ կազմակերպություններ փորձում են որսալ իրենց տարիքային լսարանը և ամրագրել այն: Անկեղծ ասած՝ դա դժվար է:

Մեզ ավելի հեշտ է աշխատել այն մարդկանց համար, որոնք աճում ու հասունանում են թվային միջավայրում: Իսկ այդ դեպքում տարիքը կարևոր չէ, քանի որ շատ քիչ մարդ է ապրում առանց թվային որևէ սարքի:

Կարևորը մարդու ներգրավվածության աստիճանն է:

Իսկ հնարավո՞ր է ապստամբություն՝ ընդդեմ թվային սարքերի: 

Մենք գործ ունենք մի մեքենայի հետ, որը փորձում է ամեն գնով մեզ կապել էկրանի հետ: Ինչպես ասացի՝ պատերազմ է հանուն լսարանի աչքերի:

Ավելի գիտակից ընկերությունները փորձում են անել հեռատես քայլեր, փոքր-ինչ թուլացնել լսարանի համար մղվող պայքարը, որոշակի սահմագիծ դնել կապիտալիստական ձգտումների ու հնարավոր բացասական հոգեբանական էֆեկտի միջև:

Արդեն ինքներս կարող ենք հետևել, թե ինչպես ենք օգտագործում մեր խելախոսները՝ screen time-ով:

Թվային սարքերի օգտագտործումը էթիկայի մաս է, անգամ կարծում եմ, որ նման առարկա պետք է դասավանդվի դպրոցներում:

Գոյատևումը հեռախոսի մեջ կարծես հիշեցնում է Պավլովի փորձերը շների վրա: Դա ռեֆլեքս է. հրապարակեցիր մի նկար, այն արժանացավ լայքի, և դու քեզ շոյված ու հպարտ զգացիր: Եվ հետո ամեն րոպե փորձում ես նորից վերապրել այդ հաճույքը, նորից ստուգել, թե էլ ով լայքեց: Դա իրական կախվածություն է, որը պետք է բացատրվի, գիտակցվի և փորձ արվի հաղթահարել:

Իհարկե, կարող են լինել մարդիկ, որոնք միայն թվային սարքերում են կարողանում իրենց լիարժեք զգալ, քանի որ այլ հեռանկարներ չեն տեսնում, բայց դրանք լրիվ լքված մարդիկ են:

Իսկ մեծամասնության համար սարքերի կիրառման էթիկան կարևոր բանավեճի հիմք է: Հիշենք «Սև հայելի» սերիալը, որտեղ սարքերը հանրային քննարկման սկիզբ դնող մեկնակետն են:

Ի վերջո, երևի ամեն ինչն էլ հանգում է իրավունքների գիտակցմանը: 

Կարևոր է հիշել, որ իրավունքները կան, որ դրանք հարկավոր է պաշտպանել և երբեմն էլ պատրաստ լինել ինչ-որ բայն զոհաբերել: Մարդիկ հաճախ պասիվ են, որովհետև վախենում են կորցնել այն վերջինը, ինչ ունեն: Հետսովետական երկրներում դա շատ ցավոտ թեմա է:

Բայց մենք գիտենք, թե ինչով են ավարտում այն երկրները, որտեղ քաղաքացիները դադարում են պայքարել սեփական իրավունքների համար: Դա ոչ մի լավ բանով չի ավարտվում:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *