«Դեմքը մարդու սեփականությունն է, եւ նույնիսկ մահից հետո ոչ ոք իրավունք չունի այն օգտագործել»

18.11.2014, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Լուսանկարիչ Գերման Ավագյանը լուսանկարելուց առաջ աշխատում է խորասուզվել մարդկային ճակատագրերի ու իրադրության մեջ այնքան, որքան թույլ է տալիս իրավիճակն ու իր ներքին զգայական համակարգը: Երկար զրուցում է մարդու հետ, ընկերանում, հարցեր տալիս եւ, ամենակարեւորը, լսում է: Լսածն ու վերապրածը դառնում են շրջանակված մի ակնթարթ, որի հետեւում միշտ պատմություն է:

Ի վերջո, լուսանկարչի պրոֆեսիոնալիզմը հենց պատմություն ակնարկելն է, այլ ոչ թե միայն հոգեցունց, շշմեցնող ու սկանդալային կադրեր տարածելը:

Գերման Ավագյանն աշխատել է եւ՛ որպես ֆոտոլրագրող (նաեւ միջազգային համբավ ունեցող CNN-ի համար), եւ՛ սեփական հեղինակային վավերագրական ֆոտոնախագծեր է ստեղծել: Նա վստահ է, որ ցանկացած լուսանկար պիտի փոխի դիտողին, կամ էլ գոնե դրդի նրան մտորել, հուզականորեն հարստացնել, այլ ոչ թե իր ներգործման էֆեկտով «հարվածել» ուղեղին:

Մեր մեդիա դաշտի խնդիրներից մեկը, ըստ Գերման Ավագյանի, լրագրողի ու հատկապես ֆոտոլրագրողի մասնագիտության արժեզրկումն է: Նաեւ դա փոխելու նպատակով էլ նա ցանկանում է Երեւանում ֆոտոդպրոց հիմնել: «Մի գաղտնիք բացեմ. ոչ մի լուսանկարիչ ոչինչ սովորեցնել չի կարող, սովորեցնելն ընդհանրապես անհնարին է, կարելի է միայն միասին աշխատել: Ուզում եմ միասին ընտրենք, կառուցենք, զգանք ֆոտոժապավենի հետ շփման հաճույքը»,- ասում է նա:

Ինտերնետի գոյությունն առաջին հերթին ազդեց վիզուալ դաշտի վրա: Ահռելի քանակի պատկերներ լցվեցին մեր կյանք՝ խճճելով այն: Այս ֆոտոգրոհը ինչպե՞ս ազդեց մեդիա դաշտի վրա:

Լրագրողական ու վավերագրական ֆոտոները տարբեր են: Ես գտնում եմ, որ լուսանկարը բացիկ չէ, այլ պատմություն է, եւ այդ սկզբունքով էլ աշխատում եմ տարիներ շարունակ: Իսկ ինտերնետն ազդեց ոչ միայն ֆոտոների, այլեւ տեքստի վրա: Ի՞նչ է, մեդիա դաշտում հայտնվող լրագրողական հոդվածները չե՞ն խճճում: Բառերը նույնքան շատ ու հաճախ անորակ են, որքան պատկերները:

Ինձ ավելի շատ բարկացնում է, որ Հայաստանում ամեն ինչ արվում է լրագրողի (եւ հատկապես ֆոտոլրագրողի) մասնագիտությունը վարկաբեկելու համար:

Ստեղծվում է ագրեսիվ, կիսագրագետ լրագրողի կերպար, որը մարդկանց կյանք է ներխուժում ու ինչ ուզում, լուսանկարում է, ինչպես ուզում, վարվում է: Կամ իշխանություններն են չափազանց խելացի, որ կարողանում են այդ աստիճան արժեզրկել լրագրողի մասնագիտությունը, կամ էլ հասարակությունն է անպատրաստ դիմադրել:

Ադրբեջանում, օրինակ, լրագրողներին բանտ են նետում, իսկ մեզ մոտ վարկաբեկում են՝ նույն հարթության վրա դնելով ոչ պրոֆեսիոնալ, ագրեսիվ ինքնահավանների հետ: Խոսքի ազատություն կա, բայց խոսքն արժեք չունի, քանի որ քեզ կարող են ասել՝ բա դա չե՞ք: Եվ ստացվում է, որ ես էլ եմ ֆոտոլրագրող, ոմն կիսագրագետը, բայց հայտնին՝ նույնպես:  

Լրագրողի վարկանիշը բարձրացնելու եւ վերջերս արձանի արժանացած լրագրողական զանգվածին չնմանվելու համար լուրջ ջանքեր է հարկավոր գործադրել:

Ինչպե՞ս վարվել, երբ լուրի, ինֆորմացիայի հիմքը ցնցումն է, մահը, եւ հարկ է ցույց տալ մահացածներին, արյուն, վթար, աղետ: Լրագրողական էթիկան ու իրականությունը պատկերելու պարտքը հաճախ հակասում են իրար:

Խնդիրը ոչ թե լրագրողական, այլ պարզ մարդկային էթիկան է: Միշտ ասել եմ, որ չի կարելի նկարահանել ու ցուցադրել մահացած մարդկանց դեմքերը: Ի վերջո, ֆոտոլրագրողի


«Լուսանկարն ավելի մեծ ներգործություն ունի, քան տեսագրությունը. ֆոտոյի առավելությունը վիդեոյի նկատմամբ հենց հիշվելու հատկությունն է»

պրոֆեսիոնալիզմը պարտադրում է այնպիսի լուսանկար անել, որտեղ կերեւա աղետը, բայց մահացածի դեմքը չի երեւա:

Հիշում եմ՝ 1988թ.-ի երկրաշարժից հետո բազմաթիվ լուսանկարների շարքում տեսա մի լուսանկար, որը պատկերում էր բակում դրված դագաղներ: Բոլոր մահացած մարդկանց դեմքերը փակ էին, բայց մեկը բաց էր` առանց ծածկոցի:

Հարցրի լուսանկարչին՝ ինչպե՞ս են մոռացել ծածկել։ Պատասխանեց՝ ես եմ բացել, ուզում էի ավելի ազդեցիկ լուսանկար անել։ Համոզված եմ, որ նա այդպես վարվելու իրավունք չուներ, դեմքը մարդու սեփականությունն է, եւ նույնիսկ մահից հետո ոչ ոք իրավունք չունի այդ սեփականությունն օգտագործել։

Դա մարդու իրավունքների խախտում է, նույնիսկ եթե մեծ էֆեկտ ունեցող ֆոտո է ծնվում։

Անգամ ամենաէժանագին հոլիվուդյան ֆիլմերում տեսնում ենք, որ առաջին հերթին փակում են մահացած մարդու դեմքը: Ոստիկանը մոտենում է, հանում իր բաճկոնն ու արագ փակում դիակի դեմքը: Դա է կարգը:

Մահն ու աղետը ավելի ազդեցիկ են լուսանկարներում, քան երբ բառերով են նկարագրվում: Իսկ մեդիան ուզում է ազդեցիկ նյութեր անել:

Ի՞նչ իմաստ կա լուսանկարել դագաղում պառկած մարդուն: Եթե գրեն, որ նա մահացել է, դա բավական չի՞ լինի, չե՞ն հավատա:

Կան լուսանկարիչներ, որոնք հանգիստ նկարում են, ես դա անել չեմ կարող: Երբ 2010 թ.-ի Օլիմպիական խաղերի օրերին զոհված մարզիկի թաղումն էր, ես գնացի Բակուրիանի` թաղմանը, եւ լուսանկարեցի: Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե մահացածը, այլ ծիսակարգը, արարողության պատրաստումը: Որոշ կադրերում նաեւ դագաղն է երեւում, բայց այդ ֆոտոները ես երբեք չեմ ցուցադրել: Լուսանկարից արդեն իսկ պարզ է, որ սա թաղում է, էլ ի՞նչ կարիք կա մահացածի դեմքը ցուցադրել:

Հասկանում եք, մարդն այնպիսի էակ է, որը սահմանափակ քանակությամբ էմոցիաներ է ընկալում: Եվ եթե մեդիան ուզում է ազդեցիկ նյութ անել, այդ սահմանը պիտի հաշվարկի, այլապես հակառակ էֆեկտը կստանա. ցնցվելու փոխարեն, լսարանն ավելի անտարբեր կդառնա:

Գոյություն ունի զգացմունքայնության շեմ, որն անցնելով` մարդը դադարում է ընկալել ու զգալ ցավը, վտանգը: Նրա համար ամեն ինչը միեւնույն է դառնում: Եթե մի տեսանյութ հարյուր անգամ ցույց տաս ու տարածես, մարդը կդադարի ընկալել այն շատ պարզ պատճառով` կբթանա նրա ընկալողությունը:

Հենց դա տեղի ունեցավ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին, երբ Նյու Յորքում պայթեցվեցին զույգ աշտարակները: Այդ ժամանակ Ամերիկայում էի ապրում, եւ հիշում եմ, թե ինչպես էին պայթյունի կադրերն ազդում մարդկանց վրա. սկզբում սարսափ էր, կարեկցանք, իսկ հետո զգացմունքները բթացան, արձագանքը թուլացավ:

«Բարկացնում է, որ Հայաստանում ամեն ինչ արվում է լրագրողի (եւ հատկապես ֆոտոլրագրողի) մասնագիտությունը վարկաբեկելու համար:

Ստեղծվում է ագրեսիվ, կիսագրագետ լրագրողի կերպար, որը մարդկանց կյանք է ներխուժում ու ինչ ուզում, անում է»

Եթե ֆոտոլրագրողը դաստիարակված մարդ է, նա չի լուսանկարի նաեւ հոգեկան հիվանդներին, ասենք, մերկ կամ նսեմացնող իրավիճակում: Եթե հանկարծ մի հիվանդ այնպիսի շարժում անի, որ կուրծքը երեւա, ես ոչ միայն խցիկը, այլեւ հայացքս կփախցնեմ:

Գիտեմ մի հեղինակի, ով հատուկ նախագիծ էր արել հոսփիսում՝ լուսանկարելով մարդկանց մահից առաջ ու հետո: Շատ հետաքրքիր դիմանկարներ էին:

Բայց հեղինակը դեռեւս կենդանության օրոք այդ մարդկանցից իրենց լուսանկարելու թույլտվություն էր ստացել, բացի այդ՝ լուսանկարները մի քանի տարի տեւած աշխատանքի, շփման արդյունք էին: Իսկ մեզ մոտ լուսանկարիչները գալիս են, արագ-արագ չխկացնում են իրենց սարքերով ու միանգամից տարածում պատկերները:

Ձեր բոլոր ֆոտոնախագծերը փորձում են կապ ստեղծել տարբեր տարիների, հերոսների միջեւ: Կարելի՞ է ասել, որ լուսանկարը փոխում է մոտեցումն այս կամ այն խնդրի հանդեպ: 

Միշտ ուզում եմ, որ այդպես լինի: Երկար տարիներ լուսանկարել եմ Արցախի պատերազմից հետո մնացած պայթուցիկ զինամթերքի, ականների պատճառով հաշմանդամ դարձած երեխաներին (շատերը հիմա իմ ընկերներն են): Այո, այդ նախագծից հետո շատ բան փոխվեց:

Ցանկացած վավերագրական նախագիծ, որը հայտնվում է մեդիայում (լայն իմաստով նաեւ ամենուրեք, քանի որ ամեն ինչն էլ մեդիա է), պիտի ազդեցություն թողնի հենց կյանքի վրա, այլապես ինչի՞ համար է այն արվել:

Մի անգամ 1997 թ.-ին լուրջ սխալ գործեցի: «Առավոտ» թերթում էի աշխատում, երբ տեղեկություն ստացանք, որ Կիեւյան կամրջից նետվելով` մի մարդ է ինքնասպան եղել: Շատ արագ հասա դեպքի վայր, անգամ ոստիկաններից ու բժիշկներից շուտ, լուսանկարեցի ու գնացի: Ֆոտոները տպագրվեցին, բայց նույնիսկ հիմա՝ տարիներ անց, զղջում եմ արածիս համար:

Միշտ մտածում եմ՝ եթե մի քանի րոպե շուտ հասնեի, խոսեի մարդու հետ, արդյո՞ք կստացվեր կանխել ինքնասպանությունը: Երեւի թե չէր ստացվի, բայց փորձել պետք է, քանի որ կյանքը մեզ տրված ամենագեղեցիկ նվերն է, եւ դրա մասին կարելի է հիշեցնել հենց լուսանկարների միջոցով: Առաջարկում եմ Կիեւյան կամրջի մոտակայքում պաստառներ փակցնել, որոնք կհիշեցնեն հենց կյանքի արժեքի մասին:

Lուսանկարն ավելի մեծ ներգործություն ունի, քան տեսագրությունը. ֆոտոյի առավելությունը վիդեոյի նկատմամբ հենց հիշվելու հատկությունն է: Չարժե կադրը անիմաստ բաներին ծառայեցնել:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?