Անձնական տվյալների անատոմիա

Անձնական տվյալների անատոմիա

Ի՞նչ են անձնական տվյալները

Անձնական տվյալներն այն տեղեկություններն են, որոնց միջոցով հնարավոր է մարդուն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել (իդենտիֆիկացնել), պարզել նրա ինքնությունը:

 
 
Ինչպիսի՞ անձնական տվյալներ կան

Կան տվյալներ, որոնք պաշտպանելը դժվար է և կան տվյալներ, որոնք պաշտպանելը շատ կարևոր է: Ըստ այդմ՝ անձնական տվյալները մեր օրենքում բաժանվում են տեսակների` կատեգորիաների`

  • Հանրամատչելի տվյալներ
  • Անձնական կյանքի տվյալներ
  • Հատուկ կատեգորիայի տվյալներ
  • Կենսաչափական տվյալներ
Որո՞նք են հանրամատչելի տվյալները

Հանրամատչելի տվյալներ են մարդու անունը, ազգանունը, ծննդյան վայրը, տարեթիվը և ամսաթիվը, մահվան վայրը, տարեթիվը և ամսաթիվը: Մարդն այդ տվյալները ստիպված է հայտնի դարձնել շատերին, որպեսզի կարողանա ապրել որպես սոցիալական էակ, շփվել, ձեռք բերել իրավունքներ և այլն: Գրեթե անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է մարդն արգելել, որ իր անունն օգտագործվի:

 

Հանրամատչելի տվյալներն այդքան զգայուն չեն, որքան կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալները:

 

Հանրամատչելի են նաև այն տեղեկությունները, որոնք մարդը գիտակցված կերպով և իր ցանկությամբ է մատչելի դարձնում իրեն հայտնի կամ անհայտ անձանց համար:

 

Օրինակ՝ եթե Դուք Ձեր պատկերը կամ ընտանեկան կյանքի հետ կապված որոշ մանրամասներ հրապարակեք սոցիալական որևէ ցանցում, դուք այդ տվյալները կդարձնեք հանրամատչելի: Եվ անհրաժեշտության դեպքում դժվար կլինի դրանք օգտագործումից պաշտպանելը:

Որո՞նք են անձնական կյանքի տվյալները

Մարդու անձնական կյանքի, ընտանեկան կյանքի (օրինակ՝ ընտանեկան դրությունը՝ ամուսանացա՞ծ է, թե՞ ոչ, և այլն), ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ (օրինակ՝ սոցիալական կարգավիճակը, նպաստառու լինելու հանգամանքը և այլն) կամ նման այլ տեղեկությունները անձնական կյանքի տվյալներ են:

 
Որո՞նք են հատուկ կատեգորիայի տվյալները

Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են մարդու ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները:

 

Այս տվյալներն ավելի բարձր պաշտպանություն ունեն, քան նախորդները: Հաճախ հենց այսպիսի տվյալների միջոցով են մարդուն խտրականության ենթարկում:

Որո՞նք են կենսաչափական տվյալները

Կենսաչափական՝ բիոմետրիկ տվյալներն ամենամեծ պաշտպանություն ունեցող տեղեկություններն են, քանի որ դրանք բնութագրում են մարդու ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները:

 

Կենսաչափական տվյալներ են, օրինակ, մարդու ԴՆԹ-ն, աչքի ցանցաթաղանթը, մատնահետքը: Կենսաչափական կարող են համարվել մարդու ստորագրությունը, լուսանկարը և անգամ շարժուձևը (քայլվածքը), սակայն՝ ոչ միշտ, այլ երբ այդ տվյալները ենթարկվում են այնպիսի մշակման (տեխնիկական, թվային), որի նպատակը մարդուն անսխալ նույնականացնելն է:

 

Կենսաչափական անձնական տվյալները թույլ են տալիս անսխալ նույնականացնել մարդուն, քանի որ դրանք եզակի են, կայուն, և դրանք դժվար է կեղծել (փոխակերպել):

 
Ինչպե՞ս են պաշտպանվում անձնական տվյալները

Անձնական տվյալների ոլորտն այն ոլորտն է, որտեղ մարդն ինքն է որոշում՝ ինչ ծավալով պաշտպանել/սահմանափակել իր իրավունքները: Անձնական տվյալներ օգտագործելը՝ մշակելը (հավաքելը, պահելը, համակարգելը, ամրագրելը, փոխանցելը, ոչնչացնելը և այլն) համարվում է օրինական, եթե մարդու համաձայնությամբ է արվում. առանց նրա համաձայնության` անձնական տվյալները կարող են մշակվել բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում:

 

Անձնական տվյալները պետք է մշակվեն (այդ թվում՝ օգտագործվեն) նույն նպատակով, ինչ նպատակով որ ձեռք են բերվել, և այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար:

 

Մարդն իր անձնական տվյալները կարող է պաշտպանել երկու տարբերակով. առաջին հերթին՝ կանխելով դրանց հետ կատարվելիք հնարավոր բոլոր անօրինական գործողությունները (օրինակ` պաշտպանել համակարգիչը կամ անձնական տվյալ պարունակող կայքերը (պրոֆիլները) պատշաճ գաղտնաբառով և այլն):

 

Եվ երկրորդ՝ խախտված իրավունքը վերականգնելով՝ անձնական տվյալների անօրինական մշակման դեպքում դիմելով դատարան կամ պետական լիազոր մարմնին` ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

Անձնական տվյալների օգտագործումը լրագրողական նյութում

Հայաստանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի սահմանափակումները չեն տարածվում լրագրողական, գրական ու գեղարվեստական նպատակով մշակվող անձնական տվյալների վրա:

 

Սակայն այս օրենքին գալիս է հավասարակշռելու «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, որը լրագրողներին արգելում է այնպիսի տեղեկության տարածումը, որը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկության տարածումն անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

Լրագրողը բոլո՞ր դեպքերում կարող է հրապարակել հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի սահմանափակումները չեն տարածվում լրագրողական նպատակով մշակվող անձնական տվյալների վրա, սակայն օրենքը չի առանձնացրել հատուկ կատեգորիայի անձնական տվյալները:

 

Դա նշանակում է, որ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ հրապարակելու անհրաժեշտության դեպքում գործում է «Անձնական տվյալների օգտագործումը լրագրողական նյութում» բաժնում նշված կանոնը:

 

Սակայն լրագրողները օրենքից դուրս չեն, և դա չի նշանակում, որ կարող են չհարգել մարդու անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դեպքում, առավել ևս, երբ խոսքը հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալների մասին է, լրագրողները պետք է առաջնորդվեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում նշված սկզբունքներով:

 
Նու՞յն պաշտպանությունն ունեն հասարակ մարդկանց և պաշտոնյաների անձնական տվյալները

Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը յուրաքանչյուրինն է, և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը խտրական չէ որևէ մեկի հանդեպ: Հետևաբար, պաշտոնյաների անձնական տվյալներն օրենքով պաշտպանվում են ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլորինը:

 

Սակայն կա առանձնահատկություն. քանի որ պաշտոնյաները հանրային անձինք են, հանրության համար ունեն կարևորություն, ապա շատ ավելի հավանական է, որ նրանց, քան այլ մարդկանց անձնական տվյալները կհրապարակվեն՝ ելնելով հանրային շահից (տես՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի՝ «Անձնական տվյալների օգտագործումը լրագրողական նյութում» բաժնում նշված դրույթը):