Ընթերցողների մեկնաբանությունների համար օրաթերթի դեմ դատական հայցը մերժվեց

07.03.2012, Նյուսրում

Լրագրող

«Հրապարակ» օրաթերը 18 միլիոն դրամ չի վճարի փաստաբան Արթուր Գրիգորյանին: Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց փաստաբանի հայցը, որով Արթուր Գրիգորյանը օրաթերթից  «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» նյութի տակ ընթերցողների թողած 6 մեկնաբանությունների համար պահանջում էր զրպարտության եւ վիրավորանքի փոխհատուցում՝ յուրաքանչյուր մեկնաբանության պատճառած վնասը գնահատելով 3 միլիոն դրամ: Դատարանը գտել է, որ հայցը անհիմն է:

Այս դատական հայցը մեծ արձագանք էր ստացել ինչպես մեդիայի ներկայացուցիչների եւ իրավաբանների, այնպես էլ ինտերնետ օգտատերերի շրջանում: Փորձագետների կարծիքով՝ այն գրաքննության բերող վտանգավոր նախադեպ կարող էր դառնալ:

Օնլայն «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը ողջունում է դատարանի որոշումը եւ ուրախ է, որ այն վտանգավոր նախադեպ չստեղծեց, երբ լրատվամիջոցը կարող է պատասխանատվության ենթարկվել ընթերցողների արտահայատած կարծիքների համար:

«Ես չափազանց վտանգավոր էի սա համարում, որովհետեւ այս վտանգը կարող է կախվել յուրաքանչյուր մեդիայի եւ սոցիալական կայքի գլխին: Ակնհայտ վիրավորանքները մի կողմ թողնենք, որոնք մոդերացնելը բոլորիս պարտականությունն է, բայց ամեն պահ փորձել կանխագուշակել ու կանխատեսելը, թե արդյոք մեկնաբանություններում նշված դատողությունները իրենց մեջ վիրավորանք կամ զարպարտություն պարունակում են, կվերածվեր տոտալ գրաքննության»,- ասում է նա:

Մեդիա փորձագետ Արթուր Պապյանը գտնում է, որ դատարանի այս որոշումը հայաստանյան ինտերնետ հանրությանը փորձանքից պրծնելու կապակցությամբ շնորհավորելու առիթ է:

«Այսօր մենք բոլորս կարող ենք հանգիստ շունչ քաշել եւ միմյանց շնորհավորել: «Հրապարակի» հետ կապված միջադեպը իրականում հայաստանյան ինտերնետ դաշտին սպառնացող աղետ էր»,- ասում է նա:

Մեդիա փորձագետի խոսքերով՝  եթե դատը շահեր փաստաբան Արթուր Գրիգորյանը, ապա մոտ ապագայում կարելի կլիներ հայց ներկայացնել նաեւ յուրաքանչյուր բլոգերի, ֆեյսբուք օգտատերի դեմ, քանի որ նրանք պատասխանատու կդառնային ոչ միայն իրենց գրառումների, այլեւ անոնիմ մեկնաբանողների համար:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?