Մի քանի անվտանգ մեսենջեր` ձեր գրպանում

12.09.2018, Նյուսրում

Լրագրող

Հաքերներից և գաղտնալսումներից պաշտպանվելու համար ակնթարթային հաղորդակցության ո՞ր միջոցից պետք է օգտվել:

  1. Մեսենջերից:
  2. Հեռախոսազրույցից:
  3. Կարճ հաղորդագրությունից:

Ճիշտ պատասխանն է մեսենջերը:

«Փորձը ցույց է տալիս, որ հեռախոսային զրույցները, sms կարճ հաղորդագրությունները անվտանգ չեն: Դրանք հնարավոր է գաղտնալսել: Հետևաբար անվտանգության որոշակի շերտ ապահովելու համար` պետք է օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են, օրինակ Signal, Telegram, Skype, Whatsapp, նույնիսկ Facebook messenger, եթե օգտվում եք դրա գաղտնի զրույց ծառայությունից»:

Սա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած «Ցանցառ» օնլայն կրթական խաղի` տվյալների և հաշիվների պաշտպանության մասին հարցերից մեկն է: Խաղը սովորեցնում է, թե ինչպես պաշտպանել անձնական և այլ տվյալները` լինեն դրանք հաղորդագրություններ, զանգեր, նամակներ թե հարցազրույցներ և կարևոր փաստաթղթեր:
 

Մեսենջերները ընկերների, ընտանիքի անդամների և գործընկերների հետ հաղորդակցվելու ամենահարմար և արագ միջոցներից են: Սակայն որպեսզի ձեր զրույցը մնա անձնական (և հանրության կամ պետության սեփականությունը չդառնա), հարկավոր է օգտվել անվտանգ ծառայություններից: Դրանք այն ծառայություններն են, որոնք առաջարկում են վերջնակետային կոդավորում (end-to-end encryption):

Վերջնակետային կոդավորում ապահովող ծառայությունը ձեր զրույցի կրկնօրինակը չի պահպանում իր սերվերներում: Կոդավորումը նաև նշանակում է, որ եթե որևէ մեկը կոտրի մեսենջերի սերվերները կամ չպաշտպանված հանրային Wi-Fi կապից օգտվելիս ներխուժի ձեր զրույց, դարձյալ չի կարողանա կարդալ/լսել ձեր զրույցի/հաղորդագրության բովանդակությունը: Այլ կերպ ասած` որևէ երրորդ անձ` լինի դա հավելված մշակողը, հաքեր կամ հատուկ ծառայություն, հասանելիություն չի ունենա ձեր զրույցի բովանդակությանը: Դրանից տեղյակ կլինեք միայն դուք և այն անձը, ում հետ հաղորդակցվում եք:

Այնպես որ, եթե ձեզ համար տվյալների գաղտնիությունը կարևորություն ունի, նախընտրելի է օգտվել անվտանգ ծառայություններից:

Ներկայացնում ենք մի քանի ծառայություն, որոնք վերջնակետային կոդավորում ունեն և ձեր հաղորդակցությունը կարող են պահպանել անվտանգ և գաղտնի:
 

Signal

Signal-ը ակնթարթային հաղորդակցության ամենահայտնի անվտանգ հարթակներից մեկն է: Այն օգտագործում է հաղորդակարգ (մշակվել է հենց հավելվածի ստեղծողների կողմից` Open Whisper System), որը փորձագետները համարում են վերջնակետային կոդավորման «ոսկե ստանդարտ»: Նույնիսկ Էդվարդ Սնոուդենն է խորհուրդ տալիս օգտագործել այն: Signal-ն ունի բաց կոդ, ինչը նշանակում է, որ մասնագետները կարող են կոդն ուսումնասիրել և գտնել անվտանգության ցանկացած թերությունը:

Signal-ը թույլ է տալիս անվտանգ զանգեր կատարել և տեքստեր գրել, նաև ինքնաոչնչացվող հաղորդագրություններ ուղարկել, որոնք որոշակի ժամանակից հետո կանհետանան:

Հավելվածը հասանելի է iOS-ի և Անդրոիդի համար: Անվճար է:

 

Telegram

Telegram-ը նույնքան հարգված է, որքան Signal-ը, թեև այն բաց կոդ չունի:
Այն թույլ է տալիս վերջնակետային կոդավորմամբ հաղորդագրություններ ուղարկել, որոնք որոշ ժամանակ անց կանհետանան: Սակայն հաղորդագրությունները կոդավորելու համար հավելվածում անհրաժեշտ է ակտիվացնել «գաղտնի զրույց» ֆունկցիան: Այդ ֆունկցիան ակտիվացնելիս հաղորդագրությունները կինքնաոչնչացվեն բոլոր սարքերից: Դուք կարող եք նաև կոնկրետ ժամանակահատված նշել, թե երբ կուզենաք ձեր հաղորդագրությունները ոչնչացվեն:

Իրանում, Ռուսաստանում ու Չինաստանում այս հավելվածն արգելափակված է: Մտածեք, թե ինչու:

Հավելվածը հասանելի է iOS-ի և Անդրոիդի համար: Անվճար է:

 

WhatsApp

Ամենայն հավանականությամբ, դուք ոչ միայն գիտեք WhatsApp-ի մասին, այլև արդեն օգտագործում եք այն: Այս ծառայությունը 2016-ից նույնպես առաջարկում է վերջնակետային կոդավորում: Ի դեպ, այն օգտագործում է հենց Signal-ի հաղորդակարգը:

Հավելվածի դրական կողմն այն է, որ բոլոր հաղորդագրությունները լռելյալն կոդավորված են, դուք հավելյալ ֆունկցիա ակտիվացնելու կարիք չունեք: Բացասականն այն է, որ այն պատկանում է Ֆեյսբուքին, որը տվյալների հավաքագրման վատ համբավ ունի: Անցյալ տարի WhatsApp-ի ծառայության մատուցման պայմանները փոխվեցին, որով սոցիալական ցանցը հասանելիություն ստացավ մեսենջերի օգտատերերի հեռախոսահամարներին:

Մի քանի ամիս առաջ էլ մեսենջերի համահիմնադիր Յան Կումը լքեց WhatsApp-ը` անվտանգության չափանիշների հետ կապված անհամաձայնության պատճառով:

Հավելվածը հասանելի է iOS-ի և Անդրոիդ համար և անվճար է:

 

Silence

Silence-ը ակնթարթային հաղորդակցության ծառայություն է, որն իր առաջնային նպատակն է համարում անվտանգության ապահովումը: Այս ծառայությունից օգտվելու համար Wi-Fi-ի կարիք չկա: Այն աշխատում է որպես սովորական sms հավելված` առանց ինտերնետային կապի անհրաժեշտության:

Silence-ն օգտագործում է Signal-ի նույն բաց կոդը, ինչը թույլ է տալիս մասնագետներին ստուգել դրա խոցելիությունն ու թերությունները:

Այս ծառայությունից օգտվելիս հնարավոր չէ սքրինշոթ անել, ինչը անվտանգության հավելյալ երաշխիք է տալիս:

Հավելվածը հասանելի է Անդրոիդի համար և անվճար է:

 

Wickr

Մեկ այլ կոդավորված հավելված, որը ապահովում է հաղորդագրությունների` տեքստի, նկարների, տեսանյութերի և ձայնային հաղորդագրությունների անվտանգությունը: Հավելվածի «shredder» ֆունկցիան թույլ է տալիս ավտոմատ ոչնչացնել հաղորդագրություները: Այս ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ չէ տրամադրել հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստի հասցե:

Wickr-ն անվճար է և որևէ գովազդ չի ցուցադրում: Հավելվածն ունի նաև վճարովի տարբերակ` Wickr Pro ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կոդավորված խմբային զանգեր կատարել:

Հասանելի է iOS-ի և Անդրոիդի համար:
 

Confide

Confide-ը վերջնակետային կոդավորում ապահովող ակնթարթային հաղորդակցության ծառայություն է, որը ստացողի կարդալուց հետո ավտոմատ կերպով ջնջում է բոլոր հաղորդագրությունները: Հավելվածը թույլ չի տալիս նաև սքրինշոթ անել բովանդակությունը:

Confide-ը հայտնի դարձավ քաղաքական շրջանակներում, երբ պարզվեց, որ Սպիտակ տան աշխատակիցները ինֆորմացիա են գաղտնազերծում` լրագրողներին հենց այս հավելվածի միջոցով տեղեկություններ ուղարկելով:

Ժամանակին մասնագետները անվտանգության որոշակի խնդիրներ էին հայտնաբերել հավելվածում, սակայն ծառայության ղեկավարը հավաստիացնում է, որ դրա հետևանքով որևէ օգտատեր չի տուժել:

 

Եթե դուք ակնթարթային հաղորդակցության անվտանգ այլ հավելվածներ գիտեք, պատմեք մեզ այդ մասին մեկնաբանությունների բաժնում:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանություններ

Հրանտ's picture
TOX https://tox.chat/index.html

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?