2012.03.19,

Քննադատ

Հեռուստատեսային հայրենիք

3 տարի առաջ Ռուսաստանի Անապա քաղաք տեղափոխված ծանոթս մի քանի օր առաջ ասում էր. «Երկրից գնացել ենք, որովհետեւ այստեղ վատ է, չէ՞: Բայց «Առաջին լրատվական» (ինքը «Հայլուր» է ասում-Մ.Ա.) հաճույքով ենք նայում: Գիտենք, որ վատ է վիճակը այստեղ, գիտենք, որ խաբում են, բայց իրենց ցույց տվածի տակ հեշտ է երազելը, որ լավ կլինի»:

Մոսկվա տեղափոխված ընկերս  ասում է. «Հայաստանի մասին մեր իմացածը միայն տեղեկություններն են, որ ստանում ենք մեր հարազատներից, բայց մեր աչքը իրականությունը չի կարող տեսնել, մենք տեսնում ենք այն, ինչ ցուցադրում է «Առաջին լրատվականը» (ինքն էլ է «Հայլուր» ասում-Մ.Ա.): Ու մի տեսակ հավատ ունենք Հայաստանի իշխանությունների հանդեպ»:

Հայտնի է, որ երկիրը մթնեցնող գույները բացակայում են նաեւ արբանյակային հեռարձակում ունեցող «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններում:

 «Ամենակարեւորն ինձ համար մարդկանց փրկելն է»,- «Հորիզոնի» եթերում ասում է նախարարից մեդալ ստացած փրկարարը: «Windows-ը հայաֆիկացվում է», «Ինչի՞ դեմ են բողոքում ադրբեջանցիները», «Պայթուցիկ սարքի ահազանգ հոգեբուժարանում»: Սրանք բոլոր հեռուստաընկերությունների մարտի 16-ի տեղեկություններն են տարբեր հերթականությամբ:

Այստեղ րագրող աշխատած ընկերներիցս մեկը Լեհաստանում է: Խոսում ենք Facebook-ով: Ինձ հարցնում է. «Ի՞նչ եք ուզում Սերժ Սարգսյանից, թողեք թող աշխատի»: Ընկերս հեռացել է, երբ դեռ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Մարտի 1-ն էլ չէր եղել: Մոտ մեկ տարի ազատ լրագրողի կարգավիճակով քննադատեց երկրի ձախողումները ու հեռացավ:

Նույնիսկ պարսկահայ ծանոթս է ասում. «Էն օրը «Առաջին լրատվականով» (կրկին «Հայլուր» է ասում-Մ.Ա.) ասեցին, որ Պուտինն ու Ամերիկան պաշտպանում են Սերժ Սարգսյանին»: «Ի՞նչ եք ուզում՝ պատերա՞զմ»,- շարունակում է Հայաստան տեղափոխված ծանոթս՝ նկատի ունենալով մեր իշխանությունների մասին լրագրողների մի հատվածի սուր քննադատական հոդվածները:

Անձամբ ես «Առաջին լրատվականով» այդպիսի անհեթեթություն չեմ հիշում, շնորհավորանքներ հիշում եմ, երախտիքի խոսքեր հիշում եմ, Բորդյուժա հիշում եմ, խոշոր զորավարժությունների «սպառնալիք» հիշում եմ, Անդերս ֆոգ Ռասմուսեն հիշում եմ, «էս երկիրը երկիր ա» հիշում եմ, բայց նման բան չեմ հիշում:

Թեմա է: Ինչու՞ հեռուստասուտը չի տագնապեցնում սփյուռքին, մասնավորապես՝ վերջին 20 տարիներին Հայաստանից հեռացած հային: Ըստ իս, պատճառն այն է, որ մենք՝ Հայաստանում մնացածներս, real time ստի ու հոգի տագնապեցնող անօրինականությունների մեջ ենք, մենք ամեն օր ծանրութեթեւ ենք անում այդ սուտը, որ հնչում է հեռուստաընկերություններով: Մեր տեսածն ու լսածը տարբեր իրականություններ են:

Հեռուստաընկերություններն այս դժվարամարս Հայաստանից սփյուռքահայի համար կերտում են fast food Հայրենիք: Ընդ որում` ամեն օր չէ, որ լուրերով ձեւախեղվում է իրականությունը: Եվ խորամանկությունը հենց այստեղ է՝ հաճախ իրականությունը եւ լուրը իրար հետ կապ չունեն: Ասենք` Վանաձորում մեկ օրում երկու հոգի ինքնասպանություն են գործում, իսկ դու լուրերով առավելագույնը կարող ես լսել Ավանի հոգեբուժարանում տեղադրված ռումբի կեղծ սպառնալիքի մասին:

Սփյուռքի հայերը հիշում են այն, ինչ տեսել են մինչեւ հեռանալը: Նրանք այդ սուտը կարող են համեմատել լավագույն դեպքում 3 տարի առաջ տեսածի հետ: Այսօր լեզվից եւ հիշողություններից հեռու` նրանք չեն կարող սակարկել այն, ինչ մատուցվում է:

Ժամանակի ընթացքում նրանց լսածը դադարում է լինել Հայաստանի այլ իրականությունը, այն դառնում է ամբողջ իրականությունը Հայաստանի մասին: Նույնիսկ համացանցային տեքստերը չեն կարող ստվերել հեռուստաընկերությամբ ասվածը, քանի որ մարդն այլեւս պատրաստ չէ առերեսվել Հայրենիքը մթնեցնող գույներին:

Վերջին տարիներին հեռացած սփյուռքահայն ապրում է մխիթարություններով, «Հայլուրը» (մենք էլ այդպես ասենք) սնում է նրա հույսը, որ Հայրենիքում ամեն ինչ լավ է, եւ միայն հոգեկան հիվանդը կարող է սպառնալ հոգեբուժարանին (այս մասին տեղեկանում ենք «Հորիզոն»-ով):

«Հայլուրը», «Հորիզոնը» կամ «Ժամը» սփյուռքի աշխուժության գեներատորն են: Հինգ տարի հետո սփյուռքահայի հիշողության մեջ կմնա հեռուստատեսային Հայրենիքը: Դիցուք, մարտի 16-ի մեր առաջատար լրատվամիջոցներն իմ վրա այլ տպավորություն են թողնում. բոլոր դեմքերը, որոնք երեւում են լրատվական ծրագրերում, խնամված են:

Մարտի 16-ի «Առաջին լրատվականի» հիմնական թողարկման մեջ չխնամված դեմք չեք տեսնի, fashion tv է , ոչ թե, ասենք, «Առաջին լրատվական»: Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, «Հայլուրի» եւ հայ հեռուստադիտողի ինչի՞ն է պետք իմանալը, որ մեր ոստիկանները մարզվում են: Իսկ ի՞նչ էին անում մինչեւ հիմա:

 Այս մանրուքները նոր սփյուռքահային հազիվ թե անհանգստացնեն: Նրանք հեռացել են Հայաստանից, բայց այնտեղ վերագտել են 29 հազար քառակուսի կիլոմետրանոց մի Հայրենիք, որը ճիշտ եւ ճիշտ այստեղ մնացածների Հայաստանի չափ է:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *