2017.11.01,

Քննադատ

Կոռուպցիան, երազանքներն ու պայքարը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լավ պաստառը նման է լավ երգի. բառային ուղերձը դժվար է տարանջատել պատկերից այնպես, ինչպես հնարավոր չէ բանաստեղծական հիմքը պոկել երգի մեղեդիից:

Օգտագործելով պաստառը որպես լակոնիկ ու խտացված վիզուալ ուղերձի մոդել, կարելի է մատնանշել ամենաակտուալ թեմաներն ու մտահոգությունները: Կամ՝ ինչպես ընդունված էր ԽՍՀՄ-ում, գաղափարախոսական լիցքեր հաղորդել հանրությանը: Ու ոտքի կանգնեցնել՝ հանուն նոր, ավելի մաքուր ու լուսավոր կյանքի:

«Իմփաքթ Հաբ» Երևանի և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ որոշվեց պաստառների միջոցով խոսել կոռուպցիայի հետևանքների ու դրա դեմ ներքին ընդվզման մասին:

«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» պաստառների ցուցահանդեսը դարձավ առիթ թե՛ արվեստագետներին համախմբելու, թե՛ դժվար թեմայի մասին հասկանալի ու վառ ժանրի միջոցով խոսելու համար:

Հեղինակ՝ Կլաաս Վերպլանք, Բելգիա

Ցուցահանդեսի համադրող, արվեստագետ Սամվել Սաղաթելյանը վստահ է, որ, ի վերջո, կոռուպցիայից ավելի արդիական թեմա չկա. «Ըստ էության՝ կոռուպցիան մարդու էության մի մասն է: Կոռուպցիան միայն կաշառք վերցնելն ու տալը չէ, միայն թալանն ու փողերի լվացումը չէ: Դա ավելի լայն հասկացություն է. մարդուն կոռումպացնում, փչացնում են՝ գայթակղելով: Հայտնի է, որ ամենակարևոր բաները՝ սերը, սեքսն ու փողը, շաղկապված են և կարող են հանգեցնել կոռուպցիայի»:

Պաստառները, որոնք ստեղծել են տարբեր երկրների նկարիչները, դիզայներները, նաև լրագրողները, փորձ են ազդեցիկ ժանրի միջոցով խոսել հենց այսօրվա մասին:

Հեղինակ՝ Կարեն Ալեքյան

Կոռուպցիան ամենուրեք էլ նույն հանգամանքներում է ծաղկում և նույն պայքարի միջոցներով էլ հաղթահարվում է: Մեկնակետը հանրային բողոքն է, որը կարող է մաքրագործող ալիքի դեր կատարել: Կամ էլ առնվազն, օգնել գիտակցելու, որ մաքրվելու կարիք կա:

«Արվեստը օգնում է ինքդ քո մեջ նայելու: Պատասխանները քո մեջ ես փնտրում: Ինքս էլ չգիտեմ. եթե ինձ մեծ գայթակղությունների առջև կագնեցնեն, կդիմանա՞մ, թե՞ ոչ: Աստված գիտի»,- ասում է Սամվել Սաղաթելյանը:

Հեղինակ՝ Սամվել Սաղաթելյան

Հատուկ այս ցուցահանդեսի համար 35 հեղինակներ ստեղծել են 64 պաստառ: Բոլորը շատ տարբեր են: Կան բացարձակապես լոզունգային, ուժեղ արվեստի տարր պարունակող, հումորային խաղարկումներով, տեքստային ու վիզուալ գլուխկոտրուկ հիշեցնող, գրաֆիկական պատմության տեսքով, դասական գործերի ու լոզունգների վերադասավորմամբ:

Հեղինակներ՝ Սամվել Հովհաննիսյան, Զարուհի Մեջլումյան

Կաշառք տալու շղթան նմանեցվում է նաև բանտային հիերարխիային (ինքդ քեզ հարգելու համար նսեմացնում ու ստորացնում ես մյուսին): Կան նաև անձնական խոհերի վրա հիմնված աշխատանքներ: Օրինակ, 14 տարեկան աղջկա «Կոռուպցիան խլում է մեր երազանքները» աշխատանքը:

Սամվել Սաղաթելյանը վստահ է, որ սա շատ խորքային ու արդիական բառային ուղերձ է. «Մարդիկ ունեն երազանքներ: Մեդիայում շատ է խոսվում այն մասին, որ մարդը պետք է մեծ երազանքներ ունենա, հետևի դրանց, չվախենա դրանք իրականություն դարձնելուց: Հիմա այս աղջիկն ասում է՝ մի՛ խլեք իմ երազանքները»:

«Կոռուպցիա» բառը Հայաստանում հաճախ ընկալվում է որպես մեզնից դուրս, հեռավոր ու օտար մի երևույթ: Հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը հանդուրժող է, օրինակ, կոռուպցիայի դրսևորումներից մեկի՝ կաշառքի, հանդեպ: Երբեմն դա համարվում է թեև ոչ հաճելի, բայց օրինաչափություն:

Հեղինակ՝ Արեն Ոսկանյան

Սամվել Սաղաթելյանն ասում է. «Ամեն ինչը հանգում է ոչ միայն մարդկային, այլև համակարգային խնդրի: Համակարգն այնպես է ստեղծված, որ պաշտոնյաներն իրենց աշխատավարձներով չեն կարող չգայթակղվել: Դա անհնարին է: Այդ պատճառով էլ կոռուպցիան կարծես ծրագրավորված է»:

Պաստառներից շատերում կոռուպցիան ներկայացվում է ուտելու պրոցեսի տեսքով, «կաշառակեր» բառի արմատի խաղարկմամբ: Ուտելու, մարսելու, նաև փսխելու ու կոկորդում կանգնելու վիզուալիզացմամբ:

Իսկ ամենառադիկալներում՝ այն գիտակցմամբ, որ պետք է այդ վնասակար «ուտելիքից» հրաժարվելու ուժ գտնել, քանի որ այն պարզապես վնասում է առողջությանը: Եվ ոչ միայն սեփական, այլև՝ հանրային:

Հեղինակ՝ Լուիզա Պետրոսյան

Ընդհանրապես, «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ցուցահանդեսը շատ հետաքրքիր է ուսումնասիրության համար: Բառերն ու պատկերները միաժամանակ արվեստի ու մեդիայի դաշտում են: Դրանք միջնորդներ են խնդրի ու դրա գիտակցման միջև: Եվ հաճախ ավելի արագ ներգործող միջնորդներ, քան լրագրողական հետաքննություններն ու միջազգային կառույցների օգնությամբ արված հետազոտությունները:

«Մենք չգիտենք, թե բառը, խոսքը ինչ ազդեցություն ունեն: Օրինակ, հայտնի է, որ «Օկուպայ» միջազգային մեծ շարժումը սկսվեց ու լայնորեն տարածվեց ընդամենը մեկ լրագրողական հոդվածից, որտեղ կար «Occupy Wall Street» արտահայտությունը: Հետո ինչ-որ մարդիկ այն վերցրեցին ու դարձրեցին մեծ ու վարակիչ շարժում»,- պատմում է Սամվել Սաղաթելյանը:

Հեղինակ՝ «Արդարություն Հայաստան», ԱՄՆ

Նա վստահ է, որ պաստառի ազդեցությունը կարող է ավելի մեծ լինել, քան երկար բարակ լրագրողական տեքստերի ու բանախոսությունների, որոնք ժամանակակից մարդու ուշադրությանն են արժանանում առավելագույնը 10 րոպե:

Իսկ պաստառը հիշվում է, քանի որ ճիշտ ընտրված տեքստը համատեղվում է ճիշտ ընտրված պատկերի հետ:

Ենթադրաբար այս պաստառները շարունակելու են իրենց կյանքը ոչ միայն ցուցասրահներում, այլ ավելի ընդարձակ հանրային վայրերում: Ցանկություն կա դրանք ակտիվորեն տարածելու: Կայքից բոլոր պաստառները ներբեռնելու ու տպագրելու հնարավորություն կլինի, հետագայում դրանք փակցնելու համար գյուղերում, դպրոցներում, փողոցներում:

«Ստեղծվելու է հեղինակային պաստառների օգտագործման դեմոկրատական մոդել»,- ասում է Սամվել Սաղաթելյանը:

Համենայնդեպս, ցուցահանդեսի հեղինակները պատրաստ են զիջել հեղինակային իրավունքները հանուն հանրային իրավունքի: Ընդ որում՝ պաստառների ներկայացման ձևաչափը հենց ինքն է հուշում հետագա ներկայացման ձևերը: Շատ պաստառներ ամրացված են փայտե ձողերի վրա, որպես հիշեցում, որ դրանք նաև նախատեսված են հանրահավաքների ընթացքում տրասնպորանտ դառնալու:

Ի վերջո, Հայաստանի հանրապետությունը հայտարարել է պայքար կոռուպցիայի դեմ՝ ամենաբարձր մակարդակով, հատուկ այդ նպատակով ստեղծված պետական հանձնաժողովով: Եվ բնական է սպասել, որ հենց կառավարությունը կօգտագործի այս պաստառները՝ պայքարն ավելի տեսանելի դարձնելու համար:

Օրինակ, կկախի բանուկ խաչմերուկներում, տրանսպորտի վրա, քաղաքապետարանի կամ այլ պետական ու վարչական կառույցների մատույցներում, ինտերիերում կամ շենքերի ճակատին:

Շատ պաստառներ արդեն մշակված ու իրականացված գովազդային վահանակներ են: Պարզապես ոչ թե առևտրային, այլ՝ սոցիալական:

Հանրային տարածքները հիմա նաև սոցցանցերն են, որտեղ ներկա լինելու համար ո՛չ տպագրության գումար է պետք, ո՛չ այլ ծախսեր:

Հեղինակ՝ Թենի Ադամյան

Պետական կառույցների սոցցանցերի հաշիվներում նախընտրելի պաստառ տեղադրելը կարող է դիտվել որպես ազդակ, որ պետությունն իր հայտարարած բարեփոխումներին տեր է կանգնում:

Պաստառի ձևաչափը վեր է հանում անհանգստացնող թեմաները ստվերային դաշտից: Իսկ ցանկացած ստվերային բան (օրինակ, կոռուպցիան) ստվերում թողնելը ձեռնտու է միայն ստվեր սիրողին:

«Corrupt Armenia»-ն հեշտ է դառնում «Correct Armenia»:  Ընդամենը երեք տառ է փոխվում: Գումարած՝ կամքը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *