2012.10.02,

Նյուսրում

Վրաստանի խորհրդարանական ընտրություններ 2012- լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքեր

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները: Ներկայացնում ենք ընտրությունների լուսաբանման ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտման ժամանակագրությունը՝ ըստ Media.ge-ի:

18:52 «Ստուդիա Մոնիտոր»-ի լրագրող Նանա Նասկիդաշվիլիին Տկվիավի գյուղի ընտրատեղամասում ֆիզիկական վիրավորանք են հասցրել: Նրա խոսքերով՝ ինքը տարբերանշաններ չունեցող անծանոթ անձանց հարցրել է, թե ինչու են գտնվում ընտրատեղամասում: Նանա Նասկիդաշվիլիին նշել է, որ միացրած տեսախցիկը բարկացրել է «Ազգային շարժման» ներկայացուցիչներին:

Նրանցից մեկը` Զազա Քարելին սկզբում փորձել է կոտրել տեսախցիկը, այնուհետեւ ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ: Դեպքից հետո հանձնաժողովի անդամները Զազա Քարելիին դուրս են բերել ընտրատեղամասից: Լրագրողը մնացել է ընտրատեղամասում եւ շարունակել է հետեւել ձայների հաշվարկի գործընթացին:

18:32 GNS ստուդիայի նկարահանող խմբին Ախալքալաքիի Վաչիանի գյուղի N 25 ընտրատեղամասում սկզբում նկարահանելու թույլտվություն չեն տվել, այնուհետեւ վնասել են տեսախցիկը:

GNS ստուդիայի լրագրող Զվիադ Թխելիձեն Media.ge-ին հայտնել է, որ իրենք ընտրատեղամասում քվեարակության գործընթացն են նկարահանելիս եղել, երբ մի խմած մարդ մոտեցել է եւ ագրեսիվ տոնով պահանջել է դադարեցնել նկարահանումը: Լրագրողի խոսքերով՝ խմածին միացել են նաեւ հանձնաժողովի նախագահ Վահան Բերգարյանը եւ մի քանի ագրեսիվորեն տրամադրված այլ անձնինք: Նկարահանող խմբին բռնի ուժով ստիպել են լքել ընտրատեղամասը:

«Ֆիզիկական բախում չի եղել, սակայն քաշքշուկի ժամանակ տեսախցիկը վնասել են: Ընտրատեղամասից դուրս գտնվող ոստիկանները ոչինչ չարեցին: Ես չգիտեմ հանձնաժողովի նախագահի ագրեսիայի պատճառը, ինչպես նաեւ թե ինչու նա օտար մարդկանց ներս թողեց քվեարկության սենյակ: Մենք մեկ այլ գյուղում էլ ենք եղել: Այնտեղ նույնպես ագրեսիա ցուցաբերվեց տեսախցիկի նկատմամբ»,- նշել է Զվիադ Թխելիձեն:

GNS ստուդիայի պատրաստած ամենշաբաթյա «Շաբաթվա ռեպորտաժը» տեղեկատվական-վերլուծական հաղորդումը հեռարձակվում է «Մաեստրո» հեռուստաընկերության եթերով:

17:46 Mzera TV-ի համաձայն՝ ինտերնետ հրատարակության օպերատորին թույլ չեն տվել աշխատել Տկվիավիի N 92 ընտրատեղամասում: Mzera TV-ի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ Գագա Գիգուաշվիլին օպերատոր Զուրա Ռիժամաձեին ընտրատեղամասում թույլ չի տվել 10 րոպեի ընթացքում տեղաշարժվել ընտրատեղամասով եւ  նկարահանել քվաերկության ընթացքը, ինչը թույլատրվում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

«Ինձ համար տեղ էին հատկացրել մի անկյունում, եւ ես ստիպված էի այդտեղից իրականացնել նկարահանումը»,- ասում է Ռիժամաձեին Mzera TV-ի պատրաստած տեսանյութում: Mzera TV-ն կապվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որտեղ հաստատել են, որ տվյալ գործողությունը օրենքի խախտում է:

«Հիմա մենք Տկվիանիի ընտրատեղամաս ենք գնում, եւ օպերատորին անպայաման կխնդրենք բողոք գրել »,- ասել են ԿԸՀ ներկայացուցիչները:

16:38 Խոչընդոտվել է «Նետգազեթի»-ի լրագրողներ Անի Բերուկաշվիլիի եւ Նինո Կախիշվիլիի ընտրատեղամասում նկարահանելու իրավունքը:

Ինչպես Media.ge-ի հետ զրույցում ասել է Անի Բերուկաշվիլին, լրագրողը մտել է Գլդանիի N 29 ընտրատեղամաս եւ նստել է տեսախցիկների համար հատկացված տեղում: Մոտ 5 րոպե հետո քվեարկողներից մեկի մոտ խնդիր է ծագել, սկսվել է իրարանցում, որի ընթացքում լրագրողը միացրել է իր ֆլիփ տեսախցիկը:

«Երբ իրավիճակը հանդարտվեց, հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ արձանագրել է բջջային հեռախոսով նկարահանելու փաստ: Ես ասացի, որ ես եմ նկարահանել: Նա հայտարարեց, որ իմ գալուց 10 րոպե է անցել եւ ես նկարահանելու իրավունք այլեւս չունեի»,- նշում է Անի Բերուկաշվիլին: Լրագրողի խոսքերով՝ ինքը հանձնաժողովի նախագահին բացատրել է, որ նկարահանումն իրականցրել է տեսախցիկների համար հատկացաված տեղից:

«Այնուհետեւ նա զանգեց ԿԸՀ եւ լսափողը փոխանցեց ինձ, խոսեցի ոմն Թաթա Զարքուայի հետ, ով ասաց, որ տեսախցիկների համար հատկացված տեղում միայն շտատիվով տեսախցիկներ պետք է լինեն, ես ստատիկ կադրեր նկարահանել չէի կարողանա, քանի որ ձեռքս կհոգներ, դրա համար ինձ ստիպեցին լքել ընտրատեղամասը»,-ասում է Անի Բերուկաշվիլին:

Խոչընդոտվել է նաեւ «Նետգազեթի»-ի լրագրող Նինո Կախիշվիլիի նկարահանում իրականացնելու իրավունքը: Ինչպես նա հայտնել է Media.ge-ին, լրագրողը գտնվել է Սամգորիի N 88 ընտրատեղամասում, երբ  ընտրողներից մեկը դուրս է եկել ընտրատեղամասից եւ սկսել է գոռալ: Լրագրողը դուրս է եկել նրա հետեւից՝ պարզելու, թե ինչ է պատահել: Քաղաքացին պնդել է, որ ընտրատեղամասում դիտորդի կարգավիճակով գտնվող մարդիկ համապատասխան փաստաթղթեր չունեն:

Նինո Կախիշվիլիի խոսքերով՝ ինքը վերադարձել է ներս եւ հանձնաժողովի նախագահից պահանջել է բացատրել, թե տվյալ անձը ինչ կարգավիճակով է գտնվում ընտրատեղամասում:

«Միացրեցի ֆլիփը եւ սկսեցի նկարահանել: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ մատյանը նկարահանել չի թույլատրվում: Ես անջատեցի տեսախցիկը: Այդ ժամանակ մտավ անծանոթ մի մարդ, որի վրա գրված էր «Ժողովրդական կուսակցություն»: Նա ասաց, որ այս ընտրատեղամասում միայն երկու տեսախցիկ իրավունք ունի նկարահանել: Մի քանի րոպե ձգվեց մեր վեճը: Նա ցանկանում էր խոչընդոտել իմ՝ նկարահանում կատարելու իրավունքը: Ես արդեն ավարտել էի գործս, դրա համար լքեցի ընտրատեղամասը»,- ասում է Նինո Կախիշվիլին: 

15:57 «Լիբերալի» թերթի փոխանցմամբ՝ Զուգդիդիում «Ինֆո 9»-ի լրագրողի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար են տեսել: «Լիբերալի» հետ զրույցում «Ինֆո 9»-ի լրագրող Միշկա Ձիձիգուրին ասել է, որ անհայտ անձինք ֆիզիկական եւ խոսքային վիրավորանք են հասցրել իրեն:

Լրագրողի խոսքերով՝ Զուգդիդիի Ինգիրի N 46 ընտրատեղամասում աշխատելիս չհավատարմագրված եւ տարբերանշան չունեցող ահնայտ անձը ամբողջ օրվա ընթացքում տեսախցիկով հետապնդել է իրեն: Լրագրողը մոտեցել է նրան եւ հարցրել է, թե ինչու է նկարահանում իրեն, սակայն որեւէ պատասխան չի ստացել:

«Ավելի ուշ այլ ընտրատեղամաս էինք գնում: Կանգնեցինք սուպերմարկետի մոտ: Երբ դուրս եկանք, տեսանք երեք ավտոմեքենա շրջապատել են մեր մեքենան: Ավտոմեքենաներից մոտ 10 հոգի դուրս եկան, խլեցին օպերատորի տեսախցիկը: Նրանք մեզ վրա գոռում էին, թե ինչու ենք իբրեւ ամբողջ օրը վախեցնում մարդկանց: Փորձեցին ինձ մերկացնել, որ տեսնեն, թե էլ որտեղ տեսախցիկ ունեմ: Սպառնում էին, ասում էին՝ էլ չե՞ս պատրաստվում Զուգդիդիում ապրել: Այն անձը, ով ամբողջ օրը տեսախցիկով հետապնդում էր ինձ, նրանց հետ էր: Չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե այլ մարդիկ չմիջամտեին»:

Միշկա Ձիձիգուրիի խոսքերով՝ ինքը ուշացումով դեպքի վայր հասած ոստիկաններից օգնություն է խնդրել, սակայն իրավապահները նրան նույնիսկ չեն պատասխանել:

«Ոստիկանությունը ոչինչ չասաց: Նրանք գնացին այն երեք ավտոմեքենաների հետ միասին»,- ասում է Միշկա Ձիձիգուրին: Լրագրողն արդեն զրուցել է օմբուդսմենի ներկայացուցչի հետ Սամեգրելոյում:

15:31 «9-րդ ալիք»-ի «Դետեկտոր» հաղորդման խմբի ղեկավար Բեսո Կուրտանիձեն հայտարարում է, որ Ջավախքում անհայտ անձինք հարձակվել են նրա վրա: Նրա խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել Փոկա գյուղի N 32 ընտրատեղամասում: Ինչպես «9-րդ ալիք»-ին հայտնել է Բեսո Կուրտանիձեն, նա լրագրողի հավատարմագրությամբ մտել է ընտրատեղամաս, որտեղ «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցչի խոսքերով՝ քվեարկությունը խախտումներով է տեղի ունեցել:

«Ես մոտ 5 րոպե նկարում էի, երբ ներխուժեցին «Նոր աջերի» ներկայացուցիչն ու եւս 10 հոգի, խլեցին տեսախցիկը, բջջային հեռախոսը եւ ձերբակալեցին օպերատորին, պահանջում էին ջնջել կադրերը»,- ասում է Բեսո Կուրտանիձեն:

Նրա խոսքերով՝ դրանից հետո նա լքել է ընտրատեղամասը եւ դիմել է ոստիկանություն, որտեղ հայտարարել են, որ ինքը ընտրատեղամաս մուտք գործելու իրավունք չի ունեցել, եւ խորհուրդ են տվել խնդիրը լուծել ընտրական հանձնաժողովի հետ:

«Վերադարձա ընտրատեղամաս եւ հայտարարեցի, որ տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնեմ ԵԱՀԿ դիտորդներին: Դրանից հետո նրանք ինչ-որ տեղ զանգեցին եւ վերադարձրին տեսախցիկն ու հիշողության քարտը, սակայն ասացին, որ եթե ես այդ կադրերը եթեր թողնեմ, լավ չի լինի»,- ասում է Բեսո Կուրտանիձեն:

Լրագրողի խոսքերով՝ իրականում ինքը նկարահանել է մի կնոջ, ով ասել է, որ քվեարկությունը խախտումներով է ընթանում:

14:41 «Ինֆո 9» լրատվական գործակալության լրագրող Ռեվազ Նադիրաձեին դուրս են հրավիրել Գորիի N 8 ընտրատեղամասից՝ պատճառաբանելով, որ կարծես «Ինֆո 9»-ի նկարահանող խումնբ արդեն եղել է այս ընտրատեղամասում եւ իրականացրել է նկարահանում: Նադիրաձեն գտնում է, որ խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը:

14:23 «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի տեղեկությամբ՝ Սիղնաղիի շրջանի N 28 եւ N 29 ընտրատեղամասերում շրջանային հանձնաժողովի անդամ Վանո Պերտիաշվիլին թույլ չի տվել լրագրողներին նկարահանումներ իրականացնել: Այս դեպքից հետ ընտրատեղմաս են գնացել քվեարկելու ռազմական ոստիկանության աշխատակիցները:

«Լրագրողներին փաստորեն դուրս են հանել ընտրատեղամասից եւ թույլ չեն տվել նկարահանել ռազմական ոստիկանների քվեարկելու գործընթացը»,- հայտարարել է «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի խորհրդի նախագահ Էկա Գիգաուրին:

Նրա խոսքերով՝ չի պահպանվել նաեւ ընտրատեղամասում թույլատրված 10 րոպե նկարահանում իրականացնելու սահմանաչափը եւ կոնկրետ տեղ չի հատկացվել լրագրողներին, որտեղից վերջիններս կկարողանային նկարահանել:

Տեսախցիկը նկարահանման ցանկացած օբյեկտից առնվազն 3 մետր հեռավորության վրա պետք է գտնվի: Եթե քվեարկության նպատակով ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձը հեռանա տեղամասից կամ տեսախցիկով տեղաշարժվի տեսախցիկի համար հատկացված գոտուց դուրս, կկորցնի տեսա- նկարահանելու իրավունքը:

13:31 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հաստատում տեղեկությունն այն մասին, որ «Ինֆո 9» լրատվական գործակալության լրագրող Էկա Գաչեչիլաձեին եւ օպերատոր Լաշա Թաբագարին Օսիաուրի գյուղի N 48 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ֆիզիկական վիրավորանք են հասցրել: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Էկատերինե Ազարաշվիլին:

«Ինֆո 9»-ի լրագրող Էկա Գաչեչիլաձեն Media.ge-ի հետ զրույցում հայտարարել է, որ դեպքը պատահել է այն ժամանակ, երբ շրջանային հանձնաժողովի նախագահ Իմեդո Լացաբիձեն եւ տեղամասային հանձնաժողովի նախագահ Մայա Լացաբիձեն դուրս են եկել ընտրատեղամասից եւ սկսել են կռիվ անել քվեարկության սպասող մարդկանց հետ, թե ինչու են նրանք այնտեղ կանգնած:

«Օպերատորը սկսեց այդ ամենը նկարահանել: Մենք դրսում էինք գտնվում եւ ունեինք դրա իրավունքը: Այդ ժամանակ Լացաբիձեին ձեռքով հարվածեց տեսախցիկին եւ օպերատորի գլխին, հանկարծակի հայտնված երկու անձինք ծեծելով քարշ տվեցին նրան՝ ասելով, որ չնկարահանի»,- ասում է Էկա Գաչեչիլաձեն:

Դրանից հետո լրագրողը որոշել է փախչել:

«Բայց նույն մարդիկ, ովքեր քարշ տվեցին օպերատորին, ինչ-որ բանով հարվածեցին ձախ ձեռքիս եւ թիակիս: Այնտեղ գտնվող մարդիկ ուշքի բերեցին ինձ»,- ասում է  Գաչեչիլաձեն:

Նրա խոսքերով՝ ոստիկանությունը հետեւել է այս ամենին, սակայն ոչինչ չի արել դեպքը կանխելու համար:

Նյութը` Media.ge
Թարգմանությունը՝ Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *