«Աշխարհը Հայաստան է մտնում շատ նեղ ու փոքր տեղեկատվական պատուհանից»

19.10.2017, vox populi

Կինոն միշտ ունի մեդիայի կարիք: Թե՛ հանդիսատեսը, թե՛ արհեստավարժ ռեժիսորները միշտ սպասում են արձագանքների, քանի որ դա ոչ միայն լուր տարածելու միջոց է, այլև՝ ինքդ քեզ ստուգելու հնարավորություն:

Եթե խոսենք կինոյի հանդեպ Հայաստանի մեդիայի վերաբերմունքի մասին, կարող եմ ասել, որ Հայաստանում շատ լռակյաց վիճակ է, մանավանդ երբ համեմատում եմ Իրանի հետ, որտեղ ծնվել, սովորել, աշխատել ու ապրում եմ: Ընկերներս ասում են՝ Հայաստանը մի համեմատիր 80 միլիոնանոց Իրանի հետ: Բայց կարծում եմ նշանակություն չունի, բնակչությունը 80, թե՞ 3 միլիոն է: Կարևոր է տեսածի մասին կարծիք ու դիրքորոշում ունենալը:  

Իրանում, իհարկե, կա «սանսուրա» (գրաքննություն) ասված թյուրիմացությունը, որն ամեն ինչի վրա է տարածվում: Բայց միևնույն է, հսկայական քանակի կայքեր կան, որտեղ կինոքննադատներն ու թղթակիցները ակտիվ աշխատում են:

Ասենք, այն լուրը, որ իմ «Եվա» ֆիլմը պետք է Հայաստանից ուղարկվի Օսկար մրցանակաբաշխությանը, ավելի շատ հաղորդվել է իրանական լրատվամիջոցներով, քան հայաստանյան: Այդ մասին գրեցին բոլոր իրանական թերթերը՝ ծայրահեղ աջից, մինչև ծայրահեղ ձախ: Նաև այն լրատվամիջոցները, որոնց համար բացարձակապես միևնույն կլինի, եթե աշխարհի բոլոր ֆիլմերը մեկ օրում պայթեն ու անհետանան:

Հասկանում եք, ցանկացած մարդ, հատկապես, ստեղծագործող պրոֆեսիոնալ, զգում է քննադատության անհրաժեշտությունը: Իմ ֆիլմի էկրանավորումից հետո անհամբեր սպասում եմ արձագանքների (եթե չեմ սխալվում, երկու վերլուծություն է եղել, ոչ ավելին): Ֆիլմի արձագանքներից միայն կարող ես հասկանալ, թե որտեղ ես ճիշտ շարժվել, իսկ որտեղ՝ սխալ: Գնում եմ կինոյի տները, ծպտված նստում անկյունում, որ տեսնեմ հանդիսատեսի վերաբերմունքը:

Իհարկե, ես իմ պատասխանները գտնում եմ, բայց կուզեի, որ վերլուծությունները շատ լինեին, քանի որ դրանք ֆիլմը որոշ իմաստով տեղն են գցում:

Բայց Հայաստանում քննադատության դաշտն այնքան կցկտուր է, որ գլուխ եմ կոտրում՝ վերաբերմունքը հասկանալու համար: Իրանում ավելի լուրջ են վերաբերում մեդիայի քննադատությանը:

Հասկանալի է, որ «Եվա»-ն առաջին հայ-իրանական համարտադրության ֆիլմն է (ընդ որում՝ իրանական մասնակցությունը 70% է), բայց այն Հայաստանի մասին է, նկարահանված է Հայաստանում ու ներկայացնում է Հայաստանը:

Անգամ եթե «Եվան» վատ ֆիլմ է, կա այն պարզ ճշմարտությունը, որ սա առաջին ֆիլմն է, որն իրականում ստանում է միջազգային դիստրիբյուցիա: Եվ շատ կարևոր է, որ այն ընդգրկվել է Միլ Վալիի փառատոնի ընտրանու մեջ:

Իրանը, որն ունի հզոր կինոարտադրություն ու կինոթատրոնների զարգացած ցանց, ուզում է զարգացնել համատեղ կինոարտադրությունը, իսկ Իրանի կինողեկավարությունը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության պայմանգիր ստորագրել: Դա շատ լավ լուր է:

Իսկ եթե անգամ այդ կամ Օսկարին մասնակցելու լուրը մեդիայում մեծ տեղ չի գտնում, ուրեմն կա պասիվություն:

Միգուցե դրա պատճառը իմ սփյուռքահայ լինելն է: Ես ինտեգրված չեմ Հայաստանի մշակութային համակարգում, և իմ նկատմամբ կա վերապահում: Կամ էլ այդ պասիվությունը ընդհանրապես ողջ մշակութային դաշտի հանդեպ է:

Ես չեմ խոսում իմ ֆիլմի արժեքի ու որակի մասին, բայց Օսկարին ներկայացնելը, կինոդաշտի՝ առնվազն այս ամսվա կարևոր լուրերից մեկն է, որի մասին գրեթե չի հաղորդվում:

Փոխարենը տեսնում եմ, որ ամենաշատը ու բոլոր լրատվական ցանցերով տարածվում է, ասենք, որևէ նախարարի կամ մարզպետի անզգույշ, անիմաստ ու պարզապես հիմար խոսքը: Ես դա կանվանեի՝ մի բաժակ սուրճի շուրջ նստած կանանց զրույց: Եվ այդ զրույցը դառնում է ամբողջ երկրի լրատվական ցանցի սենսացիոն թեմա:

Բոլոր մարդիկ ու լրատվականները այդ մանր դեպքերի մասին արտահայտվում են, ունեն տեսակետ ու դիրոքորոշում:

Չեմ ուզում փնթփնթալ, քանի որ Հայաստանը շատ եմ սիրում, բայց մեզ պակասում է լայն տեսանկյունով աշխարհին նայելու ունակությունը: Համենայնդեպս, ես իմ ֆիլմը կառուցել եմ այն հայացքի վրա, որ այս մոլորակի վրա կա մի տեղ, որը կոչվում է Եվրասիա մայրցամաք, որտեղ կա Հարավային Կովկաս, որտեղ գտնվում է Հայաստանը, կողքին Արցախն է, իսկ Արցախում էլ կա մի գյուղ, որտեղ ապրում են իմ հերոսները...

Այսինքն, փորձում եմ փոքր պատուհանից նայել դեպի մեծ աշխարհը: Բայց զգում եմ, որ Հայաստանի լրատվական դաշտն անում է հակառակը՝ պատուհանը լայնացնելու փոխարեն, այն նեղացնում, փոքրացնում, մանրացնում է:

Այսինքն, աշխարհը Հայաստան է մտնում շատ նեղ ու փոքր պատուհանից:

Անահիտ Աբադ
կինոռեժիսոր, Իրան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?