Օնլայն գովազդի շուկան հեղափոխության ժամանակ և հետո

06.07.2018, Նյուսրում

Լրագրող

Գարնան թավշյա հեղափոխությունն ազդել է նաև առցանց գովազդային շուկայի վրա:  Ինտերնետում բովանդակության նկատմամբ հետաքրքրության աճի պայմաններում ոլորտի մասնագետները առանձնացնում են որակական և գնային փոփոխությունները։

Ինտերնետային հարթակում մասնագիտացած «Կարամել» գովազդային գործակալության հիմնադիր Արսեն Սուլթանյանն ասում է, որ ապրիլի կեսից մինչև մայիսի վերջ շատ գովազդատուներ  կանգնեցրին իրենց գովազդային արշավները: Սպասողական տրամադրություններ էին:

Հեղափոխությունն օնլայն ռեժիմով լուսաբանող լրատվական շատ կայքեր գովազդ տեղադրելու հարթակներ չունեին և հնարավորություն չէին տալիս գովազդային նոր ձևաչափեր կիրառել:

Տեղական մնացած կայքերում և Ֆեյսբուքում սկսվեց օգտագործվել մի ձևաչափ, որը համեմատաբար նոր է և զարգացման միտում ունի: «Նախքան բուն տեսանյութը սկսելը տեղադրվում էր կարճ գովազդ»,-պատմում է Սուլթանյանը:

Իրականում, նրա խոսքով, ինտերնետային գովազդի շուկայում ծավալների մեծ փոփոխություններ չեն եղել, սակայն վաղ է գնահատական տալը, պատկերը թվերով հնարավոր կլինի ամփոփել սեպտեմբեր-հոկտեմբերին:

«Այն ակտիվությունը, որ տեսնում եք հիմա, պայմանավորված է ֆուտբոլի աշխարհի խաղերով: Շատ են գովազդներ տեղադրվում սպորտային հրապարակումներում կամ այլ կայքերի ստորտային նորությունների բաժիններում: Օգտվելով աշխարհի խաղերի հանդեպ մեծ հետաքրքրությունից կա գովազդի թեմատիկա՝ գարեջուր, բուքմեյքերական կազմակերպություններ և այլն»,-ավելացնում է մասնագետը:

Թերեզա Թոքմաջյանը IP Marketing ընկերության SMM բաժնի ղեկավարն է: Հեղափոխության ընթացքում նկատել է, որ փոխվել է մարդկանց ընկալումը սոցիալական կայքերի ու ինտերնետային գործիքների կիրառման նկատմամբ։

«Կարող եմ հստակ ասել, որ հայկական գովազդային շուկայի մեր գնորդներն ու պատվիրատուները բավականին ադեկվատ են։ Եթե ոչ հեղափոխության ամբողջ ընթացքում, ապա ապրիլի 23 - մայիսի 8 ընկած ժամանակահատվածում տեղադրվող գովազդների ցուցանիշը կրճատվեց գրեթե 60%-ով»,-պատմում է Թերեզան։

Հեղափոխության առաջին օրերին, երբ ամեն ինչ նոր էր սկսվում, մեր զրուցակիցն ասում է, որ շատերը մասնագիտորեն օգտվեցին առիթից, որն ունեցավ թե՛ բացասական, և թե՛ դրական դրսևորումներ։ Թերեզան ֆիքսել է իրավիճակային մարքեթինգի որոշ օրինակներ:

Նրա խոսքով, օր օրի նոր գովազդային ֆորմատներ են օգտագործվում հայկական շուկայում. «Նույն կայքերում առաջնայնություն է տրվում նեյթիվ կամ հոդվածի մաս կազմող (native/in article) բաններներին, վիդեոգովազդին կամ կայքի վերևի և ներքևի հատվածներում ֆիքսված բաններային հարթակներում տեղադրումներին»։

Կան թվային մարքեթինգով զբաղվող կազմակերպություններ, որոնք ավելի կրեատիվ են մոտենում հարցին: Թերեզան բացատրում է, որ այդ կազմակերպությունները կայքերում տեղադրում են ոչ թե բաններներ, այլ թեմատիկ գործողություններ (CTA /call to action) պարունակող կոճակներ։

Սոցիալական ցանցերում գովազդային ֆորմատները այն են, ինչ հարթակները  տրամադրում են տեղադրողներին, բայց այստեղ հաջողված գովազդային արշավ ունենալու համար, ըստ մասնագետի, անհրաժեշտ է «քթի ծակ»։

«Սոցիալական ցանցերում գովազդը հաջողում է բլոգերների ներգրավման, ակտիվ օգտատերերի (social influencers) կամ ձեռքի տակ եղած այլ ռեսուրսների օգտագործման, ինչու չէ Նիկոլ Փաշինյանի լայվերի տակ գովազդային հայտարարությունների տեղադրման պարագայում»,-ծիծաղելով հավելում է նա:

Մասնագետները վստահ են, որ աստիճանաբար սոցիալական ցանցերում գովազդի ծավալը մեծանալու է, քանի որ դեռ նախորդ տարիներից կա աճի միտում և հետաքրքրվածություն: Իսկ ամենահիմնավոր պատճառը, թերևս այն է, որ այս հարթակում գավազդի արդյունավետությունը չափելի է:

 

Գայանե Ասրյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?