Նեղանալ չկա. «Հարվածային ալիքը» վնասել է լուրերը

17.06.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Հունիսի 16-ի երեկոյան ալիքները փոխելիս «հ2»-ով լուրի հանդիպեցի Բաղրամյան փողոցի մի ավտոտնակում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետեւանքով 21-ամյա երիտասարդ էր զոհվել։ Այնուհետեւ հաղորդավարը (Արմեն Չիբուխչյան, 23։00-ի թողարկում) շարունակեց.

«...հարվածային ալիքից վնասվել են նաեւ թիվ 60 շենքի 2-րդ հարկի (թիվ 5), 3-րդ հարկի (թիվ 9), 4-րդ հարկի (թիվ 12), 5-րդ հարկի (թիվ 15) եւ 7-րդ հարկի (թիվ 21) բնակարանների եւ շքամուտքի (2-րդ հարկից 7-րդ հարկ) պատուհանները»: Թվում է՝ եթե ԱԻՆ-ը հայտներ, թե որ տանը ինչ ամանեղեն է ջարդվել, դա էլ կհնչեր եթերում։

Համոզված եմ, որ հայկական շատ TV-ներ նույն կերպ են վարվում՝ տարածում են գերատեսչական լեզվով գրած գերատեսչական հաղորդագրությունները՝ լրագրությունը իջեցնելով գերատեսչական հաղորդագրությունների մակարդակին։

Մինչդեռ երբ պայթյունի զոհ կա, լրատվամիջոցը եթե ոչ իր վարկածը, գոնե մեկ սեփական տեղեկություն պետք է ունենար։ Ինչը, դիցուք, արել էր «Շանթ»-ի «Հորիզոն»-ը՝ դեպքի վայրից ռեպորտաժ պատրաստելով։  

Նախկինում հաճախ եմ նկատել, որ նման պայթյուններն ու ավտովթարները (նույնիսկ աննշան) մեր TV-ները որպես առաջին լուր են մատուցել (նաեւ «Շանթ»-ը)՝ խառնելով իրադարձությունն ու պատահարը. որոշեցի սկզբից նայել «հ2»-ի «Լրաբեր»-ը՝ ինչ լուրեր են առաջ ընկել:  

23։00-ի թողարկման անոնսը սկսվեց այն լուրով, որ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել անգլիական թագուհուն ծննդյան օրվա առթիվ, որը ազգային տոն է Միացյալ Թագավորությունում, եւ այցելել է դեսպանատուն… Պատկերացրի, թե ոնց է հուզվել թագուհին, գիշերը չի քնել՝ ուղերձը կրծքին սեղմած։

Ավելի լուրջ. սա արարողակարգային հանդիպում է եղել, որին արժեր անդրադառնալ, եթե հարց հնչեցվեր՝ նախագահական մակարդակով դեսպանատուն այցելելը անհրաժեշտությու՞ն էր, եւ արդյո՞ք Դեյվիդ Կամերունն ի պատասխան անակնկալ կմատուցի Լոնդոնի մեր դիվանագետներին՝ սեպտեմբերի 21-ին առավոտ շուտ սպասելով նրանց Հայաստանի դեսպանատան մուտքի մոտ:

Պատահական չէ, որ նույնիսկ Հանրային հեռուստաընկերության եւ «Արմենիա»-ի համար դա թիվ մեկ լուր չէր՝ մահացել էր Քըրք Քըրքորյանը։ Մինչդեռ «հ2»-ի հետ միասին գերադասել էին իրենց հնարավոր բարձրագույն ցասումից ապահովագրել նաեւ «Շանթ»-ն ու «Արմնյուզ»-ը («Բարի ուշ երեկո։ Եվ այսպես թողարկումը սկսենք թագավորական տարեդարձով»։ 16.06.15, 23։00)։

Իսկ «հ2»-ի հիշյալ հաղորդման ընթացքում հաղորդավարը նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ու Գերմանիայի Դաշնության դեսպանատան միջեւ կնքված պայմանագրի մասին մի այսպիսի տեքստ կարդաց.

«Այն հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից ստանալ 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում եւ 4 մլն 815 հազար 869 մլն եվրո դրամաշնորհ: Դրամաշնորհը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» եւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման եւ համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար»:

Հաղորդավարի դեմքի արտահայտությունից զգացվում էր, որ նա համաձայն չի եղել առանց պարգեւավճարի այդ գործը կատարել։ Ինչպես որ նաեւ՝ կրթության եւ գիտության նախարարության Բաքվում անցկացվելիք քիմիայի օլիմպիադային հայ դպրոցականների մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարությունը (կարդալ ամբողջը)։

Եվ վերջապես հաղորդավարը կարդաց տեսաշարով ուղեկցվող մի տեղեկություն, թե Բերմուդյան եռանկյունիում 90 տարի առաջ կորելուց հետո հայտնվել է «ՍՍ Քոտոփաքսի» նավը՝ անխաթար, բայց առանց անձնակազմի։

Լուրը սկսել էր շրջանառել մի քանի շաբաթ առաջ եւ հերքվել որպես լիովին կեղծ։

Շատ վաղուց մեծ ակնկալիքներ չունեմ հայկական TV-ներից, բայց երեւի թե այս բոլորը սովորականից շատ էր լուրերի մեկ թողարկման համար, թեկուզեւ 40 րոպեանոց։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?