2020.02.14,

Նյուսրում

Մի ֆեյսբուքյան ստատուսի պատմություն կամ շարունակական գլխացավանք

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Ֆեյսբուքում գրառում անելու համար լրագրողը Հայաստանի դատարանի վճռով հատուցել է 50 հազար դրամ ոչ նյութական վնաս և նույն հարթակով հերքում տարածել:

News.am լրատվական կայքը դատական գործ է հարուցել 1in.am լրագրող Սոնա Հարությունյանի դեմ՝ նրա ֆեյսուքյան գրառման համար: Լրատվամիջոցը դատարանում պնդել է, որ լրագրողն ակնարկելով կայքի քաղաքական պատկանելության մասին, վիրավորել է  իր գործարար համբավն ու արժանապատվությունը

Դեպքը հետաքրքիր է նաև նրանով, որ լրագրողի դեմ գործ է հարուցել ոչ թե անհատը կամ կազմակերպությունը, այլ՝ լրատվամիջոցը:

Դատարանը համարել է, որ Սոնան պատշաճ ջանք չի գործադրել իր գրառման մեջ տարածած տեղեկությունը ստուգելու և Ֆեյսբուքում ստատուս գրելու ժամանակ ակտիվ հղում չի տվել սկզբնաղբյուրին:

«Դատարանում մենք ապացուցում էինք, որ Սոնա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը չի կարող վիրավորել կազմակերպության գործարար համբավն ու արժանապատվությունը, քանի որ այն արվել է ցանցային հարթակում, որտեղ մարդիկ ազատ են մտքեր արտահայտել և քննարկել դրանք»,-ասում է լրագրողի փաստաբան Վահե Հովսեփյանը:

Փաստաբանն ասում է, որ դատարանը հիմք է ընդունել լրագրողի գրառման հանրային լինելը և այն, որ Սոնայի բոլոր ընկերները կարող էին դիտել կամ մեկնաբանել այն:

«Դատական օրենսգրքում հոդված կա, որով կարող է նույնաբովանդակ գործն օգտագործվել հայցվորի կողմից մեկ այլ լրագրողի դեմ որպես նախադեպ: Դատարանը կարող է վկայակոչել արդեն ուժի մեջ մտած դատական ակտը»,-ասում է նա:

Սոնա Հարությունյանի գործը նախադեպային է, քանի որ լրագրողներն ակտիվ են ցանցերում և երբեմն իսկապես դժվար է կողմնորոշվել՝ նրանք ինչ նպատակներով են օգտագործում իրենց սոցցանցային էջերը: 

Հանրային հեռուստատեսության լրատվության բաժնի լրագրող Գևորգ Թոսունյանը ակտիվ է ֆեյսբուքյան սոցիալական ցանցում՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական գրառումներ է անում, սուր է իր գնահատականների մեջ:

Նա անընդունելի է համարում լրագրողին ֆինանսական պատասխանատվության ենթարկելու դատարանի որոշումը, կարծում է՝ բավարար կարող էր լինել հերքման տեքստի հրապարակումը:

«Լրագրողներն իրենց ամենօրյա գործունեության ժամանակ, ինչպես նաև սոցիալական ցանցերում պետք է պահպանեն լրագրողական համերաշխության կանոնները: Իմ կարծիքով, Սոնայի գրառմամբ այն խախտվել է»,- ասում է նա:

Խնդիրն, ըստ լրագրողի, հնարավոր էր լուծել առանց դատական ատյանների: 

«Հանրային հեռուստաընկերություն աշխատանքի մտնելով նկատել եմ՝ ինչ զգայուն են որոշ շրջանակներ իմ ստատուսների նկատմամբ, ես էլ հակառակի պես երբեմն չափազանց էմոցիոնալ եմ գրառումների ու գնահատականների հարցում: Վերջերս մի դեպք եղավ, երբ իմ ստատուսն ակտիվ տարածվեց: Հասկացա, որ սխալ եմ ու որոշեցի հնարավորինս զուսպ արտահայտվել»,-ասում է Գևորգը:

Լրագրողն անկեղծանում է՝ մասնագիտությունն իրեն դարձրել է լրագրող անգամ ցանցում, այնտեղ ևս նա տեղեկություններ է տարածում և ընկերներին դարձնում  ընթերցողներ: 

«Մյուս կողմից էլ պետք է հստակ տարանջատում լինի, որովհետև շատ լրատվամիջոցներ ունեն իրենց վարքականոնները, որտեղ ցանցը ներառված է որպես լրագրողի տարածք, և կան նաև լրատվամիջոցներ, որ այդպես չեն դիտարկում և գտնում են, որ Ֆեյսբուքը լրագրողի անձնական տարածքն է»:

Panarmenian.net-ի գլխավոր խմբագիր Նիկոլայ Թորոսյանը չի սիրում քննարկել խմբագրությունների ներքին խոհանոցը, բայց քանի որ սա նախադեպային որոշում է և հետագայում կարող է այլ լրագրողների և խմբագիրների վրա տարածվել, մի քանի դիտարկումներ է անում:

«Կարծում եմ՝ դատարանն անփույթ է եղել, զավեշտալի որոշում է հերքել գրառումն ամբողջությամբ, հատկապես լրագրողի այն պնդումը, որտեղ նա կասկածի տակ է դնում լրագրողական համերաշխությունը Հայաստանում, այն դեպքում երբ թե՛ գրառումը, թե՛ դատական գործը վկայում են այդ համերաշխության բացակայության մասին»,-ասում է նա:

Նիկոլայի համար զարմանալի է, թե ինչպես կարող է դատարանը հերքում պահանջել լրագրողից նաև ՀՅԴ-ի տարածած հայտարարության մասով, եթե հենց այս պահին news.am կայքում հասանելի է այդ բովանդակությունը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ խմբագրությունը «նեղացել է» լրագրողից սեփականատիրոջ ու դրանով պայմանավորված կողմնակալության վերաբերյալ ակնարկների համար: 

«Արդյո՞ք արժե դատի տալ ամեն օգտատիրոջ, որը, օրինակ, պիցցայակեր կանվանի նշված ԶԼՄ-ին։ Որևէ մեկը չի հերքում, որ Հայաստանում հանրային քննարկումները թույլ փաստարկված են ու անձնավորված, սակայն թեկուզև ամենավատ կարծիքի համար մարդկանց դատարանով հետապնդելը որևէ կերպ չի բերելու դաշտի կարգավորմանը, այլ ընդամենը նպաստելու է «ֆեյքերի» բանակի էլ ավելի արագ բազմացմանը՝ կարծիքը հայտնելու վերաբերյալ մտավախությունների պատճառով»,- ասում է նա։

Ցանկացած վեճ, ըստ խմբագրի, անգամ ԶԼՄ հետ, ավելի առողջ կարող է ստացվել, երբ քննադատում ես դիմացինիդ թեկուզ սուր ու կոպիտ, բայց՝ ըստ էության։ 

«Հարությունյանին դուր կգա՞ր, եթե իր նյութերի բովանդակությունը և որակը բացատրեին նրանով, որ 1in.am-ը պատկանում է Արման Բաբաջանյանին։ Կարծում եմ՝ ոչ։ Ցանկացած առողջ քննարկում ենթադրում է ունակություն՝ կենտրոնանալ «հակառակորդիդ» ասելիքի, ոչ թե աշխատատեղի, մազերի գույնի, կուսակցականության կամ սեփականատիրոջ վրա»։

Հայաստանում քիչ են լրատվամիջոցները, որոնք էթիկական վարքականոնով կարգավորում են լրագրողների սոցցանցային ներկայության խնդիրները: Ընդունված է ասել, որ լրագրողը տեղեկատվություն հաղորդող է ինչպես տանը և հարազատների շրջանում, այնպես էլ ցանցում: Համենայնդեպս այդպես է ընկալվում և ավելորդ գնահատականներն ու վիրավորական արտահայտությունները տարբեր առիթներով կարող են օգտագործվել ի վնաս նրա հեղինակության:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *