2014.11.26,

Քննադատ

Նեղանալ չկա. Եվ Մաշտոցը ստեղծեց «հայերեն տառերի գրաֆիկան». ըստ Հ1-ի «Հայաստանի առեղծվածները» հաղորդաշարի

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Պատմությունը Հայաստանում երկու կերպ է ընկալվում։ Մի մասը՝ մեծամասնությունը, հպարտ է, որ հին ժողովուրդ ենք, մյուսը՝ ինտելեկտուալները, ծաղրում է ազգային սնապարծությունը։

Ես համամիտ եմ մեծամասնության հետ, որ կարող ենք հպարտանալ մեր պատմությամբ, բայց ինտելեկտուալների հետ միասին հեգնել եմ ու կհեգնեմ բոլոր չափազանցությունները։ Դա պարադոքս չէ, ես ուղղակի համոզված եմ, որ մեր պատմությունը լավ չի պատմված։ Ընդ որում՝ նկատի չունեմ հետազոտման մակարդակն ու սովետական/հետսովետական շրջանի անհամ «վարչա-հրամայական» լեզուն, այլ այն մետանարատիվն ու հերոսներին, որոնց ամեն սերունդ «ստեղծում» է՝ նախապատվություն տալով որոշակի գործիչների ու իրադարձությունների։

Հիշատակեմ սակավածանոթ մի փաստ. բոլշեւիկներն, իշխանության գալով, «Պատմություն» առարկան դպրոցներից հանել էին ընդհուպ մինչեւ 30-ական թվականների կեսերը, երբ արդեն ընկեր Ստալինը համարեց, որ կրթության սովետական համակարգը պատրաստ է մարդկության անցյալը կուսակցական մեկնաբանությամբ ներկայացնելուն։

Հայկական նոր պատմական մետանարատիվի անհրաժեշտության մասին մտքերն ինձ համար կրկին արդիական դարձան, երբ Viasat History ալիքով, որը ցուցադրում է բարձրարվեստ ճանաչողական հեռուստաֆիլմեր, տեսա «Արեւելք-Արեւմուտք. ճանապարհորդություններ աշխարհի կենտրոնից» շարքը (2011 թ.-ի արտադրություն, Մեծ Բրիտանիա), որի 7 մասերից մի քանիսը նվիրված են Օսմանյան կայսրությանը։ Բրիտանացի ռեժիսոր Ջոն Ֆոթերհիլը, թուրք փորձագետների գործուն մասնակցությամբ, ներկայացրել է այդ երկիրը մի հիացումով, որ կարող է անտեղյակ հեռուստադիտողին Օսմանյան կայսրությունում ծնված լինելու երազանքով համակել։

Թե ինչքանով են այդ ազդեցությանը հասնելու միջոցները վստահության արժանի, առանձին թեմա է՝ ես մտադիր եմ հոդված հրապարակել եւ ուղարկել ֆիլմաշարի հեղինակներին ու Viasat History-ի խմբագիրներին, բայց «Արեւելք-Արեւմուտքն» ինձ դրդեց հետաքրքրվել, թե պատմությանը վերաբերող ինչ հաղորդաշարեր կան մեր հեռուստաեթերում։

Առաջինը Հանրայինի ծրագրով անցա, որտեղ նկատեցի «Հայաստանի առեղծվածները» խոստումնալից վերնագիրն ու նայեցի մի հաղորդում, որը նվիրված էր հայերենի այբուբենին։

Հեղինակ-վարող Ստեփան Զաքարյանն իր նախաբանում բացահայտումներ խոստացավ ինչպես Մեսրոպ Մաշտոցի, այնպես էլ այբուբենի մասին, որը պարունակում է «գերմարդկային գիտելիքների հնչյուններ», եւ խոսեց «հսկա մարդկանց», կորուսյալ «նախնադարյան քաղաքակրթության» մասին, որի կապը մեր գրի հետ ժայռապատկերներն էին։

Մարդս հակված է հավատալու, որ կան մեծ գաղտնիքներ, որ մի օր իր համար կբացահայտվեն. ես շարունակեցի այդ սպասումով նայել։

Վարողի խոսքն ընդմիջելով՝ աստիճանաբար հաղորդման մեջ ներգրավվեցին փորձագետները՝ ֆիզիկոս Սամվել Բեկթաշյանը, «Երեւան փրոդաքշն» ընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Այանյանը, ինչպես նաեւ Վազգեն Գեւորգյանն ու Արծվի Ալեքսանյանը, որոնք ներկայացվեցին որպես «անկախ հետազոտողներ»։

Ճիշտ կլինի, որ առանց հապաղելու մեջբերեմ նրանց մտքերը։

Սամվել Բեկթաշյան. «Մեսրոպին ակնհայտորեն տրվել է Աստծո հավաքական խոսքը, եւ ես համարում եմ, որ մեր այբուբենը դա Աստծո ուղերձն է համայն մարդկությանը, մեր միջոցով։ […] Այբուբենի մեջ, օրինակ, միջուկային ֆիզիկայի օրենքները կա(ն) դրված, գենետիկայի կոդերը, ամինաթթուների քանակը»։

Էդուարդ Այանյան. «Մաշտոցը կարող էր ստեղծել տառերի գրաֆիկան, հա՞, բայց նա գործ ուներ մաթեմատիկական համակարգի հետ»։ […] Էն լեզուն, որ մենք անվանում ենք հայերեն այսօր, միգուցե դա եղել ա ուղղակի ընդհանուր ինչ-որ լեզու, եւ այբուբենը չի եղել բուն հայերի համար կամ հայոց լեզվի համար այբուբեն»։

Արծվի Ալեքսանյան. «Շատերն են զգացել մեր այբուբենի աստվածային լինելը։ Աստվածային ասելով՝ ես հասկանում եմ այն, ինչը չի ստեղծել մարդը կամ մարդկային բանականությունը»։

Վազգեն Գեւորգյան. «…Ստացվել է էդ ինֆորմացիան» (այսինքն՝ այբուբենը Մաշտոցին տրվել է ինչ-որ գերբնական եղանակով)։

Փորձագետից փորձագետ, որոնց թվում նմուշի համար մի բանասեր կամ պատմաբան չկար, սասանվում էր հեռուստադիտողի իմ զգացողությունը, թե ապրում եմ ժամանակակից, աշխարհիկ պետությունում, մինչեւ որ վերջին՝ կործանիչ հարվածը հասցրեց էկրանին հայտնված Կոմիտաս վարդապետ Հովնանյանը. «Հայաստանը եւ հայ ժողովուրդը Արեւելքում միշտ հայտնի են եղել որպես Աստվածների երկիր»։

Ստեփան Զաքարյանը, որ պատումի համարյա ողջ ընթացքում շրջում է Արագածի լանջին կանգնեցված տուֆե տառերի ու ժայռապատկերներով մի քանի քարերի միջեւ, միայն մի անգամ հղում արեց գիտնականի՝ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին, այն էլ որպեսզի ազնվորեն խոստովանի, որ հետազոտող Արտակ Մովսիսյանի եւ իր կողմից որպես ակոսագիր ներկայացված փոսորակներն իրականում օգտագործվել են փայտ ծռելու համար… Ինչը, ակնհայտորեն, չկոտրեց վարողին. «Ապշեցուցիչ է, թե այն ժամանակվա գործիքներով ինչ հսկայական աշխատանք են կատարել։ Եվ տեսեք խորությունը՝ ձեռքս ամբողջապես մտնում է այս ակոսի մեջ»։

Ստեփան Զաքարյանին նույն կերպ ապշեցրեցին մի քանի մետր երկարությամբ ու կես մետր բարձրությամբ իրար հանդեպ ուղղանկյուն շարված քարերը, որոնց վաղեմության մասին… չասվեց ոչ մի տվյալ։ (10.00-11.00 րոպեներ)

Մեր օրերում, երբ պատմության դասագրքերն արգելված չեն, եւ կան տեղեկատվության բազմազան աղբյուրներ, «ապշեցուցիչ» բաներ, թեկուզ նույն Viasat History-ով, հաճախ կարելի է տեսնել, բայց դրանք տարբերվում են «Հայաստանի առեղծվածները» հաղորդման մի ձեռնափ խորությամբ քարերից նրանով, որ… իսկապես ապշեցուցիչ են։

Անշուշտ, «Հայաստանի առեղծվածների» հեղինակները ջանքեր գործադրել են, որ հաղորդաշարը մարդկանց գրավի։ Բայց երբ կա, դիցուք, հիանալի նկարահանված ֆիլմաշար, որ «հարեւան» Օսմանյան կայսրությունը պատկերում է որպես աշխարհի կենտրոն եւ քաղաքակրթության փարոս, մենք պարտավոր ենք մեր հավակնությունները լրջորեն հիմնավորել… առնվազն չմատուցել միջնադարյան-կղերական փաստարկներ թեկուզեւ ամենամիամիտ հայ հեռուստադիտողին։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *