Լրագրողական ծիծաղ եթերում. անմիջականությու՞ն, թե՞ միամտություն

30.07.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Շուրջ մեկ ամիս առաջ «Կենտրոն» հ/ը եթերում նայեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումը, որի հյուրը արտակարգ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանն էր՝ Սերժ Սարգսյանի եղբայրը։

Զրույցի վերջնամասն այնքան արտառոց էր, որ հիշողությունիցս դուրս չէր գալիս, եւ որոշեցի եւս մեկ անգամ նայել։

«Հայելու առաջ» հաղորդաշարը սովորաբար հետաքրքիր հյուրեր է ունենում, իսկ գործող նախագահի եղբոր հետ հարցազրույցը, հատկապես այն պայմաններում, երբ Սերժ Սարգսյանն ինքը հազվադեպ է շփվում մեդիայի հետ, որոշակի ինտրիգ է պարունակում հեռուստադիտողների համար։

Ենթադրում եմ, որ նրանց հույսերն արդարացան։ Ինձ համար, դիցուք, հետաքրքիր էր իմանալ, որ Սարգսյան եղբայրների պապը, լինելով հասարակ գյուղացի, 1937-ին բռնադատվել է սովետական անվտանգության մարմինների կողմից, իսկ Սերժ Սարգսյանն, ահա, դրանից 6 տասնամյակ անց դարձել է անվտանգության նախարար, ճիշտ է, ոչ թե Հայկական ՍՍՀ, այլ Հայաստանի Հանրապետության։ Լեւոն Սարգսյանը պատմեց, որ նա առաջին հերթին ծանոթացել է պապի գործին, որտեղ նույնիսկ գնդակահարվածի լուսանկարը չի եղել։

Սարգսյանների հայրը 50 տարի դարբին է եղել, մայրը 35 տարի՝ ջուլհակուհի, պապի հայրը Տեղ գյուղի ինքնապաշտպանության ղեկավարը, ամենամեծ ազդեցությունը Լեւոն Սարգսյանի վրա գործել է տատը, ումից սիրում է մեջբերում ներ անել նաեւ Սերժ Սարգսյանը...

Անշուշտ, բացի կենսագրության վերաբերյալ հարցերից, ուրիշներն էլ եղան, որոնց հյուրը հաճախ անակնկալ պատասխաններ էր տալիս՝ չհամաձայնելով լրագրողի հետ, փորձելով հակասություններ գտնել նրա ասածների մեջ։ Սա, որպես երեւույթ, դրվատելի է եւ դիտելի է դարձնում հաղորդումը. այլապես շատ հարցազրույցներ հայկական եթերում ընթանում են կա՛մ կենացի, կա՛մ «խոսացած խաղի» տրամաբանությամբ։

Այնուհանդերձ, հարցազրույցի կիզակետն այն պահն էր, երբ Անժելան խնդրեց Լեւոնին մեկնաբանել Սարգսյանների միջնեկ եղբայր Ալեքսանդրի (հանրությանն ավելի հայտնի որպես Սաշիկ) մասին մամուլում շրջանառվող լուրերը. «Ձեր միջնեկ եղբոր հետ կապված քննադատություններ են լինում» (42։32)։

Լուրերի էությունը պարզաբանելու համար մեջբերեմ այդ թեմայով իմ լսած ամենաբարի անեկդոտը. արցախցիներն իրար մեջ խոսում են, թե՝ «ա, էս հայաստանցիները շատ են երես առել, է, մեր Սաշիկը ինչ բիզնես ա դնում, 50 տոկոսով փայ են մտնում»

Լեւոն Սարգսյանն առաջարկեց, որ Ալեքսանդրին քննադատողները դիմեն դատարան։ Մինչ այդ Անժելան հիշատակել էր ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի ասուլիսը, Շառլ Ազնավուրի հարցազրույցը («Իհարկե, ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզ պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Բանը հասել է նրան, որ ֆերմերները սովից մահանում են սեփական հողերի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին գնդակահարել է պետք, այլ ելք չկա: Ցանկանում եք մաֆիոզ լինել, գնացե´ք ու մաֆիա ստեղծեք այլ երկրում: Շատ երկրներ ամեն ինչ ընդունում են: Սակայն մաֆիա մի´ ստեղծեք ձեր տանը, սեփական ժողովրդի վրա»:), որտեղ նրանք խոսում են իշխանավորների կողմից բիզնեսը խեղդելու մասին, իսկ Լեւոն Սարգսյանը տարակուսել էր, թե ինչու նրանք չեն դիմում հենց իշխանություններին, երբ որ այդ հնարավորությունն ունեն։

«Ծուխն առանց կրակ լինու՞մ է»,- հարցրեց Անժելան ծիծաղով։ «Այո՛, լինում է»,- պատասխանեց հյուրը։ Անժելան նորից հղում արեց մամուլին։

«Դուք մեր մամուլին ծանոթ չե՞ք։ Դուք գտնում եք, որ մեր մամուլը լրիվ լուրջ մամու՞լ է»,- տարակուսեց հյուրը։

Անժելան նորից ծիծաղեց եւ չշարունակեց թեման։ (43։10)

Այստեղ շեղվեմ հաղորդումից՝ անդրադառնալու համար հարցազրույցի ընթացքում… լրագրողի ծիծաղի դերին։ Թատերական ամենահին ցուցումներում, որոնց ես ծանոթ եմ, « ռեժիսորը»՝ իշխան Համլետը, նախքան արքայի  առաջ ներկայացումը տալը, դերասանների խորհուրդ է տալիս չծիծաղել հանդիսատեսից ծիծաղ կորզելու համար.  

And let those that play
your clowns speak no more than is set down for them;
for there be of them that will themselves laugh, to
set on some quantity of barren spectators to laugh
too; though, in the mean time, some necessary
question of the play be then to be considered:
that's villanous, and shows a most pitiful ambition
in the fool that uses it.

Շեքսպիրյան խորհուրդները ակտուալ են մինչեւ այսօր, բայց միայն վերապահությամբ կարող են տարածվել հեռուստատեսային եթերի վրա։ Հատկապես երկար թոք շոուների ընթացքում նույնիսկ ցանկալի է, որ վարողը երբեմն ծիծաղի՝ դա անմիջականություն է հաղորդում զրույցին։  

Բայց քննարկվող հաղորդման դեպքում, կարծում եմ, լրագրողը պետք է օրինակներ բերեր մեդիայի հրապարակումներից, իսկ դատական ատյաններին դիմելու Լեւոն Սարգսյանի կոչին ի պատասխան հիշեր Հայաստանում արդարադատության համակարգի թույլ տված բազմաթիվ կողմնակալ որոշումները, մեջբերեր քաղաքացիների շրջանում առկա իրավական նիհիլիզմի վերաբերյալ վիճակագրությունը։

Բայց երբ իշխանության կամ մերձիշխանական պատկերացումները որեւէ կերպ չեն համընկնում երկրի վիճակի մասին հանրության կարծիքին, լրագրողի նյարդային կամ շփոթված ծիծաղը նույնպես յուրօրինակ պատասխան է։ Եվ այդ պահին հաղորդման գլխավոր հերոսն է դառնում տաղավարում տիրող անկեղծությունը, որը հեռուստադիտողին գրավելու կարեւորագույն բաղադրիչներից է։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?