Ծառուկյանի հույսին

16.10.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Նախորդ շաբաթ մեդիան ցնցեց ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի մի արտահայտությունը. «Կարո՞ղ ա քաքն եմ ընկել ձեր ձեռը»,- ասաց նա խաղողագործ գյուղացիներին, որոնք խնդրում էին օգնել, որ իրենց խաղողը չփչանա։

Սոցցանցերն արձագանքեցին՝ Ծառուկյանին մեծ մասամբ նույնպիսի ոչ նորմատիվային բառեր հասցեագրելով։ Եղան նաեւ ըմբռնումով վերաբերվելու կոչեր՝ մարդը չի կարող միայնակ Հայաստանի ամբողջ խաղողը մթերել։

Միայն մի կայք գրեց «Խնամին «պադդերժկա» արեց «քաքն ընկած» խնամուն» հոդվածում (մի քանիսն էլ տարածեցին), որ գյուղացիները պայմանագիր են ունեցել գործարարի հետ. «Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանում տեւական ժամանակ է՝ հրաժարվում են մթերել խաղողը, թեեւ նրանք պայմանագրեր ունեն Ծառուկյանի հետ, եւ նա էլ նախապես գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանա»։

Լրագրողական լուրջ հետաքննություն է պետք` պարզելու համար, թե պայմանագրային հարաբերությունների ինչ խախտումներ են եղել, բայց եթե իրավիճակը վերացարկենք, ցանկացած տնտեսագիտական դասագրքում կարելի է գտնել պատասխանը` օլիգարխներն են սովորաբար ժողովրդի ձեռքը ք.քն ընկած լինու՞մ, թե՞ ժողովուրդը, պետությունը՝ օլիգարխների։ Մանավանդ եթե նրանք իրենց հարստությունը հարավ-աֆրիկյան ադամանդի հանքերում կամ սաուդյան նավթահորերում չեն վաստակել, այլ նույն այդ ժողովրդի ձեռքերով ու հաշվին։

Դա է հիմնական պատճառը, որ Հայաստանի տնտեսության համար ոչ մի բան բարենպաստ չէ՝ ո՛չ կարկուտն ու երաշտը, բնականաբար, ո՛չ էլ առատ բերքը։

Ինչպես հայկական ռադիոյի հին անեկդոտում էր. «Ո՞ր չորս գործոններն են խանգարում սովետական գյուղատնտեսության զարգացմանը. գարունը, ամառը, աշունը, ձմեռը»։

Ոչ օլիգարխիկ տնտեսության դեպքում կառավարությունը կգտներ ավելի արմատական լուծումներ, քան խնամիականն է, ինչպես որ քննարկվող դեպքում. «Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Մասիսի հատվածը փակելուց եւ տեւական պայքարից հետո ուշ երեկոյան գյուղացիներին հաջողվել է 4 օր շարունակ արեւի ու անձրեւի տակ մնալուց հետո մթերել իրենց բերքը։ Սակայն ոչ թե Գագիկ Ծառուկյանին պատկանող Մասիսի գործարանում, այլ Մխչյան գյուղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատ-Վինկոն» գործարանում»։

Այդ լուծումներից մեկը համապատասխան քարոզչությունն է։

Հայաստանը զարգացող երկրների շարքին է պատկանում։ Մի ամբողջ ուղղություն՝ զարգացման լրագրությունը (development journalism), ի սպաս է դրվում այս փուլում գտնվող երկրներին, եթե նույնիսկ դրանցում ավտորիտար վարչակարգ է տիրում։ Օգնելով գյուղացիներին, փոքր ձեռնարկություններին, նոր արտադրություններին։

Մեր դեպքում, իհարկե, նպատակը պետք է լինի այն աղաղակող հակասության վերացումը, երբ զարգացող գինեգործության երկրում բնակչության մեծագույն մասը օղի է սպառում, այն էլ օտար արտադրության։ Նույնիսկ առանց վիճակագրական տվյալների` հանգիստ խղճով կարելի է պնդել, որ եթե միայն խաղողագործ գյուղացիներն իրենց երեխաների հարսանիքներին ռուսական օղու փոխարեն հայկական գինի դնեն, Հայաստանում մթերման խնդիրը կվերանա։ (Իհարկե, իշխանությանն ու օլիգարխիան եւս. նրանք փոքրաթիվ են, բայց շատերը միայն վիսկի են խմում՝ հետեւում «էլիտայի» օրինակին)։

Ի վերջո, այդ գյուղացիները կամ քաղաքացի սպառողը մեղավոր չեն ռուսական օղու «ավանդույթի» համար. այն տարիքում, երբ տղամարդը խմիչք է ընտրում ամբողջ կյանքի համար, նրանք, իրենց հայրերը, պապերը ծառայել են սովետական բանակում՝ Ռուսաստանում ինչ-որ տեղ, ուր զինվորների ու սպաների մեծ մասն էլ ռուսներ են եղել (այն, որ մեր հարեւան վրացիները հավատարիմ են մնացել գինուն, ես բացատրում եմ Վրաստանում անկախ պետականության, ավանդույթները կրող ազնվականության ավելի երկարատեւ գոյությամբ)։

Առաջին հերթին հանրային հեռուստատեսությունը ԱՄԵՆՕՐՅԱ սոցիալական գովազդի, հաղորդաշարերի, նույնիսկ սերիալների միջոցով պետք է գինու օգտագործման մշակույթ սերմանի, արմատավորի՝ նպաստելով երկրի տնտեսության առանցքային ոլորտի զարգացմանը` չթողնելով այն Ծառուկյանի հույսին։

Նույնը վերաբերում է իր քաղաքացիական պատասխանատվությունը գիտակցող ամբողջ մեդիային։

Իսկ լրատվամիջոցները, որոնց սեփականատերերը շահեր ունեն այս ոլորտում, ինչպես Ծառուկյանի գործունեությունը լայնորեն լուսաբանող «Կենտրոն» հ/ը, ավելի օգտակար կլինեն իրենց «պատրոնին»՝ նրա բիզնեսի շուկան երկրի ներսում մեծացնելով, քան անվերջ ցույց տալով երախտագիտություն հայտնող գյուղացիների, որոնց ձեռքը նա... «ք.քն է ընկնելու» որոշակի պահից սկսած։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?