2017.09.13,

Նյուսրում

Հեռուստաալիքները ժամանակավոր լուծումներ են գտել

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) հայտարարած մասնավոր մուլտիպլեքսորի (կազմակերպություն, որը իրականացնելու է թվային հեռարձակումը) գործունեության լիցենզավորման մրցույթը երկրորդ տարին անընդմեջ չկայացավ:

Պատճառը կրկին հայտերի բացակայությունն էր: Հաջորդ մրցույթը, ըստ ՀՌԱՀ Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանի, կհայտարարվի հաջորդ տարվա մայիսին:  

Սա նշանակում է, որ այն հեռուստաընկերությունները, որոնք ընդգրկված չեն հանրային մուլտիպլեքսային համակարգում, կշարունակեն հեռարձակվել անալոգային ռեժիմով՝ մինչև մասնավոր մուլտիպլեքսորի ի հայտ գալը:

Հայաստանի յուրաքանչյուր մարզում թվային հեռարձակման արտոնագիր ունի միայն մեկ հեռուստաընկերություն: Բոլորը ընդգրկված են հանրային մուլտիպլեքսային համակարգում:

Հայաստանը թվային հեռարձակման է անցել 2016 թվականի հոկտեմբերից: Հանրային մուլտիպլեքսային համակարգից դուրս մնացած և անալոգային հեռարձակում ունեցող մարզային տասից ավելի հեռուստաընկերություններ տարբեր գործիքների կիրառմամբ փորձում են պահել իրենց լսարանը:

Ի՞նչ են անում անալոգային հեռարձակում ունեցող ընկերությունները

Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունը, որը թվայնացման անցնելուց հետո սկսեց կորցնել լսարանի մեծ մասը, այժմ այն վերականգնել է շուրջ 80 տոկոսով: Հեռուստատեսության հիմնադիր Սոս Սիրադեղյանը պատմում է, թե ինչպես են աշխատել տեղի բնակիչների հետ.  «Մեր աշխատողներով տուն առ տուն էինք գնում, պարզում՝ ցանկությո՞ւն ունեն դիտելու մեր եթերը: Օգնում էինք մարդկանց, նույնիսկ փոքր էժան ալեհավաքներ էինք բաժանում, որպեսզի կարողանան մեր եթերը հեշտությամբ դիտել»:

Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի կարծիքով` Հայաստանում եթերի թվայնացման գործընթացը քաղաքական ենթատեքստ ունեցավ. «Միտում կար լռեցնել այն լրատվականներին, որոնք իշխանությունների վերահսկողությունից դուրս էին: Մեկ-երկու լրատվամիջոցի պատճառով տուժեցին շատերը, որոնք չստացան հեռարձակման լիցենզիա»:

Լսարանի կորուստ «ԳԱԼԱ»-ն էլ ունի. «Այնուամենայնիվ, բնակչության այն հատվածը, որը տարիներ շարունակ որպես տեղեկատվության օբյեկտիվ աղբյուր նախընտրել է ԳԱԼԱ-ն, այսօր էլ շարունակում է մնալ մեր հեռուստադիտողը»:

Կարինե Հարությունյանը պատմում է, որ գյումրեցիները շարունակում են «ԳԱԼԱ»-ն դիտել տեղական մալուխային հեռուստատեսության միջոցով: Բացի այդ, ակտիվ աշխատում է հեռուստատեսության կայքը:

Վանաձորում հեռարձակվող «Լոռի Թի Վի»-ի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը փաստում է, որ անալոգային հեռարձակմամբ իրենք պակաս մրցակցային են դարձել ու օրեցօր կորցնում են լսարանը. «Փորձում ենք մեր կայքն ավելի ակտիվ աշխատացնել ու համացանցի միջոցով լսարանը պահել»:

Ինչ է լինելու հետո

Նարինե Ավետիսյանն ասում է, որ շարունակելու են եթեր դուրս գալ անալոգային ռեժիմով և պայքարել մուլտիպլեքսորի մրցույթի պայմանների փոփոխության համար: «Պայքարի միակ ձևը բողոքի ցույցն է մնացել: 2016թ. նույնիսկ բաց նամակով դիմեցինք երկրի նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, բայց նրանցից որևէ մեկը չպատասխանեց»,-ասում է նա:

«Լոռի Թի Վի»-ի խմբագիրը հույս չունի, որ գործող պայմաններում կհայտնվի մասնավոր մուլտիպլեքսոր: Անալոգային եթերի հույսին մնացած մարզային հեռուստաընկերություններին աջակցող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը համաձայն է նրա հետ.

«Եթե մրցույթը երկրորդ անգամ չի կայանում՝ դիմող չլինելու պատճառով, նշանակում է, որ օրենքով առաջարկվող պայմաններն առաջին հերթին բիզնես առումով հրապուրիչ չեն և որևէ հեռանկար չեն խոստանում: Այստեղ անշուշտ օրենքը պետք է փոխվի: Այն, որ մասնավոր մուլտիպլեքսորը պետք է ընդգրկի ամբողջ հանրապետության տարածքը, խոցելի մոտեցում է, որովհետև դրա համար շատ մեծ ներդրումներ են հարկավոր»:

Մելիքյանի խոսքով՝ մարզերում մի քանի հեռուստաընկերություններ պատրաստ էին միավորվել և մի մասնավոր մուլտիպլեքսոր ստեղծել, եթե պայմանները փոխվեն, սակայն կարգավորող մարմինները օրենքը թողնում են այնպիսին, ինչպիսին կա:

«Կարծում եմ, որ երկրորդ անգամ մրցույթը չկայացած հայտարարելը լուրջ ազդակ պետք է հանդիսանա, որպեսզի իշխանությունները, կարգավորող մարմինը, ինչպես նաև լրագրողական կազմակերպությունները համատեղ ուժերով փոփոխություններ մտցնեն օրենքի մեջ, և այդ հարցը լուծվի»:

ԽԱՊԿ-ը, Երևանի մամուլի ակումբը ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ մշակել և խորհրդարան էին ներկայացրել օրինագծերի փաթեթ, որով  առաջարկվում էր ավելի ազատական մոտեցումների կիրառմամբ ապահովել մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը շուկա: Սակայն Ազգային ժողով ներկայացված օրինագծերն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեցին։

Լրագրողական կազմակերպությունները ԱԺ-ից պահանջում են շրջանառության մեջ դնել իրենց ներկայացված նախագծերը, իսկ ՀՌԱՀ-ից՝ ակտիվ քայլեր ձեռնարկել հեռարձակմանը վերաբերող օրենսդրությունը փոխելու ուղղությամբ։

 

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *