Ինչպես է թվային միջավայրը փոխել լրագրությունը, ինչ մարտահրավերն են բերում նոր տեխնոլոգիաները, զարգացող ինտերնետն ու անընդհատ փոխակերպվող սոցիալական ցանցերը խմբագրությունների համար:
Թվային միջավայրում մեդիա բովանդակությունը քննարկելու համար մայիսի 28-ին եւ 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Թվապատում միջազգային մեդիա կոնֆերանսը: Նման հարթակ ստեղծելով` կոնֆերանսի կազմակերպիչը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, առաջին հերթին նպատակ ուներ ոգեշնչել մեդիադաշտի ներկայացուցիչներին:
«Դատելով կոնֆերանսի ընթացքում ծավալվող քննարկումներից՝ միջոցառումը կարողացավ ծառայել իր նպատակին: Շատերն այստեղ նոր գաղափարներ գտան, իրենց պատմությունը ներկայացնելու նոր եղանակներ բացահայտեցին»,- նկատեց կոնֆերանսի բանախոսներից Լեսլի Թորնթոնը, ով Արիզոնայի պետական համալսարանի Լրագրության և զանգվածային հաղորդակցության Քրոնքայթի դպրոցի մուլտիմեդիա լրագրության դասախոս է:
«Մի քանիսից լսեցի, որ պարզապես մի փոքր ժամանակ է անհրաժեշտ կոնֆերանսի ընթացքում մտահղացած գաղափարները զարգացնելու ու կյանքի կոչելու համար: Հաջողելու դեպքում դրանք անուղղակիորեն այս կոնֆերանսի արտադրանք կարող ենք համարել, ինչը ոգևորում է մեզ»,- ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը` ավելացնելով, որ մեդիադաշտում իրոք քննարկման համար մեծ նյութ էր կուտակվել:
ԱՄՆ Զարգացման գործակալութան ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիան քաղաքացիների իրազեկված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսին հյուրընկալված միջազգային եւ տեղացի 16 մասնագետները զեկույցների եւ գործնական սեմինարների միջոցով ներկայացրին լրագրողական նոր ձևաչափերը, գործիքները, մեդիա ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման փորձը, տեղեկատվության տարածման նոր հարթակներն ու լսարանի հետ հաղորդակցման ժամանակակից ձևերը։
Մասնագետներից շատերը կարևորեցին, որ Թվապատումը հնարավորություն ընձեռեց միևնույն հարթակում ներկայացնել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մեդիաոլորտի միտումներն ու խնդիրները:
«Փաստորեն, Նյու Յորքում, Ռիգայում ու Երևանում շատերս նույն խնդիրների հետ ենք առնչվում: Մի կողմից` դա ուրախացնում է, քանի որ հայկական լրատվամիջոցները առանձնապես հետ չեն մնացել միջազգային ԶԼՄ-ներից: Մյուս կողմից, սակայն, պետք է հաշվի առնել, որ կա ռեսուրսների ու լսարանի տարբերություն: Ու եթե, օրինակ, Միացյալ Նահանգներում մեդիադաշտը ֆինանսապես ավելի պատրաստված է մարտահրավերներին դիմագրավելու համար, ապա Հայաստանում լուծումներ գտնելն ավելի բարդ է», – կոնֆերանսի ավարտին եզրակացրեց «Ազատություն» ռադիոկայանի կայքի խմբագիր Արթուր Պապյանը:
«Բացահայտեցի, թե ինչքան շատ նմանություններ ու ընդհանրություններ կան Հայաստանի, Թուրքիայի ու Վրաստանի մեդիադաշտում: Օրինակ` չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանում ինտերնետից օգտվողների թիվն ավելանում է, այդուհանդերձ այս երկրներում մարդկանց մեծամասնությունը նորությունների մասին նախընտրում է տեղեկանալ հեռուստատեսությունից», – նշեց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի հանրային կապերի եւ տեղեկատվության դասախոս Սունջեմ Քոչերը, ով կոնֆերանսի ընթացքում պատմում էր միջոցների հայթայթման օնլայն արշավների՝ քրաուդֆանդինգի մասին:
Առհասարակ, մեդիադաշտի ֆինանսական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներն ամենաշատ քննարկվող թեմաներից էին: Առաջարկվող ու հատկապես հաջողության հասած մոդելները մեծ հետաքրքրություն առաջացրին մեդիադաշտի ներկայացուցիչների շրջանում:
«JumpStart Georgia»-ն ներկայացնող Նինո Մաճարաշվիլին Վրաստան վերադառնալուն պես պատրաստվում է գործընկերների հետ նոր գաղափարներով կիսվել.
«Ինձ համար ամենահետաքրքիրն ու օգտակարը հատկապես ֆինանսավորմանը վերաբերող բանախոսություններն ու քննարկումներն էին: Օրինակ` քրաուդֆանդինգի գաղափարը կարող է շատ հարմար լուծում լինել մեր նախագծերից մեկի համար: Չգիտեմ` որքանով արդյունավետ կլինի, բայց առնվազն կարող ենք փորձել: Մեդիան այն ոլորտն է, որտեղ նորամուծությունները միշտ ողջունելի են. երբեք չգիտես` ինչը կաշխատի, ինչը՝ ոչ»:
Հայաստանյան «ՍիվիլՆեթ»-ն ու ռուսաստանյան «Дождь»-ը ներկայացրին ինտերնետային միջավայրում հեռուստաընկերության առավելություններն ու խնդիրները: «ՍիվիլՆեթ»-ի գլխավոր ռեժիսոր Սեդա Գրիգորյանը պատիվ համարեց «Дождь»-ի հետ միևնույն հարթակում ներկայանալը.
«Մեր հեռուստաընկերությունը ստեղծելիս «Дождь»-ը որպես օրինակ էինք դիտարկում: Այսօր մեզ համար շատ կարևոր էր լսել հատկապես վճարովի բովանդակություն ստեղծելու նրանց փորձի մասին: Դա այն է, ինչ «ՍիվիլՆեթը» ներկայում դեռևս զուտ ուսումնասիրության մակարդակով է դիտարկում՝ փորձելով հասկանալ այդ մոդելի կիրառման հնարավորություններն ու նպատակահարմարությունը հայաստանյան միջավայրում»:
Իսկ «Дождь» հեռուստաընկերության ինտերնետային հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինային հայաստանցի գործընկերներին կոչ արեց համարձակ լինել ու պատրաստ լինել փոփոխությունների:
«Ուզում եմ, որ մեր օրինակը նույնպես կիրառելի դառնա Հայաստանում, որ ձեր լսարանը նույնպես պատրաստ լինի վճարել բովանդակության համար: Կարծում եմ, որ ԶԼՄ-ների ապագան պետք է հենց դրա հետ կապել»:
Կիրյուշինային հաճելիորեն զարմացրել էր այն փաստը, որ Հայաստանում իրենց հեռուստաընկերության մասին ոչ միայն գիտեն, այլ նաև սիրում ու դիտում են: Լսարանի ակտիվությունն ու հետաքրքրվածությունը հրավիրված բանախոսներից շատերն էին նկատել:
«Կոնֆերանսի ընթացքում շատ հետաքրքիր հարցեր էին հնչում: Ակնհայտ էր, որ քննարկումները հետաքրքիր էին բոլորին՝ թե՛ մեզ՝ որպես մեդիաբովանդակության ստեղծողների, թե՛ լսարանին», – նշեց լատվիական Meduza.io կայքի նոր ժանրերի ու հատուկ նախագծերի պատասխանատու Ալեքսանդր Պոլիվանովը:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, ողջունելով մեդիադաշտում նորարարությունների կիրառումը, միևնույն ժամանակ կոչ արեց չմոռանալ ամենակարևորի մասին.
«Պատմությունը շատ ավելի կարևոր է, քան դրա մատուցման ձևը: Ուզում եմ, որ հիշենք դրա մասին, ու նոր գործիքներ կիրառելով` չմոռանանք՝ ինչի մասին է պատմությունը»:
Նախաձեռնողները հույս ունեն, որ Թվապատումը ամենամյա միջոցառում կդառնա. մեկ տարվա ընթացքում բովանդակության մասին խոսակցությունների ու քննարկումների նյութ Հայաստանում, իհարկե, կհավաքվի:
Սոնա Քոչարյան
Լուսանկարները` Ջուլիետ Մարտիրոսյանի և Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: