Նեղանալ չկա. Ազգային արժանապատվության չափը հայաստանյան մեդիայում

25.02.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

«Ռեգիոն» կենտրոնը վերջերս հրապարակեց «Ռուսաստանի կերպարը հայաստանյան մեդիայում» հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն ընդգրկում է Հայաստանի 8 ինտերնետային լրատվամիջոցի հրապարակումները 2014 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը։

Հիմնական եզրակացությունն այն է, որ «Այսպես կոչված ագրեսիվության եւ բարյացակամության ինդեքսների շոշափելի դինամիկա չկա, եւ սա անգամ 10 տարի առաջ կատարված մեր նույն մեթոդով անցկացված հետազոտության արդյունքների համետատ (տես` Армения и Азербайджан на перепутье «ни мира, ни войны», Ереван, 2005 թ., стр. 82)»։

Այս ցուցանիշը թվում է, թե կարող է վկայել հայաստանյան մեդիայի օրինակելի որակի մասին։ Պայմանով, որ իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում եղել է նույնքան անամպ։

Մինչդեռ հետազոտության ժամանակաշրջանին նախորդել է Ռուսաստանի հետ կապված երկու խիստ նշանակալի իրադարձություն։

Մեկը 2013 թվականի սեպտեմբերի 3-ն է, երբ Սերժ Սարգսյանին կանչեցին Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Պուտինը մի գիշերում ստիպեց նրան հրաժարվել եվրոպական ինտեգրումից։ Նեոգաղութատիրական այս կոպիտ ճնշումն ավարտվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ։

Մյուսը նախկին խորհրդային հանրապետություններից Ուկրաինային պատկանող Ղրիմի բռնակցումն էր ՌԴ-ին եւ այդ նորանկախ երկրի արեւելքում սանձազերծված պատերազմը։ Ընդ որում՝ կարեւոր է հիշել հարցի պատմությունը. 1994 թվականի Բուդապեշտյան հուշագրի համաձայն՝ Ռուսատանը նախապես զինաթափել էր Ուկրաինային՝ նրանից վերցնելով ամբողջ միջուկային սպառազինությունը, որի «դիմաց» դարձել էր այդ երկրի տարածքային ամբողջականության երաշխավորը (ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին)։


«Ռուսաստանի կերպարը հայաստանյան մեդիայում» հետազոտությունը կատարվել է մինչեւ գյումրեցի ընտանիքի հունվարյան սպանդը, որի միակ կասկածյալը ռուս զինծառայող Պերմյակովն էր։ Վլադիմիր Պուտինը Հայաստանին ցավակցեց համարյա մի շաբաթ անց, իսկ դեպքի ուրացումը ռուսական մեդիայի կողմից այն աստիճան ցինիկ էր, որ snob.ru-ի լրագրող Իննա Դենիսովան համեմատեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ։

Հարցը հետեւյալն է. եթե հայկական մեդիան (եւ հանրությունը) համարժեք արձագանքեր «սեպտեմբերի 3-ի» պետական նվաստացմանը, դա չէ՞ր նպաստի, որ Պուտինն ավելի զգայուն գտնվեր դաշնակից պետության հանդեպ եւ 7 օր չուշացներ ցավակցությունը։

Այս տողերը գրելու պահին հազարավոր հայ պանդուխտներ Մոսկվայում հերթ են կանգնած ռուսական միգրացիոն ծառայության գրասենյակի առաջ, որն օրը 10000 գործ պետք է քննի պահանջարկը բավարարելու համար, բայց դեռ 500-ից ավել մարդու չի սպասարկում։ Այսինքն՝ խեղճ մարդիկ պետք է շաբաթներ ու ամիսներ Մոսկվայում ծախսեն իրենց խնայողությունները, մինչեւ աշխատանքի օրինական թույլտվության արժանանան… կամ չարժանանան։ Եվ ամեն պահ մտածեն, որ եթե Ռուսաստանի քաղաքացի լինեին, էս օրը չէին ընկնի։

Բայց հայկական մեդիան չի անդրադառնում այս նվաստացմանը, որը տասնապատիկ անընդունելի է նույն տնտեսական միության անդամ երկրի կողմից, եւ լրագրողները չեն անհանգստացնում Հայաստանի ԱԳՆ-ին, որ վերաբերմունք արտահայտի։

Ինչ վերաբերում է ուկրաինական իրադարձություններին, հատուկենտ բացառությունները չհաշված, հայկական մեդիան կա՛մ միակողմանիորեն հենվում է ռուսական աղբյուրների վրա (TV-ների մեծ մասը նույնիսկ ռուս հաղորդավարի ձայնը չեն անջատում՝ ուկրաինական եւ առհասարակ արտասահմանյան լուրերը ներկայացնելիս), կա՛մ շրջանցում է թեման՝ երեւի կողմնակիորեն ակնարկելով, որ, մեկ է, Հայաստանում սփռվող ռուսական ալիքներից ամեն ինչ կարելի է իմանալ։

Մինչդեռ թռուցիկ ծանոթությունն իսկ ասում է, որ ռուսական մեդիան դաժան քարոզչական ագրեսիա է ծավալել Ուկրաինայի հանդեպ, Պերմյակովի նախադեպն էլ հուշում է, որ նույնը սպասվում է Հայաստանին, հենց որ հայ-ռուսական հարաբերությունները սրվեն։

Մեր մեդիայի առավել անկախ հատվածի՝ ինտերնետային լրատվամիջոցների չեզոքությունը Ռուսաստանի հանդեպ hավանաբար կօգնի հերքել նույնիսկ այս իրավիճակում ռուսական կողմից հնչող մեղադրանքները («Փոքր եղբոր բարդույթը»), բայց բուն հայկական լրատվամիջոցների համար ազգային արժանապատվության ոտնահարումների անտեսումը նշանակում է լեթարգիական քուն, որի մասին իմաց չեն արել, որ տրամադրությունը չընկնի։ 

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?