Փորձություն օտար հեռուստաընկերությունների լրատվությամբ

07.11.2016, Ստուգված է

Գրող, կինոդրամատուրգ:

2000-2003 թվականներին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այսպես կոչված «НТВ-ի զավթումից» ՌԴ բոլոր խոշոր լրատվամիջոցները սկսեցին գործել Կրեմլի խիստ վերահսկողության տակ։

2013 թվականի նոյեմբերից, երբ սկսվեց ուկրաինական «Մայդանը», որն ավարտվեց Կրեմլի հովանավորյալ Յանուկովիչի հրաժարականով, ռուսաստանյան մեդիան կողմնակալ լրատվությունից անցավ քարոզչական պատերազմի, որտեղ բոլոր միջոցները ընդունելի են։

Բայց եթե նախկինում այդ պատերազմում կատարվող ձեռնածությունները հիմնականում համապատասխանում էին գեբելսյան սկզբունքին` 40% ճշմարտություն/60% սուտ, վերջերս գնալով շատանում է տեղեկատվությունը, որը իրականությունը շուռ է տալիս գլխիվայր։

Նախորդ շաբաթ ուկրաինական բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրին իրենց հայտարարագրերը, որոնց անմիջապես անդրադարձավ ռուսական մեդիան։ Ահա մի հատված «Россия-24»-ի լուրերի թողարկումից։

Թվում է՝ ակնհայտ է, որ մեկ տարում շուրջ 40 միլիարդ դոլար որևէ մեկը չի կարող վաստակել, առավել ևս` ֆինանսական աշխարհին անհայտ նախկին զինվորականը, բայց, նշելով հանդերձ, որ «Այդար» ուկրաինական «ազգայնական» վաշտի նախկին հրամանատար Սերգեյ Մելնիչուկն ունի երկու հնամաշ ավտոմեքենա` 1994 թվականի «Jeep Grand Cherokee» և 1988-ի արտադրության «ГАЗ 2411», նույնիսկ ռուսական լրատվական գործակալությունները տարածեցին լուրը, թե նա 38,7 միլիարդ դոլար ունի։

Հայկական «Ucom» ընկերության մալուխային հեռուստատեսային նվազագույն փաթեթում «Россия-24»-ի հարևանն է ռուսական մի տնտեսական հեռուստաալիք`«РБК»-ը, որը դեռ տեղեկությունները հաղորդելիս դրանք չի աղավաղում անճանաչելիության աստիճան, ճիշտ է տնտեսական մասնագիտացման է և սահմանափակ լսարան ունի։ «РБК»-ի լուրերից այսպիսի պատկեր պարզվեց.

Թեև «РБК»-ն էլ կարծես հուշում է ուկրաինական իշխանություններին, որ չի խանգարի մի երկու տարով նստեցնել Մելնիչուկին ու մյուս կատակասերներին։

Ուկրաինացի պատգամավորների կողմից արված կատակը ՌԴ-ում լուրջ մատուցելը կարելի էր մեծ խնդիր չհամարել, եթե չլիներ ռուսական հիմնական հեռուստաալիքների վստահությունը, որ իրենց լսարանը ոչ միայն տեղեկատվության ուրիշ աղբյուր չունի, այլև` այնքան քննադատական մտածողություն, որ անհեթեթ լուրերին չհավատա։

Սա ևս մեկ առիթ է հասկանալու, որ նման ալիքները չպետք է ազատ սփռում ունենան Հայաստանում, և նույնիսկ մալուխային նախնական փաթեթներում չներառվեն, քանի դեռ մեր հեռուստադիտողների զգալի մասը գիտե լեզուն, բայց բավարար չափով մեդիագրագետ չէ, որ ամեն օր զտի օտար հեռուստաընկերությունների լուրերը դրանց խառնված ահռելի քարոզչական ստից, որը հաճախ վերաբերում է նաև Հայաստանին։

Վահրամ Մարտիրոսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?