Հեռուստաեթերում գործում է «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքը

17.01.2012, Քննադատ

Լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:

«Գովազդը առեւտրի շարժիչ ուժն է»  արտահայտությանը մենք ծանոթ ենք վաղուց: Գիտենք նաեւ, որ գովազդը պետք է լինի չափի մեջ եւ պահպանի որոշ որակական չափանիշներ: Բայց արդյո՞ք դա մեզանում հաշվի է առնվում: Երեւի թե ոչ: Հայրենի հեռուստատեսությունում գովազդը մի գործոն է դարձել, որը հեռուստադիտողին նույնիսկ խոչընդոտում է որեւէ ֆիլմ կամ հաղորդում վայելել:

Համաձայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ «արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ՝ ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ եւ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ»։ Բայց պահպանվու՞մ են արդյոք այդ օրենքի պահանջները:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի անցկացրած մոնիթորինգի համաձայն՝ Հ1 հեռուստաալիքը 2011 թվականի դեկտեմբերի 30, 31-ի նախատոնական, եւ 2012 թվականի հունվարի 1-2-ի տոնական հաղորդումների ժամանակ մի քանի անգամ խախտել է «Գովազդի մասին» օրենքը:

Օրինակ՝ 2011 թվականի դեկտեմբերի 30-ին ժամը 13:00-ին Հ1 հեռուստաալիքի եթերում երեք մասով հեռարձակվել է «Առաջին լրատվական» հաղորդումը, որի տեւողությունը 12 րոպե 40 վայրկյան է եղել: Այս հաղորդումը երկու անգամ ընդմիջվել է 16 եւ 14 վայրկյանանոց գովազդներով:

Նույն օրը ժամը 17:00-ին «Առաջին լրատվական»-ի հեռարձակման ընթացքում, որը տեւել է 16 րոպե 49 վայրկյան, ցուցադրվել է  16 եւ 15 վայրկյանանոց գովազդներ:

Խախտվել է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ  օրենքի 26-րդ հոդվածի 6.1. կետի պահանջը՝ համաձայն որի՝ «Հանրային հեռուստառադիոընկերությունում առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը»: Սակայն 2011 թվականի դեկտեմբերի 31-ին Հ1 հեռուստաալիքի եթերում հեռարձակված առեւտրային գովազդը կազմել է ընդհանուր հաղորդումների 8,53 տոկոսը:

Ոտնահարվել է նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը՝ ըստ որի արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ:

«Ասպարեզ» ակումբի տվյալներով՝ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին ժամը 16:00-17:00-ի միջակայքում հեռարձակվել է 15րոպե 19 վարկյան տեւողությամբ, իսկ 2012 թվականի հունվարի 2-ին ժամը 21:00-22:00 միջակայքում` 16 րոպե 27 վայրկյան տեւողությամբ գովազդ:

Գովազդն այնքան համառորեն են պարտադրում մեզ եթերում, որ շատ ժամանակ, չսպասելով գովազդային դադարի ավարտին, կարող ենք փոխել ալիքը՝  այդպես էլ  չվերադառնալով ի սկզբանե դիտած հաղորդմանը:

Եթերում բավական ավելացել է նաեւ թաքնված գովազդը: Այդ առումով հատկապես չարաշահում են «Շանթը»-ն ու «Կենտրոն»-ը: «Հորիզոն» լրատվական հաղորդման վերջում հաղորդավարը հրաժեշտ է տալիս հեռուստադիտողին՝ ասելով, որ  հաղորդումը կավարտվի մի քանի նյութի ներկայացմամբ: Հենց այստեղ էլ սկսվում է թաքնված գովազդը, որը նույնիսկ քաղաքական ուղղվածություն ունի:

Օրինակ` Նոր տարվա շեմին «Շանթ»-ով ցույց էին տալիս մի բարեգործական ակցիա, որն անցկացվում էր «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության կողմից, թե ինչպես են Ձմեռ պապիկները պատրաստվում Երեւանով մեկ երեխաներին նվերներ բաժանել: Նույն հեռուստաալիքից իմացանք նաեւ, թե ինչպես է ՀՀԿ-ական (Հայաստանի հանրապետական կուսակցություն) պատգամավոր բարեգործական ակցիա իրականացնում Երեւանի մանկատանը:

Իսկ «Կենտրոն»-ը մշտապես ցուցադրում ԲՀԿ առաջնորդ-օլիգարխի մասնակցությամբ բոլոր անցկացվող միջոցառումները: Այստեղ գործում է «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքը:

Բայց պետք չէ մոռանալ, որ հեռուստաընկերությունները, ստանալով հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր, համապատասխան ծրագրեր են ներկայացրել եւ պարտավորություններ ունեն հեռուստադիտողի եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի առջեւ:

Ընդհանրապես Հայաստանի հեռուստատեսությունը հայտնվել է մի հետաքրքիր իրավիճակում` ամեն մի մեծահարուստ, օլիգարխ կամ քաղաքական ուժ իր պարտքն է համարում սեփական հեռուստաալիք ունենալ: «Երեւանը» պատկանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, «Ար»-ը եւ «Կենտրոն»-ը  համապատասխանաբար Հրանտ Վարդանյանին եւ Գագիկ Ծառուկյանին, «Երկիր-մեդիա»-ն` ՀՅԴ-ին  եւ այլն:

Անշուշտ, այդ անձինք կամ քաղաքաական ուժերը նախընտրական շրջանում կօգտագործեն իրենց վերահսկողության տակ գտնվող եթերն ի նպաստ իրենց եւ դրանով իսկ կստանան առավելություն խորհրդարանի մանդատների համար պայքարում: Բայց ամենացավալին այն է, որ մեզանում իսպառ բացակայում են անկախ հեռուստաալիքները, որտեղից մենք կարող ենք անկողմնակալ  տեղեկատվություն ստանալ՝ առանց կուսակցական նախասիրությունների:

Մի խոսքով՝ լուրջ պետք է մտորենք մեր հեռուստատեսությունը վերափոխելու ուղղությամբ՝ անշուշտ շտկելով այս ոլորտում գովազդային քաղաքականությունը:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?