2016.04.20,

Քննադատ

Սելֆի էլ կա, սելֆի էլ…

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

Խոստովանում եմ՝ երևանյան հեռուստաաշխատակիցներին առաջին անգամ տեսնելով Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում՝ թերահավատորեն քմծիծաղեցի։ Հյուսիսային ուղղության դիրքերից վերադառնալով՝ ես ոտքից գլուխ «օծված» էի խրամատային կեղտուփոշով և, նայելով ուղիղ եթեր վարող հեռուստահաղորդավարների ճերմակաթույր վերնաշապիկներին, լրագրության բնագավառի Ռեմբո էի ինձ զգում։

Թերահավատությունս անցավ երկրորդ օրը, երբ պայմանավորվեցինք հանդիպել «Ռ-Էվոլյուցիա»-ի հեռուստամեկնաբանի հետ՝ հաղորդման տեսագրությունից հետո։ Չդիմացա, քնեցի։ Հեռուստաաշխատողները վերադարձան հյուրանոց գիշերվա ժամը երեքից հետո և արթնացրին ինձ. բազկաթոռին նստած էի քնել, ուղարկեցին հյուրանոցի սենյակ՝ քնելու։

Սաթիկ Սեյրանյանը՝ ստեփանակերտցի երեխաների հետ«Երեխեքը լրջորեն աշխատում են»,- քնատ գլխովս նման միտք անցավ։ Ի դեպ, նրանք պետք է արթնանային առավոտյան ժամը 7-ին, որ հասցնեին նախաճաշել ու նախապատրաստվել ուղիղ եթերի։

Հաջորդ օրվա ընթացքում համառորեն հարցուփորձ էի անում ղարաբաղցիներին, թե ինչպես են վերաբերվում երևանյան հեռուստաալիքների ստեփանակերտյան հաղորդումներին։ Մտքովս անգամ չէր անցնում, որ հաղորդումները նկարահանվում էին ոչ միայն հյուրանոցի սրճարանում, այլև թե՛ խրամատներում, թե՛ առաջնագծում։ Հասարակ մարդկանց վերաբերմունքը ստիպեց ինձ ամաչել հեռուստաաշխատողների նկատմամբ սկզբնական թերահավատ վերաբերմունքիս համար։

Ամսի ութին՝ մեկնելու օրը, սրճարանում նստած սպասում էինք, թե երբ է տեխնիկական անձնակազմը հավաքելու սարքավորումները, որպեսզի վերադառնանք Երևան։

Հրանտ Թոխատյանը՝ ՍտեփանակերտումՄեր շուրջը խմբերով երեխաներ էին հավաքվել։ Հիմնականում 12-14 տարեկան աղջնակներ էին։ Բոլորի ձեռքին սմարթֆոններ կային։ Բազմաթիվ դիվայսները նկատեցի ավելի ուշ, երբ նրանցից մեկը մոտեցավ ինձ և խնդրեց հարցնել Գայանե Ասլամազյանին՝ կլուսանկարվի՞ իր հետ։ Գայանեն ժպիտով համաձայնեց։

Այստեղ կատարվեց աներևակայելին։ Երեխաները, իսկ նրանք մոտավորապես 50 հոգի էին, սկսեցին հերթով լուսանկարվել բոլոր ներկա հեռուստամեկնաբանների հետ։ Արսեն Գրիգորյանը, Գայանե Ասլամազյանը, Հրանտ Թոխատյանը չէին հասցնում ժպիտ պարգևել իրենց ուղղված օբյեկտիվներին։

Գայանե Ասլամազյանը՝ ՍտեփանակերտումԺամանակ առ ժամանակ ես հարցնում էի երեխաներին. «Իսկ որտեղի՞ց գիտեք նրան։ Ախր քաղաքական հաղորդում է վարում»։ Ի պատասխան լսում էի. «Մենք նրա ոչ մի հաղորդում բաց չենք թողնում»։

Խոստովանում եմ` այս տարիների ընթացքում այդ հաղորդումը եթե նայել եմ, միշտ կիսատ եմ թողել։ Կեսից քնել եմ էկրանի առաջ։ Չեմ սիրում քաղաքական գործիչներին։

Գայանե Ասլամազյանը և Արսեն Գրիգորյանը՝ ստեփանակերտցի երեխաների հետՍելֆիները, որոնք չորսօրյա պատերազմի ընթացքում հասցրին անել քաղաքական գործիչներն ու օլիգարխները, ձանձրացնելու աստիճան լցված են ցանցերում և մամուլում։ Նրանց չի հեգնել միայն անհուսալի ալարկոտը։

Բայց այս սելֆիները, որոնց վկան դարձա ես, շատ թանկ դարձան ինձ համար։ Ախր պատերազմը միայն առաջնագիծը, խրամատը և մարտերը չեն։ Այդ պատերազմը ներխուժել է այս երեխաների կյանք։ Եվ մեր հեռուստաաշխատողներն արեցին ամեն ինչ, որ այդ երեխաները ժպտան։ Իսկ սա ամենակարևորն է։ Սա կարևոր է նաև այս երեխաների հայրերի համար, որոնք մարտնչում են հանուն իրենց երեխաների ժպիտների։

Գերման Ավագյան
Լուսանկարները՝ Գերման Ավագյանի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *