Գաղջը, վատ մթնոլորտը, «մուտիլովշչիկը», «շպիոնը»

27.10.2016, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Գործարար, ԱԺ պատգամավոր ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին «մուտիլովշչիկ» ու «շպիոն» է անվանել:

Գործարարը պատմելիս է եղել, թե ինչպես է 2000 խանութ կառուցել ու անվճար տրամադրել մարդկանց: Լրագրողն ասել է, որ խանութները մարդիկ են կառուցել: Ծառուկյանն էլ զայրացել է:

«Չէ, տղա ջան, ես եմ կառուցել, դու շատ սխալ ես ասում. ով որ քեզ հենց տենց պատրաստված ուղարկել ա ստեղ, ամոթ քեզ… Տղա ջան, մարդը իրա համար իրա ռեմոնտը կատարել ա… Դու մուտիլովշչիկ ես… Դու էս… Դրա համար քո երեսից, եթե էսօր ժողովրդի 90%-ը տոկոսների տակ ա, հենց քո պատրաստած, քո ուղարկողն ա… Ես քո հարցին չեմ պատասխանում, որովհետև դու պատրաստված շպիոն ես, որ եկել ես ստեղ…»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Ըստ Ծառուկյանի՝ ստացվում է, որ լրագրողների աշխատանքի մեղքով է, որ Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում:

Բացասական երևույթների համար լրագրողներին մեղադրելը Հայաստանում սովորություն է դառնում: Այս ամիս էր, որ Ռումինիայի հավաքականին Երևանում 0-4 հաշվով պարտվելուց հետո մեր հավաքականի արդեն նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանը ֆուտբոլիստների վնասվածքների ու լրագրողների միջև կապ գտավ:

«Ինչու՞ այսպես ստացվեց: Հավանաբար, այդ վատ մթնոլորտն էլ, որ տիրում է ձեր (լրագրողների) մեջ, բերեց նրան, որ հավաքականում այսքան վնասվածքներ կան»,- ասել էր Սուքիասյանը:

Սակայն վատ կառավարման համար լրագրողներին պատասխանատվության հրավիրելու պատմությունն ավելի հին է:

Եթե Google-ում որոնեք «գաղջ» բառը, որոնողական համակարգն անմիջապես որպես արտահայտություն կառաջարկի «գաղջ մթնոլորտ»-ը:

«Գաղջ մթնոլորտը» թևավոր խոսք է Հայաստանում: Այն կիրառել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2013թ.-ի մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այդ օրը Սարգսյանը երեք անգամ ասել է «գաղջ մթնոլորտ» ու հետո անդրադարձել է լրագրողներին:

«Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչու՞: Որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Դեպքերը, երբ մեզ մեղադրում են արտագաղթի, ֆուտբոլիստների վատ խաղի ու վնասվածքներ ստանալու կամ տնտեսական ճգնաժամի համար, ապացուցում են, որ մենք մեր գործն այնքան էլ վատ չենք անում: Ծառուկյանը, Սուքիասյանն ու Սարգսյանը խոսում են լուրջ խնդիրների մասին՝ աղքատություն, արտագաղթ, վատ ֆուտբոլ, հուսահատություն: Ու եթե այդ մասին խոսում են, ուրեմն գիտեն, որ հենց իրենք անքան էլ լավ չեն աշխատել: Բայց լրագրողներին քավության նոխազ դարձնել պետք չէ: «Սիրուն չէ»:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?