Մեր դիմադրողականության բաղադրատոմսը

18.11.2011, Քննադատ

Լրագրող, աշխատում է «Ա1+»-ում:

Առաջին լրատվականի» թղթակիցն ԱԳՆ-ում ինձ ծաղրում էր հետեւյալ բառերով. «Փորձում եմ «Հայլուրի» քո նյութերի մեջ մարդ գտնել»:

Նա ակնարկում էր իմ նախորդ հոդվածում գրված այն միտքը, որ մեր հեռուստաընկերություններում մարդը բացակայում է: «Առաջին լրատվականի» թղթակիցն ուզում էր ասել, որ իմ ռեպորտաժներում նույնպես, որոնք ընդհուպ վերջերս եթեր են հեռարձակվել «Հայլուր»-ով, մարդ չկար:  Իսկ հետաքրքիր է՝ ես ինչի՞ մասին էի գրել: Հենց այդ մասին, որ, զորօրինակ, «Հայլուրի» (այժմ «Առաջին լրատվական») նյութերում մարդը չկա, եւ այդ պատճառով կարելի է մեծ բավականությամբ ռեպորտաժներ սարքել ադրբեջանցիների դիակների վրա:

Կարելի է կանգնել Ղարաբաղի դիրքերում սպանված ադրբեջանցու դիակի գլխավերեւում եւ խոսել նրան սպանած քաջարի հայ զինվորի մասին: Խոսեցինք: Հետո՞: Մարդը միայն հայ զինվորներ սպանած ադրբեջանցու հաշիվները մաքրած հայ զինծառայողը չէ, մարդը լրագրողը չէ, որն այդ ռեպորտաժով փորձում է բարձրացնել բանակի մարտական ոգին: Մարդն ամենուր է, ավելի հաճախ՝ զորամասերից եւ դիրքերից հեռու: Եվ ամենուր ինքն իր բանակի մարտական ոգին է, եթե նրա հետ ազնիվ ես:

Հեռուստալրագրողն ինքն իրենով իմաստ չունի, ցանկացած մարդ, նույնիսկ հեռուստացույց չունեցող մարդը, հեռուստալրագրողի բովանդակային կանխավարկածն է, կա այդ մարդը, իմաստ ունի հեռուստալրագրությունը, չկա այդ մարդը, իմաստ չունի:

Իսկ գիտե՞ք ինչ է նշանակում մարդը հեռուստալուրի մեջ: Դա նշանակում է բացառել լուրի քաղաքական տողատակը, հերոսի մեջ չտեսնել քաղաքական ինստիտուտ. նա ինչ-որ մեկի որդին է կամ դուստրը, մայրը կամ հայրը: Ահա ինչու միայն «Երկիր Մեդիայի» հեռուստալրագրողը կարող է պեղել այն ուսանողին, որը կասի, որ իր իդեալը Առաջին Հանրապետության ՆԳ նախարար Արամ Մանուկյանն է: Եվ ի՞նչ: Երիտասարդը նու՞յնպես ուզում է հեռանալ բծավոր տիֆից:

Լրագրողն իր քաղաքական պատվերով այս երիտասարդից դուրս է մղել ժամանակակցին, նա հանգիստ է թողել իր հերոսին նրա քաղաքական իդեալն իմանալուց հետո: Հասկանու՞մ եք, մարդը գլխիվայր շուռ է տված, նա նույնիսկ ադրբեջանցու դիակ չէ, որ վրան հերոսաբար ծիծաղես, մեծ մասը չգիտի՝ ում հետ եւ ինչի համար գործ ունի:

Հ1-ի «Հարցազրույցի» վարողն իր հրեա հյուրին հարցնում է՝ տեղյա՞կ է վերջինս, որ Հայաստանում հայտնաբերել են 13-14 դարերի հրեական գերեզմանատուն: Ու շարունակում է՝ գործող գերեզմանատուն: Հյուրը կոռեկտ մարդ էր, չհարցրեց՝ ինչպե՞ս է հայերին հաջողվել հայտնաբերել գործող գերեզմանատուն, որտեղ վերջին հուղարկավորությունը եղել է 14-րդ դարում:

Այստեղ խնդիր կա: Իսկ խնդիրն այն է, որ մարդ չգիտի՝ ի՞նչ հարց են լուծում այնտեղ՝ մեդիա ոլորտներում, խաղի ի՞նչ կանոններով են խաղում հեռուստալրագրողները, ավելի ճիշտ՝ հեռուստալուրի քաղաքականություն մշակողները, ո՞րն է հեռուստալրատվության նրանց «իդեալը»:

Ինչպե՞ս է մարդու մտքով անցնում եթերում բեմականացնել զինվոր-սպա հարաբերությունները, ինչ է թե բանակում ավելի հաճախ են մարդ սպանում, ինչպե՞ս կարելի է նայել քեզ ենթակա լրագրողի աչքերի մեջ եւ ասել՝ էն օրը քայլում էի Հյուսիսային պողոտայով, էնքան դուր եկավ, մի հատ նյութ կանե՞ս: Որտե՞ղ է մարդը:

«Տեսանկյունի» հեղինակը վերծանում է օլիգարխների պոտենցիալ արցունքները «Շքեղության հարկի» կիրառումից հետո: Մարդ են, խոսք չկա: Եվ արցունքներ վերծանող լրագրողն էլ է մարդ, որն ասում է. «Փոքր խումբն ամեն ինչ անում է կառավարության նախաձեռնությունը վիժեցնելու համար»:

Նախ՝ քեզ ինչ, այդ փոքր խումբը, այսինքն՝ օլիգարխները, նույնպես քեզ ֆինանսավորողն են, նրանք հարկատու են, երկրորդ` ու՞մ մասին է խոսքը, ու՞ր է շքեղների փոքրիկ խումբը եթերում, երրորդ` միգուցե խոսեիր այն մասին, թե ընդհանրապես ի՞նչ գործ ունի օլիգարխիան իսկապես ժողովրդավարական երկրում, չորրորդ` մեծ խմբերը պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը եւ ի վիճակի չեն հասնել իրենց ուզածին, եւ ոչ էլ ի վիճակի են վիժեցնել կառավարության որեւէ դավադրություն, հինգերորդ` վիժեցման ի՞նչ օրինակ գիտես, որի մասին լռում ես իբրեւ լրագրող:

Դու օրինակն ասա, մենք մարդուն տեղը կբերենք: Ասպարեզ բեր մարդուն, նախադասությունդ վիրտուալ է: Երբ հանցագործի մասին ես պատմում, մանրամասնում ես հանցանքը, մենք տեսնում ենք մարդուն, որն ընկել է (բոլոր հեռուստալուրերը նոյեմբերի 17-ին ազդարարում էին՝ Ֆեմիդան պատժեց մանկապղծության մեջ մեղադրվողին):

Ընկածին վերծանելու որոշ լիազորություններ մենք վերցնում ենք մեզ վրա, որովհետեւ փաստը նախ եւ առաջ դիմադրողականություն (իմունիտետ) է ապահովում, որովհետեւ մարդն ամեն ինչի մեջ ճանաչում է իր դիմադրողականության բաղադրատոմսը: Հեռուստատեսությունը բացառություն չէ, նույնիսկ սերիալներն այս բաղադրատոմսի էլեմենտներն են, ոմանք այնտեղ գտնում են իրենց սպառնացող մի բան, որը չէին էլ կանխատեսել:

Ընդունենք, որ դա հնարավոր է: Իսկ հեռուստանորություններում հայ հեռուստադիտողի դիմադրողականության բաղադրատոմսը միջազգային լուրերում է՝ Բանգկոկն անցնում է ջրի տակ, Թուրքիայի Վան քաղաքի երկրաշարժի զոհերի թիվը անցնում է 500-ը, Ադրբեջանում մահակներով ցրել են երիտասարդ ընդդիմադիրների հավաքը:

Ժողովուրդ, Հայաստանը դեմոգրաֆիկ անորոշության առջեւ է կանգնած, ֆրանսիացիներն են ասում: Կառավարությունը բյուջեով ապագա ոչ մի նորածնի հարց չի լուծել, ոչ մի աշխատող օրգանիզմի լավատեսություն չի ներշնչել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսում էր այդ մասին նոյեմբերի 17-ին: Որտե՞ղ էին հեռուստաընկերությունները:

Այստեղ նույնիսկ գործող վարչապետին են զրկում իր դիմադրողականության բաղադրատոմսից՝ ուրիշ ումի՞ց նա իմանա, որ անսթափ մարդամեջ դուրս չեն գալիս, Ֆեյսբուքի՞ց, որտեղ երբեմն ոչ նորմատիվային բառեր են հնչում: Կարող է, իհարկե, կայքերից իմանալ, բայց հակառակի պես ամենահեղինակավոր երկու լրատվական կայքերը (ըստ Circle-ի) անսթափության լուրը տեղադրեցին միայն վարչապետի հերքումից հետո: Ու վերջ:

Ի դեպ, նույնն արեցին հեռուստաընկերությունները առանց երկրի երրորդ դեմքի անսթափության ապացույցների, սոսկ անձայն կադրերով: Անսթափ մարդը, եթե նույնիսկ նա վարչապետն է, անշուշտ ծիծաղի առարկա չպետք է լինի, բայց ո՞վ ասաց, որ կարելի է հեռուստառեպորտաժ պատրաստել Երեւանյան լճի մոտ կանգնած մարմնավաճառների կամ մեր բնակարաններ ներխուժող «Եհովայի վկաների» մասին, իսկ անսթափ բարձրաստիճան անձին պետք է աչքաթող անել:

Չէ որ նա գրոհել է մեր աչքերի եւ ականջների վրա, անսթափ վիճակում նա ամենասպասված մարդը չէ մեր բնակարաններում: Բայց ռեպորտաժ պատրաստելով դուք կսնեիք մեր դիմադրողականությունը, միգուցե մենք մտածում էինք, որ վարչապետը կոնծել է գլխին կուտակված խնդիրների պատճառով, մարդը միգուցե չի դիմացել ծանրությանը:

Ի վերջո ի՞նչ է փաստը. տեղեկանալ մարտահրավերներին, որոնք մեզ օգնում են չլինել եսակենտրոն: Երբ ոչինչ չի կատարվում, դիցուք պաշտոնյան դառնում է եսակենտրոն:

Ի դեպ, գիտե՞ք՝ ինչ է խոստովանել Ռոբերտ Քոչարյանի մտերիմ պաշտոնյաներից մեկը: Նա ասել է. «Վերջին մեկուկես տարում մենք կորցրել էինք իրականության հետ կապը»: Ինչո՞վ ավարտվեց այդ անկապությունը՝ մարտի 1-ով:

Այնպես որ այս պահի դրությամբ ոչ մի ազատ եւ արդար ընտրությունների մի սպասեք:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?