2018.02.22,

Նյուսրում

Հայաստանի գովազդային շուկան՝ թվերով

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում գովազդային շուկայում ծախսվող գումարները վերջին տարիներին գրեթե անփոփոխ են: Փորձագիտական գնահատականներով 2016թ-ի համեմատ 2017թ-ին գրանցվել է մոտ 5-10%-ի աճ:

«Մեդիա գրուպ» գովազդային գործակալության տնօրեն Տանյա Թորոսյանի գնահատականով, Հայաստանի գովազդային շուկան (առանց բարտերների) կազմում է մոտ 65-70 միլիոն դոլար: Այս գումարի առյուծի բաժինը՝ 65-68%-ը,  հեռուստատեսությանն է, 20-22%-ը տրվում է արտաքին, 9-10%-ը՝ ինտերնետային գովազդին: Տպագիր մամուլի ու ռադիոյի բյուջեն չնչին է:

Ինչ է փոխվել հեռուստատեսային գովազդի շուկայում

«Հեռուստատեսային գովազդի բյուջեն չի փոխվում արդեն երեք տարի, փոխարենը տեղի է ունենում բյուջեի տեղաբաշխում: Հեռուստատեսությունից գումարները գնում են դեպի ինտերնետ: Մոտ 3-5%-ով ավելացել է արտաքին գովազդի և ռադիոյի բյուջեն»,- ասում է Տանյա Թորոսյանը:

Նրա խոսքով, հեռուստատեսությունն այս մարտահրավերին դիմակայելու ելքը գտել է.

«Մեդիա ինթերնեշնլ սերվիս» սեյլզհաուսը (որը հավաքական վարկանշային միավորներով՝ GRP-ով, վաճառում է հայաստանյան հինգ հեռուստատեսությունների՝ Արմենիայի, Շանթի, ԱրմՆյուզի, Ա-ԹիՎիի, Երկիր մեդիայի գովազդը) անցյալ տարի սկսեց խրախուսել փոքր գովազդային բյուջե ունեցող ընկերություններին՝ վաճառել ոչ միայն վարկանիշ, այլև գովազդային րոպե:

«Մինչ այդ ընդունված էր ասել, որ հեռուստատեսային գովազդը թանկ հաճույք է: Փոքր գովազդատուները խուսափում էին հեռուստատեսությունից և գնում հիմնականում ռադիո կամ ինտերնետ հարթակներ: Սեյլզհաուսը ստեղծեց երկու տարբեր գնացուցակ տեղի և դրսի գովազդատուների համար»,- պատմում է Թորոսյանը:

Եվ այս իրավիճակն, ըստ նրա, հանգեցրեց այն բանի, որ փոքր գովազդատուների օգնությամբ հեռուստատեսությունում մոտ 20-25% ավելացավ վաճառված ընդհանուր վարկանիշների քանակը (GRP)՝ տարբեր հեռուստաընկերություններում տարբեր չափաբաժիններով:

Դաշտում մեկ այլ կարևոր փոփոխությունն այն է, որ միջազգային հայտնի շատ ընկերություններ՝ Մարսը, Յակոբսը և այլն, դուրս եկան եթերից՝ նախընտրելով  արտաքին գովազդը և ինտերնետային հարթակները՝ Գուգլը, Յություբը, Ֆեյսբուքը, Լինկդինը,  Յանդեքսը և այլն:

Մասնագետը բացատրում է, որ այդ ընկերություններից շատերը ցանկացան ավելի քիչ գումար ծախսել և ավելի արդյունավետ գովազդ ունենալ, քանի որ ինտերնետի միջազգային հարթակներում հնարավոր է թիրախավորել նեղ հետաքրքրությունների լսարան:

Ինտերնետային գովազդի խնդիրները

«Այս պահին գովազդի ամենաարագ զարգացող հատվածը ինտերնետն է, սակայն հայկական կայքերի չափելիության հետ կապված խնդիրը շարունակում է մտահոգել մեզ: Գովազդատուներն ավելի արդյունավետ գովազդ ունենալու համար ներդրում են անում ոչ թե հայկական, այլ դրսի հարթակներում: Այս պատճառով, ինտերնետային գովազդի հայաստանյան բյուջեի զգալի հատվածը՝ 70-80%-ը, դուրս է գալիս երկրից: Նրանց չի բավարարում ենթադրությունների հիման վրա թիրախավորված լսարանը, ուզում են մաթեմատիկական ճշգրտությամբ հասկանալ՝ ով է իրենց սպառողը (տարիք, սեռ, բնավորություն, մասնագիտություն և այլն)»,- բացատրում է գործակալության տնօրենը:

Ինտերնետային հարթակում մասնագիտացած «Կարամել» գովազդային գործակալության հիմնադիր Արսեն Սուլթանյանը պատմում է, որ վերջերս մի արտասահմանյան ընկերություն բիզնես նպատակներով ուսումնասիրել է Հայաստանի ինտերնետային գովազդի շուկան և համոզվելով, որ այն փոքր է, չի ցանկացել բիզնես սկսել:

«Գովազդատուներն ուզում են հստակ պատկերացում ունենալ որտեղ են տեղադրելու իրենց գովազդը, որն է թիրախային լսարանը, ինչ նախասիրություններ ունի և այլն: Սակայն այս պահին տեղեկություն չունենք, թե Հայաստանից Յություբում քանի օգտատեր կա և ինչ հատկանիշներով լսարան է դա: Նույնը Գուգլի դեպքում է»,-ասում է նա:

Սուլթանյանը, ի տարբերություն Տանյա Թորոսյանի, ավելի համեստ է գնահատում Հայաստանի ինտերնետային գովազդի շուկայի գումարները՝ ոչ թե 6,5-7 մլն, այլ 2,5 մլն դոլար:

Նրա գնահատականներով այս թիվը 2018-ի ընթացքում կավելանա ևս 200-300 հազար դոլարով:

Տեղական շուկայի գովազդատուներն, ըստ մասնագետի, հիմնականում հետաքրքրված են Ֆեյսբուքի ու Ինստագրամի տեղադրումներով, երկրորդ տեղում Գուգլն է ու Յություբը:

«Գովազդատուներին արդեն հետաքրքրում է լսարանի որակը: Նրանք սկսել են ուշադրություն դարձնել ոչ թե դիտողականությանը, այլ արդյունքին: Կարևորը  կոճակի սեղմումից հետո կատարված գործողությունն է, թե ինչքան ժամանակ դիտողը մնաց կայքում, այնուհետև ինչ հղումներով գնաց, ինչ-որ բան փնտրեց որոնողականներում և այլն»,- բացատրում է Սուլթանյանը՝ հավելելով, որ շատ դեպքերում գովազդատուն պատրաստ է վճարել որակյալ գործողությունների համար:

Ըստ նրա՝ ոլորտում տարածված տենդեցներից է ներառված գովազդը, երբ բովանդակության մեջ տեղադրվում են վիդեո, ինտերակտիվ գովազդային բովադակություն, թեստեր, բրենդի հետ կապված ուսուցանող նյութեր կամ բրենդի շուրջ պատմություն:

Մասնագետները համակարծիք են, որ հայաստանյան լրատվական կայքերը, որպես գովազդային հարթակ, դեռ կայացած չեն:

«Հայկական կայքերում գովազդը լավ կաշխատի, եթե ճիշտ մոտեցում լինի: Խմբագիրները կենտրոնացած են իրենց լրատվական գործունեության վրա և պատրաստ չեն վճարել առանձին մասնագետի: Մյուս կողմից դաշտում քիչ են մասնագետները, որոնք կարող են լրատվական կայքի համար ճիշտ մոնետիզացիա անել»,- ասում է Սուլթանյանը:

Արհեստական շարժ արտաքին գովազդի շուկայում

Արտաքին գովազդի շուկայում, ըստ Տանյա Թորոսյանի, անցած տարի դինամիկա կար, պատճառը «Yerevan outdoor festival»-ն էր, որի շրջանակներում արտասահմանից մասնագետներ եկան, փոխանակեցին իրենց փորձն ու գիտելիքները:

Դրա արդյունքում արտաքին գովազդի շուկայում նոր կրեատիվ լուծումներ և մոտեցումներ կիրառվեցին:

Անցյալ տարի քաղաքապետարանը որոշում ընդունեց, որ դատարկ վահանակների համար գործակալությունները տուրք չեն վճարի, եթե տեղադրեն սոցիալական գովազդ:

«Այդ որոշմանը դաշտն անմիջապես արձագանքեց, սկսեցին սոցիալական գովազդ տեղադրել, սակայն պարզ չէ, դա լավ է, թե վատ, որովհետև տպավորություն է, որ բոլոր վահանակները լեցուն են ու դաշտն էլ զարգանում է: Եթե մի կողմ դնենք սոցիալական գովազդները, իրականում աճի դինամիկան այդքան մեծ չէ՝ մոտ 3-5% է»,- նշում է նա:

Իսկ ռադիոգովազդը…

«Գովազդատուներն այդքան էլ ոգևորված չեն այն հարթակներով, որոնք չեն չափվում: Ռադիոն չի չափվում, որ ռադիոընկերության հետ խոսում ես, ասում են մենք լավագույն եռյակի մեջ ենք»,-ասում է Տանյա Թորոսյանը:

Միայն փոքր բյուջեով ընկերություններն են, որ տարբերակ չունենալով գովազդ են տեղադրում ռադիոյում. «Փոքր կազմակերպությունների շնորհիվ թեթև գնաճ է եղել ռադիոյի գովազդային բյուջեում, այն համարվում է օգնական գովազդային կրիչ, որից սովորաբար օգտվում են ֆինանսավարկային կազմակերպությունները»:
 

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Հայաստանի գովազդային շուկան՝ թվերով”
  1. Հովհաննես Թովմասյան says:

    կրկին փորցիր
    Արդեն տևական ժամանակ է տարբեր մարդիկ փորձում են գնահատականներ տալ Հայկական գովազդային դաշտի վերաբերյալ: Հնարավոր է որ ցուցանիշնեըր աճեն կամ նվազեն, վստահեցնում եմ խնդիրը ոչ միայն շուկայի փոքրությունն է կամ աշխարհում գովազդային դաշտի դիջիտալիզացման տենդենցը , այլ նաև սակավաթիվ մասնագետները, որոնք դաշտում աշխատելով առնչվում են բազմաթիվ դժվարությունների հետ: Դաշտը լի է սուբյեկտիվիզմով , անառողջ ամբիցիաներով և մրցակցությամբ, քիչ են կրեատիվ գործակալություններն ու մարդիկ: Գովազդը եղել է կա և կլինի թե հեռուստատեսությունում թե ռադիոյում և թե համացանցում և թե ամենուր, իսկ տեխնոլոգիաները զարգանում են այպիսի արագությամբ որ վերաբաշխումը կարող է լինել պառանոռմալ շեղումներով: Շատ մարդկանց եմ ճանաչում որոնք հիասթափված են տիրող մտնոլորթով և այլևս մեծ ջանքեր չեն գործադրում շուկան զարգացնելու ուղությամբ, ես նույնպես: Միգուցե իրավիճակը փոխվի երբ դաշտում կկարեվորվեն մասնագիտական և տեխնոլոգիական դրույթները և դրա նախադրյալները արդեն իսկ ստեղծվում են շնորհիվ գովազդի ռեալիզացման ռեսուրսների դեցենտրալիզացման: Հիմա բազմաթիվ նոր կայքեր և բլոգերներ ունեն գերազանց հնարավորություն կայանալու, կայացնելու և գենեռացնելու հաջողված մեդիառեսուրսներ: Եթե խոշոր և միջին ընկերությունները սեվեռեն իրենց ուշադրությունը կոնտենտի որակի այլ ոչ թե վիրտուալ վարկանիշների վրա , ապա կունենան էֆեկտիվ գովազդ , հետևաբար շուկան կաճի: Շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ փոքր շուկայում “մեծ” մարդկանց շատ դժվար է իսկ մասնագետների համար փոքր բոլոր առումներով: Շնորհակալություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *