Նեղանալ չկա. Չտեսության հիվանդությունը

11.02.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Երբ Հայաստանում նոր հեռուստաալիք է բացվում, կարելի է գրազ գալ, որ

ա) կիրակի երեկոյան հայկական կինոյի ժամ է լինելու,
բ) ծրագրում տեսնելու ենք օտարալեզու վերնագրերի հրավառություն։

Եթե առաջինը ինչ-որ անըմբռնելի զուգադիպություն է, երեւի թե միստիկայի ոլորտից, երկրորդը բխում է քաղքենիական մոլորությունից, թե օտար լեզուն գերադասելի է հայերենից։ Տվյալ պահի ամենաազդեցիկ օտար լեզուն։

Ամենավառ օրինակներից մեկը «Արմենիա» հեռուստատաընկերությունն էր, ուր մի կողմից իր վերջին երիտասարդությունն էր ապրում «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, մյուս կողմից ծրագրում նույնիսկ մեսրոպյան տառերն էին հազվադեպ, իսկ գրագետ ու բարեհունչ հայերենը վտարված էր եթերից (դիտարկումն իրականացվել է մեկ ամիս առաջ, Ucom մալուխային ցանցում)*։

Օտարամոլության այդ բացառիկ դրսեւորման մնացուկներին այսօր կարելի է հանդիպել միեւնույն հոլդինգի կազմում գործող «Արմնյուզ» հեռուստաալիքում՝ «Prime time», «Artnews», «Բանաձեւ Weekly», «Armcomedy Weekly» եւ այլ վերնագրերի տեսքով։

Իսկ սույն նյութի առիթը «Հ3» ալիքն է, որը մի քանի ամիս առաջ փոխարինեց «Երեւան» հեռուստաալիքին։

Գնացածի հետեւից ճիշտ չէ խոսել՝ ըստ լատինական ասացվածքի, ուստի միայն ասեմ, որ ինձ միշտ հետաքրքրել է, թե ովքեր էին նայում «Երեւան» ալիքը, ինքս, համենայնդեպս, նրա ոչ մի հեռուստադիտողի չեմ հանդիպել։

Նոր կամ վերանվանված «Հ3»-ը իր եթերն սկսեց սեփական հաղորդումների մեծ քանակով, ինչը դրական երեւույթ է եւ հեռուստալսարան նվաճելու լուրջ հայտ, բայց ես առայժմ հաղորդումների բովանդակությունը չեմ շոշափի։ Երկու պատճառով։

  1. Ծրագրի ժամերի խախտման, հայտարարված եւ իրականում հեռարձակվող հաղորդումների անհամապատասխանության դեպքերն այնքան շատ են, որ դրանք բռնացնելը դառնում է լոտոյի թվերի գուշակություն։
  2. Հաղորդումները դեռ հղկման փուլում են, եւ ճիշտ կլինի դրանք քննարկել, երբ կայանան։

Այն, ինչի մասին կարելի է խոսել, «Հ3»-ի հաղորդումների վերնագրերն են։ Դրանցում այնքան շատ են անգլերեն բառերը, որ կարող է թվալ, թե օտարալեզու ալիք է բացվել։

«NEWS TIME SHOW», «MuzTime», «Business time», «FACE BLOG», «NO COMMENT», «PRESS TIME», «STAR MUSIC», «Arm Muz», «NEWS Time», «CINEMA», «CINEMAFILM», «FACE CONTROL», «SPORT TIME»…

«ԻՄԻՋ»-ն ու «Տելեմարկետն» էլ՝ վրադիր։

Երեւույթը, մեղմ ասած, չտեսություն է, իսկ խորքային իմաստով՝ օտարահաճություն եւ կամավոր գաղութացում։

Կանխատեսելի են բացատրությունները, թե հայերենի բառերը երկար են, թե շատ անգլերեն բառեր միջազգային շրջանառություն ունեն, բայց նույն «Հ3»-ի ծրագրի հայերեն վերնագրերի շարքում ծամծմվածների կողքին («Հանուն առողջության») կան նաեւ թարմերն ու հաջողվածները՝ «Խոսքից խոսք», «Խնդուկներ», «Մեդալի հակառակ կողմը» (միգուցե, այնումենայնիվ, երե՞սը), «Ազատության արվեստ» եւ այլն։

Այսինքն՝ ջանքեր գործադրելու դեպքում «Հ3»-ի ստեղծագործական միտքը կարող էր բավարարել անգլերեն վերնագրերը հայացնելուն։

Բացի այդ՝ օտար լեզուն հայերենին խառնելն արդարացնող ամեն ոք պետք է հիշի, որ երբ 5-րդ դարում հայացվում էր ժամանակի «զանգվածային հաղորդակցության միջոցի»՝ պատարագի լեզուն, արդեն հազար տարի հունարենը մշակույթի հոմանիշ էր, նույնքան ժամանակ պարսկերենն էր կայսրության լեզու, հինգ հարյուր տարի էլ քաղաքակրթությունը տարածվում էր լատիներեն։

Եվ եթե մեր «ճկուն ու բարբարոս» լեզուն այսօր որեւէ մեկին թվում է ծանր ու անկենդան, պետք է մտածի՝ արդյոք այդ վիճակը չի ստեղծվել իր հենց գործողությունների կամ… անգործության մեղքով։

Վահրամ Մարտիրոսյան

*Թարմացվել է 2015թ.-ի փետրվարիի 11-ին, ժամը 20:38. Ավելացվել է (դիտարկումն իրականացվել է մեկ ամիս առաջ, Ucom մալուխային ցանցում) բացատրությունը, քանի որ հոդվածում նշված ոչ բոլոր հաղորդաշարերի անվանումներն են համապատասխանում ներկա իրավիճակին:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?