Խորհրդահայ մամուլ. Երբ Նոր տարին դեռ տոն չէր

29.12.2014, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Նոր տարին առատ հյուրասիրության, տոնածառի ու երկար արձակուրդների հետ է նույնացվում: Արձակուրդների ժամանակ որոշակի դադար է վերցնում նաև մեդիան, որն սկսում է աշխատել տոնական ռեժիմով. լրահոսում շատանում է ուրախ ու թեթև բովանդակությունը՝ երգերը, կատակերգություններն ու լավատեսական հրապարակումները:

Նոր տարին, որպես տոն ու ոչ աշխատանքային ժամանակահատված, թարմ ավանդույթ է:

Ամենազոր արխիվը թույլ է տալիս մեզ պատկերացում կազմել անցած (հնացած) նոր տարիների մեդիա արտացոլման մասին: Հայաստանի Ազգային գրադարանի արխիվում կատարված «պեղումները» երբեմն զվարճալի, երբեմն էլ սարսափելի բացահայտումների սկիզբ են դնում:

Օրինակ՝ այսօրվա հայացքով դիտվող 1937 թվականի տպագիր թերթերի արխիվը հենց այդպիսի հակասական մտքեր է արթնացնում: Մի կողմից զանգվածային բռնաճնշումներն են, մյուս կողմից՝ «լուսավոր ու երջանիկ» ապագայի կառուցումը: 1937 թ.-ի դեկտեմբերի վերջին օրերին խորհրդահայ մամուլն այսպիսի տեսք ուներ.

1

2

Խորհրդային միությունը, որպես մոդեռն պետություն, մերժում էր անցյալի ատրիբուտիկան, հատկապես եթե այն կրոնական երանգ ուներ: Սուրբ Ծնունդը համարվում էր բուրժուական տոն, իսկ տոնածառը՝ «կրոնական վերապրուկ»:

1930-ականների վերջին տոնածառի ու տոնի գաղափարը սկզբում փորձարկվեց երեխաների վրա: Ենթատեքստը սա էր՝ ինչու՞ սովետական մանուկները պետք է զրկված լինեն ուրախությունից:

1937 թ.-ի դեկտեմբերի 31-ի համարի առաջին էջում «Ավանգարդը» գրում է.

3

«Սոցիալիստական պետությունը մայրական սիրով հետևում է, որպեսզի երեխաները, ինքնուրույն կյանքին պատրաստվելով, աճեն ու դառնան կամքի տեր... Մեր երեխաները սիրում են նոր տարվա տոնածառը: Այս տարի չպետք է լինի ո՛չ մի դպրոց, ո՛չ մի մանկատուն, ո՛չ մի հանրակացարան առանց տոնական լույսերով փայլող նոր տարվա տոնածառի: Թող երեխաներն արդեն այժմվանից երգեր, ոտանավորներ, պարեր սովորեն, զարդարանք ու հագուստ պատրաստեն կառնավալի համար»:

Իսկ բոլշևիկյան հեղափոխության հաղթանակից հետո հիմնադրված «Խորհրդային Հայաստան» թերթը (1920-1921 թթ.-ին այն կոչվում էր «Կոմունիստ», ավելի ուշ՝ «Սովետական Հայաստան», իսկ 1990թ.-ից պարզապես «Հայաստան») 1937թ.-ի իր վերջին համարում հոդված է գրում՝ բացատրելով մանկական տոնածառի կազմակերպման կանոններն ու նպատակները:

4

«Նոր տարվա տոնածառը Խորհրդային հայրենիքի ուրախ և երջանիկ մանկության տոնն է, որը մեր կուսակցության, կառավարության և անձամբ ընկեր ՍՏԱԼԻՆԻ կողմից դեպի երեխաներն ունեցած ջերմ հոգատարության արտահայտությունն է»:

Հատուկ նշվում է, որ հարկավոր է պահպանել հակահրդեհային կանոնները: «Կատեգորիկ կերպով արգելվում է տոնածառը լուսավորել մոմերով» և մեծ թվով երեխաներ հավաքել դահլիճներում: Մանկության շղարշը դեռ երկար ժամանակ է ուղեկցել Նոր տարվա գաղափարին:

Դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը աշխատանքային օրեր էին մինչև 1947 թվականը, երբ հունվարի 1-ը դարձավ տոնական: Հետագայում տոնական օրերը երկարեցին-երկարեցին ու հասան ռեկորդային երկշաբաթյա ժամկետին: Իսկ մինչ այդ, թերթերն անընդհատ շեշտում էին տարեվերջի սովորական լինելը:

5

6

Ձնհալի տարիներին պատկերն արդեն փոխվում է: Մամուլն ավելի ազատ է օգտագործում Ամանորը: 1968թ.-ի տարեվերջի համարներում «Սովետական Հայաստանն» այսպիսի տոնական լուր է հրապարակում.

7

«Բուդապեշտ. Հունգար երեխաները շատ են սիրում նոր տարվան նախորդող օրերը: Տոնածառը հեռու չէ, արդեն փողոցներում շրջում է հունգարական ձմեռ-պապին՝ Սանտա Կլաուսը, և նվերներ է բաժանում: Ճիշտ է՝ միայն խելոք երեխաներին»:

Եվ այսպիսի տեղեկություն.

8

Հայտնվում է նաև տոնական գովազդը.

9

«Միայն նոր տարին չէ պատճառը, որ այսպես ուրախ քայլում են նրանք: Հաճելի է, երբ ձմռանը գեղեցիկ, տաք մուշտակ ունես: Այդպիսի մուշտակ է արտադրում Կիրովականի ֆաբրիկան: Նրա արտադրանքն ուղարկվում է երկրի տարբեր ծայրեր, հատկապես հյուսիսային շրջանները, որտեղ ավելի շատ է զգացվում տաք հագուստի կարիք»:

Տոնական է դառնում նաև թերթերի առաջին էջի ձևավորումը.

10

Թերթերի ստեղծարար տոնական մոտեցումն, իհարկե, առավել սրվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ սկսեցին քաջ ու հրատապ կոլաժներ, ծաղրանկարներ հայտնվել: Եվ երբ Հայաստանը ձեռք բերեց ինքնիշխանություն:

11

Արժե հիշել, որ նոր տարվա գլխավոր նյուզմեյքերները ոչ միայն Ձմեռ պապն ու Ձյունանուշն են եղել, այլև «ազգերի հայրերի» կարգավիճակ ունեցող առաջնորդները:

12

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?