2013.09.30,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանում. Պատերազմի «մարդկային դեմքի» կորուստն ու դրա վտանգները

Վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվորի մասին լրատվությունը դարձավ հայաստանյան լրատվական դաշտի հերթական լակմուսի թուղթը՝ ակնհայտ դարձնելով դրա խոցելիությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հարվածների դեմ:

Սակայն եթե ակնհայտ քարոզչությունն ունենում է արագ ազդող, արագ էլ ազդեցությունը կորցնող հետեւանք, ապա լուսաբանման մեջ առկա մյուս խնդիրները դանդաղ գործողության ռումբի նման տարիների ընթացքում թողնում են անդառնալի հետեւանքներ:

Երբ օգոստոսին լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, տարածեցին հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման լուրը, թվում էր, թե այն կդառնա տեղեկատվական լավ առիթ այս թեմային համապարփակ անդրադառնալու, նախկին գերիների խնդիրները վերհանելու համար, սակայն լրատվությունը կրկին բավարարվեց պաշտոնյաների հայտարարությունների տարածմամբ ու փորձագետների կանխատեսումներով, իսկ մարդիկ, նախկին գերիները, նրանց ապրումներն ու փորձությունները նորից մնացին անտեսված. պատերազմի ամենամեծ «թիրախը»՝ մարդն, այդպես էլ չդարձավ լուսաբանման «թիրախ»:

Ընդհանրապես հայաստանյան լրատվական դաշտում Ղարաբաղյան հակամարտությունը հետզհետե կորցնում է մարդկային դեմքը, կոնֆլիկտի հիմնական «դերակատարներն» ու «հերոսները» ոչ թե սահմանին ապրող մարդիկ են, զինվորներն ու փախստականները, այլ ավելի շատ Մինսկի խմբի համանախագահները եւ այլ պաշտոնյաներ՝ իրենց պրոտոկոլային այցելություններով ու հայտարարություններով:

Մարդը, ով հակամարտության ամենամեծ զոհն է, հետզհետե դառնում է թվային տվյալ, վիճակագրություն. մարդկային ճակատագրերը դուրս են մղվում բանակցային սեղանից՝ սա հանրային հիշողությունը թմրեցնելու վտանգավոր միջոց է, ու մինչ ռազմահայրենասիրական որոշ խմբեր իրենց պարտքն են համարում բոյկոտել ադրբեջանական ֆիլմերի փառատոններն ու հասարակական շփման որեւէ հարթակ՝ համարելով դրանք Հայաստանին սպառնացող վտանգ, առավել մեծ ու իրական վտանգն անտեսվում է:

Կանադացի լրագրող, մեդիա հետազոտող Ռոս Հովարդն իր «Հակամարտազգայուն լրագրություն» (Conflict Sensitive Journalism) գրքում նշում է, որ լրագրողները երբեք խնդիր չեն դնում ազդել հակամարտության ելքի վրա: Լրագրողն ասում է, որ հաճախ հենց լավ լուսաբանման շնորհիվ են նվազում հակամարտությունները (նվազում ասելով` նկատի ունի դեպքերը, երբ չորրորդ իշխանության ճնշմամբ դադարեցվում են զինված հարձակումները, ռմբակոծությունները) եւ այս հնարավորությունը հաշվի առնելով` 90-ականներից ի վեր անգամ օգտագործվում է «խաղաղարար լրագրություն» տերմինը: Այսինքն` բավական մեծ է լրատվության ազդեցությունը՝ դրական եւ բացասական հետեւանքներով:

Հայաստանյան մեդիա դաշտում հակամարտության լուսաբանման բացասական ազդեցություններից պետք է դիտարկել մարդկային պատմությունների սակավությունը: Միջազգային փորձագետների բազում գրքեր եւ ուղեցույցեր են հրապարակված հակամարտությունների լուսաբանման, լրատվամիջոցների ազդեցության եւ կարեւորության մասին, որոնցում, սովորաբար, լուսաբանման տասը կարեւոր քայլերի շարքում առանձնացվում են մարդկային պատմությունները:

Եթե, օրինակ, գերիների մասին այսպիսի հոդվածներ առավել հաճախ գրվեին, որի հերոսը գերությունից հրաշքով փրկված Արթուր Բադալյանն է՝ 22-ամսյա  մղձավանջային հիշողություններով ու ֆիզիկական տանջանքներով, այլ ոչ թե պաշտոնյաները՝ քննադատություններով ու կոչերով, ապա հավանաբար նախկին գերիների հիշողությունները թույլ չէին տա շատերին այնքան հեշտությամբ կուլ տալ ադրբեջանական դյուրամարս խայծն ու գերի ընկած հայ զինվոր Ինջիղուլյանին իր հայրենիքում դավաճան անվանել:

Անտեսված են նաեւ պատերազմի հետեւանքով տեղահանվածներն ու փախստականները: Առցանց լրատվամիջոցներում որոնումները ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին ղարաբաղյան պատերազմի փախստականների մասին գրվել են հատուկենտ հոդվածներ, այն էլ ոչ թե ակնարկային, վերլուծական, այլ պարզապես լուրեր ինչ-որ դատական գործընթացներից:

Այսինքն՝ մոռացության են մատնվել ավելի քան կես միլիոն մարդիկ՝ դեռ չավարտված ու վերսկսման վտանգի մեջ գտնվող պատերազմի պայմաններում: Սա հատկապես վտանգավոր է այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը փախստականներին դարձրել է քարոզչության մեխ՝ օր օրի ավելացնելով փախստականների հայտարարվող թիվը՝ կես միլիոնից հասցնելով մոտ մեկ միլիոնի:

Միջազգային մարդասիրական իրավունքի հայտնի գիտնական Էվրիլ Մքդոնալդի հիշատակին հրատարակված Armed Conflict and International Law: In Search of the Human Face հոդվածում խոսվում է հակամարտությունների մարդկային դեմքի կարեւորության մասին: Այնտեղ շեշտվում է, որ լուսաբանման այս մեթոդի ազդեցությունը մեծացնում է կոնֆլիկտների ««մարդկային» լուծումների հավանականությունը»:

Լուսաբանման մեջ մարդակենտրոնությունը առավելեւս կարեւոր է սառեցված կոնֆլիկտների դեպքում՝ հնարավորինս նվազեցնելով պատերազմի վերսկսման վտանգը: Բանաձեւը շատ պարզ է. հակամարտության գոտուց դուրս գտնվող մարդիկ արագ են մոռանում պատերազմի արհավիրքները, եւ հենց լրատվամիջոցների մատուցած մարդկային պատմություններով պետք է այդ հիշողությունը թարմացվի՝ ազդելով հասարակական գիտակցության վրա, որն էլ իր հերթին ստեղծում է ճնշման հնարավորություն որոշում կայացնողների վրա:

Այս առումով ինտերնետը հնարավորություն կարող է տալ ադրբեջանական կողմում եւս գտնել լսարան, իսկ ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է ոչ թե պաշտոնյաներին մեջբերել, այլ հենց սահմանին ապրող մարդկանց, որոնց նախկին հարեւանները բարիկադի մյուս կողմում են ու նույնքան զրկանքներ են կրել, որքան հակառակ կողմում ապրողները եւ նույնչափ պատերազմ չեն ուզում:

Այդպիսի մի կարեւոր, ազդեցիկ նախաձեռնություն էր հակամարտությունների ուսումնասիրող, գրող Լաուրել Հոլիդեյի (Laurel Halliday) 1999 թ. «Իսրայելի եւ Պաղեստինի երեխաները» էսսեների, ակնարկների շարքը, որում հակամարտող երկու կողմերի երեխաներն են՝ մանկության սարսափելի հիշողություններով ու կորուստներով: Իսրայելցի լրագրողները հավաստիացնում են, որ ակնարկների այս շարքը սառը ցնցուղ դարձավ պաշտոնյաների համար՝ դառնալով կարեւոր գործոն բանակցային գործընթացի վերսկսման համար:

Իսկ Իրաքյան պատերազմի մասին բազմաթիվ նման հատուկ թողարկումներ են պատրաստվել տարբեր լրատվամիջոցների կողմից, մինչդեռ Ղարաբաղյան պատերազմի մասին որեւէ լրատվամիջոց նման ծավալով չի անդրադարձել: Ավելին` հայկական լրատվական հայտնի կայքերից միայն մի քանիս են տեղ հատկացրել Լեռնային Ղարաբաղ առանձին բաժնին՝ վերլուծական ու ակնարկային նյութերով այն դեպքում, երբ lifestyle, ֆեյսբուքյան նորությունների բաժիններ գրեթե բոլորն ունեն:

Սառը պատերազմում լուսաբանման այսպիսի անտարբերությունը վտանգավոր է, քանի որ երկար ձգվող հակամարտություններում, երբ վերքերը սպիանում են, մարդկային պատմությունները դառնում են հազվադեպ, եւ առաջին պլան են մղվում տնտեսական, տարածքային շահերն ու գործոնները, տարածքները բաժանելը դառնում է ուժով լուծելի տեխնիկական գործ, քանի որ ոչ ոք այլեւս հասարակության, որոշում կայացնողների գիտակցությունը չի թարմացնում պատերազմի հետեւանքով խեղված ու անդառնալի կորուստներ կրած մարդկանց պատմություններով:

Գայանե Աբրահամյան

Հոդվածը հրապարակվել է «Հարավային Կովկասում հակամարտությունների լուսաբանման խթանում» (Promoting Conflict Sensitive Reporting in The South Caucasus) ծրագրի շրջանակում։

Նույն ծրագրի շրջանակում հրապարակված վրացի գործընկերների նյութը կարող եք ընթերցել Мedia.ge կայքում՝ «Խաղաղարար լրագրությունը՝ Գոգա Ապցիաուրիի աչքերով», ադրբեջանցի գործընկերներինը՝ Mediaforum.az կայքում՝ «Հակամարտային իրավիճակներում լրագրողներն ավելի շատ հրահրողներ են, քան պրոֆեսիոնալներ»։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *