Նեղանալ չկա. Ձայն «աստծո», ձայն բազմաց

16.02.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Փետրվարի 12-ին Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստին ընդարձակ ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ, հաջորդ օրը՝ 13-ին Ծառուկյանը նրան պատասխանեց։

Հեռուստատեսային առաջին անդրադարձները փողոցի հարցումներն էին։ «Առաջին ալիք»-ը, «Արմենիա»-ն եւ «Կենտրոն»-ը լրատվական թողարկումների ծավալուն բաժիններ նվիրեցին vox populi-ին՝ ժողովրդի ձայնին։ Այսինքն՝ այ հիմա ուշք դրեք ու իմացեք, քանզի «ձայն բազմաց, ձայն Աստծո»։

Ինչպես եւ սպասելի էր, «Առաջին ալիք»-ի ու «Արմենիա»-ի եթերում հայտնված «բազմաց ձայնը» փնովում էր Ծառուկյանին, գովում Սարգսյանին, իսկ «Կենտրոնինը»՝ հակառակը։

Ինչն էր անակնկալ. 3 ալիքներում չգտնվեց գոնե մի հոգի, որի կարծիքը տարբերվեր ընդհանուրից։ Կարծես նկարահանումն անցկացված լիներ թշնամի երկրներում։

Բայց քանի որ Հայաստանը մեկ երկիր է, ժողովուրդն էլ դեռ ըստ քաղաքական համակրանքների չի բնակվում, ակնհայտ դարձավ, որ ինչ հրահանգել էր վերեւից ղեկավարությունը՝ «աստված», դա էլ դարձել էր «ձայն բազմաց»։

Հետաքրքիր է, որ բուն փողոցի հարցումները, որպես լուսաբանման եղանակ, նույնպես խոսակցության նյութ դարձան հեռուստաեթերում, Արտակ Ալեքսանյանի անդրադարձով.

«Բայց այս գործընթացի արանքում նորից առաջ բերվեց երեւույթ, որն արխաիկ է՝ հնաոճ, շինծու։ Դա սեփական ուժի հանդեպ համակրանք ունեցող ալիքների փողոցային հարցումներն էին նախագահի ելույթի կամ Ծառուկյանի մասին… Որովհետեւ նույն հարցի մասին կարելի է ստանալ արմատապես այլ կարծիք։ Համոզվեք ինքներդ»
(«Կիրակնօրյա ժամը», «Արմենիա», 15.02.14, 15:07 րոպե)

Եվ նրա խոսքին հետեւեցին… փողոցի հարցումներ, որոնցում անցորդները շուրջ 3 րոպե վատաբանում էին Գագիկ Ծառուկյանին։ Այսինքն՝ Արտակ Ալեքսանյանն ուզում էր համոզել հեռուստադիտողին, որ իրե՞նք էլ կարող են «սեփական ուժի հանդեպ համակրանքն» այդ ձեւով արտահայտել։ Բայց նույն ալիքը՝ «Արմենիա»-ն, դա արդեն արել էր 2 օր առաջ, Արտակը տեղյակ չէ՞ր դրանից։

Թեեւ… մի պահ պատկերացնենք, որ տեղյակ չէր. եթե փողոցի հարցումը «նախորդ դարի տեխնոլոգիա է, սխալ մեթոդոլոգիա… խիստ սուբյեկտիվ», ինչու՞ չէր կարելի դրական օրինակը հակադրել vox populi-ին։

Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշել, որ «Կիրակնօրյա ժամի» ու ուրբաթօրյա «Ժամի» կողմից հարցվածների միջեւ տարբերություններ կային. կանայք ավելի նոր հագուստներով էին, իսկ տղամարդիկ՝ ավելի սափրված, իսկ Ցեղասպանության 100-ամյակի եւ ներքաղաքական հակամարտության անհամատեղելիության մասին մի քանի հոգու խոսքի առկայությունը հուշում էր, որ անցորդները նրբորեն ուղղորդվել էին լրագրողների կողմից։

«Կիրակնօրյա ժամը» Սերժ Սարգսյանի ելույթին նվիրեց շուրջ 15 րոպե, Ծառուկյանի ելույթին՝ 0։ Պետք է ենթադրել, որ դա ներկա´ «դարի տեխնոլոգիա է», ճիշտ մեթոդոլոգիա… խիստ օբյեկտիվ։

Սարգսյանի եւ Ծառուկյանի ելույթների տրամադրված ժամանակի նույն հարաբերակցությունն էր նաեւ «Կիրակնօրյա հորիզոն»-ում (վարող՝ Արամ Աբրահամյան, «Շանթ»)։ Իսկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական. Կիրակնօրյա»-ն (վարող՝ Գեւորգ Ալթունյան), մանրամասն ներկայացնելով ՀՀԿ խորհրդի նիստը, Ծառուկյանի վերջին ելույթը քննարկեց միայն հեռարձակելիության ենթակա լինելու-չլինելու տեսանկյունից։

Փետրվարի 13-ի թեժ օրը, երբ արդեն հանրությունը տեղյակ էր թե՛ Սարգսյանի, թե՛ Ծառուկյանի ելույթների մասին, Սարգսյանին համակրող հեռուստաընկերություններից Ծառուկյանի խոսքից մեջբերումներ են արել «հ2»-ի եւ «Ար»-ի լուրերը։ Հույս ունեմ՝ գրածս պատճառ չի դառնա, որ «աստված» նրանց պատժի։

Մի կողմից՝ տխուր է, որ նույնիսկ հանուն արդարության ու ճշմարտության պայքար ազդարարելու պահին քաղաքական ուժերը (իրենց վերահսկողության տակ գտնվող TV-ներից դատելով) կարծիքների բազմազանություն չեն հանդուրժում, մյուս կողմից՝ դա մղում է հեռուստադիտողին՝ թոթափվելու անաչառության վերջին պատրանքներից եւ քննադատական մտածողությանն ապավինել՝ թացը չորից ջոկելու համար։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?