2015.04.07,

Քննադատ

«Գարնանային» բառեր՝ միամսյա, կանացի ռեժիմով

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կան թեմաներ, որոնց լուսաբանումը համարվում է թեթեւ, հեշտ ու անգամ հաճելի գործ: Պարտադիր, բայց չպարտադրված միջոցառումների շարքերը (հիմնականում տոնական առիթով) թույլ են տալիս լրատվամիջոցներին հեռուստառեպորտաժներ կամ հոդվածներ պատրաստել արագ եւ առանց ավելորդ ճիգերի: Կարծես գործի է դրվում մեկ անգամ գծված տրաֆարետային կառուցվածքն ու նույնքան էլ տրաֆարետային բառապաշարը:

Այն, ինչը մեր ժամանակակից բանահյուսության մեջ կոչվում է «կանանց միամսյակ», հենց այն թեմատիկ խառնարանն է, որը ոտքից գլուխ զարդարված է տրաֆարետներով:

Որպես կանոն՝ տրաֆարետների առաջատարներն են «կանացի երջանկության» (մեկը հարցնի՝ իսկ ո՞րն է սեռերի երջանկության տարբերությունը),  «հավերժ գեղեցկության» (այդպես լինու՞մ է), «չդադարող ժպիտների» (գրեթե օլիգոֆրենային ախտորոշմա՞մբ), գարնան, ծաղիկների եւ այլ սիրուն բաներով հագեցած մաղթանքները: Չմոռանանք նաեւ «մարդկության գեղեցիկ կես» արտահայտությունը:

Իրեն լավ դրսեւորող յուրաքանչյուր մեդիա հարթակ իր բաժին «կանացի երջանկությունը» բաց է թողնում լրատվական երկինք: Մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում մեդիան ուշադրություն է դարձնում այն տեղեկատվական առիթներին, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն կանանց հետ:

Իհարկե, հիմնականում օգտագործվում է այսպես կոչված՝ մեծարման ու փառաբանման ձեւաչափը, որի հիմնադիրներն ու առաջ տանողները Հայաստանի իշխանավորներն են: Այդ թվում՝ նաեւ հոգեւոր իշխանության արժեքն իմացող Հայ առաքելական եկեղեցին:

Մեծարելով կանանց ու կազմակերպելով միջոցառումներ՝ նրանք ցանկանում են մեծարել սեփական արարքներն ու պատկերացումները: Կամ էլ հաշվետվության պես մի բան են ուղարկում մեդիա: Կանաց (եւ իրենց) մեծարումը արվում է ճակատային ու ճռճռացող բառերով: Եվ հաճախ հակառակ էֆեկտն է ունենում:

Երեւանի քաղաքապետարանի պատրաստած այս վիզուալ նյութը, որը հեռուստատեսությամբ է ցուցադրվում, հենց այն դեպքն է, երբ մեծարումը նսեմացման է նման:

Որոշ լրատվամիջոցներ պաշտոնական միջոցառումները կամ մաղթանքները մեջբերում են ամբողջությամբ՝ ցուցադրաբար ոչինչ չավելացնելով, չպակասեցնելով ու չխմբագրելով:

Այդպես է վարվում, օրինակ, «Առավոտ»-ը: Լրատվամիջոցը մարտի 8-ին լուրերի բաժնում վերատպել էր Երեւանի քաղաքապետարանի հայտարարությունը՝ առանց հավելումների ու կրճատումների, այնպես, ինչպես այն հրապարակվել է քաղաքապետարանի կայքում: Այդ երկու պարբերանոց տեքստում երկու անգամ ասվում է «անակնկալ» բառը, երկու անգամ՝ «նվեր», երեք անգամ «մատուցվում է» (անակնկալ է մատուցվել, նվեր է մատուցվել, հաճելի անակնկալ):

Սա փոքր-ինչ տարօրինակ ու հարցեր առաջացնող մեջբերում է այս տեքստից. «Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ վերջիններս (կանայք) նշել են, որ անմոռանալի զգացողություններով լի այս մարտի 8-ն ընդմիշտ կմնա իրենց հիշողություններում»: 

«Կանայք նշել են» արտահայտությունը որքան վերացական է, այնքան էլ անտրամաբանական է: Բոլո՞ր կանայք… Եվ ընդմի՞շտ…

Ապրիլի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր՝ մայրության, գեղեցկության ու սիրո օրվան նվիրված շնորհավորանքում «մայրերի սխրանքը» կապեց  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու «աքսորի ճանապարհին, ավազների վրա գրելով, մաշտոցյան այբուբեն ուսուցանելու» հետ: Նաեւ հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին են արժանացել ցեղասպանության ենթարկված հայ կանայք: Թերեւս, այսպիսի մաղթանքը կարելի է միայն մեջբերել ու շրջանակի մեջ առնել, քանի որ այն իր բնույթով մի մեծ հարցական է:

Որոշ լրատվամիջոցներ փորձում են աշխատել նյութի վրա ու սեփական կառուցվածքն են հաղորդում արդեն իսկ պատրաստի տեքստերին ու միջոցառումային ձեւաչափին: Արդյունքը երբեմն հետաքրքիր է ստացվում:

«Արմենպրեսը» կանանց թեմայով լուր գրեց, որն սկսվում է այսպիսի նախադասությամբ. «Կին նկարչուհիները վստահ են՝ իրենք արվեստում պակաս հետաքրքիր չեն, քան տղամարդիկ»:

«Կին նկարչուհիներ» արտահայտությունն, իհարկե, տոնական է հնչում, բայց անհեթեթ (տղամա՞րդ նկարչուհիներ էլ կան):

Լրատվամիջոցները մեխանիկորեն վերատպողներ ու մեջբերողներ են դարձել՝ առանց հարցեր տալու: Օրինակ՝ երբ Երեւանի քաղաքապետը բացում է «Գարնանային մեղեդի»  ցուցահանդեսը, քաղաքապետարանի կայքը այսպիսի ուղիղ խոսք է մեջբերում. «Հայ տղամարդը միշտ ուժեղ է նաեւ մեր կանանց շնորհիվ, քանի որ հայ կանայք, նախ եւ առաջ, մայր են, ու դրանով ամեն ինչ ասված է»:  

Հարց է ծագում՝ իսկ եթե կինը մայր չէ՞… Կամ էլ՝ իսկ եթե տղամարդը հայ չէ՞ (Երեւանի բնակիչ եզդի է կամ ռուս):

Սրանք մանր վրիպակներ են թվում, բայց, հաշվի առնելով գարնանային-կանացի լրատվական մթնոլորտը, ի հայտ են բերում լեզվական ու տրամաբանական շեղումներ, որոնց տակ արդեն կարելի է թաքցնել ցանկացած դատարկաբանություն ու փնթիություն:

Օրինակ՝ երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երգ է գրել կանանց մասին ու կանանց համար (եւ՛ խոսքեր, եւ՛ երաժշտություն), երգի ստեղծումը ռեպորտաժի հիմք դարձավ:

Իհարկե, բոլոր հայաստանցիներն էլ ուրախ են, որ նախարարը գրում է երգ, ոչ թե հիմնում է բիզնես ու ծավալում կիսաստվերային գործունեություն: Ի վերջո, երգը ամենաթափանցիկ զբաղմունքն է՝ լսելի ու գնահատելի: Բայց երբ այդ ինֆորմացիոն առիթը անփույթ ռեպորտաժ է դառնում, նախարարի երգ գրելու փաստն արդեն բացասական է ընկալվում:

«Ժամը» լրատվականի լրագրողն այսպիսի տեքստ է կառուցել. «Հայկոյի ձայնով երգը լսելուց հետո նախարարը խոստովանեց, որ երգը ստիպում է իրեն հավերժ սիրահարվել, ու մեջբերեց երգի տողերը. «Ինձ խոստացիր արեւածագ, ինձ խոստացիր գարնան վտակ, ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մեն-մենակ»:

Հետո երգիչ Հայկոյի կարծիքը հայտնի դարձավ: Նա հիացած ասաց, որ երգը «թույն» եւ «կայֆ» է: Հետո ձայնագրման ստուդիայի ղեկավարն ասաց, որ երգը բարի է (արդյո՞ք լինում է չար), խոսքերը անկեղծ են (կե՞ղծ էլ են լինում): Խոսք եղավ նաեւ այն մասին, որ երգը նվիրված է սիրելիներին, բայց մեկ այլ մարդու կարծիքով՝ քույրերին ու մայրերին  (ու՞մ, նախարարի՞):

Այս հարցերը անընդհատ հետապնդում են ռեպորտաժը դիտողին ու ժպիտ առաջացնում: Մանավանդ, որ ռեպորտաժի հեղինակներն այն անվանել են՝ «Ինձ խոստացիր». Երգահան նախարարի երգը՝ կանանց միամսյակի ավարտին»:

Ինչու՞ է պետք այս քնարական երգը կապել ավարտի հետ ու միաժամանակ հիշատակել հավերժ սիրահարվելու ու միայնակ չմնալու ցանկությունը՝ անհասկանալի է:

Իմիջիալյոց կառուցված ու փնթի լուսաբանված լրագրողական նյութը հակակրանք է առաջացնում լուրի հերոսների հանդեպ: Հայտնի է, որ երբ ուզում ես «թաղել» մեկին կամ վարկաբեկել, բավարար է ճոռոմ ու անտրաբանական բառեր շարել նրա անվան կողքին: Եվ միանգամից  հերոսը հակահերոս է դառնում:

Եվ տպավորություն է, որ «կանանց միամսյակում» հակահերոսները հենց կանայք են: Կամ էլ՝ նրանց «մեծարող» անձինք:

Վաղը Երեւան է ժամանելու հայկական ազգանուն ունեցող ամենահայտնի կինը՝ Քիմ Քարդաշյանը, որը իր հայկական արմատների մասին պատմող ֆիլմ է նկարահանելու Հայաստանում: Նա մայր է, հայ է եւ գեղեցիկ: Միգուցե նրա կարճատեւ այցն ու դրան սպասվող համաշխարհային արձագանքը կդառնա մեր տեղային «միամսյակի» բարձրակետը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *