2016.04.26,

Քննադատ

Դիտարկում կամ երկու խոսք մեր պատերազմի մասին

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

Քառօրյա պատերազմի ընթացքում ինձ հանդիպած լուսանկարիչներին կարելի է պայմանականորեն դասակարգել հետևյալ կերպ.

  • Որոշակի լրատվամիջոցի համար աշխատող ֆոտովավերագրողներ, որոնք Արցախ էին եկել իրավիճակն արձանագրող լրագրողի հետ։

Նրանց գործն ամենահեշտն էր։ Ուրիշի գրած տեքստը համալրվում էր իրենց լուսանկարներով։ Լուսանկարների թեման ընտրում էր լրագրողը։ Հաճախ այդ ընտրողը լինում էր լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը։ Դրանց շարքում կարելի է դնել հայկական և իտալական լրատվամիջոցներն ու հեռուստաալիքները։

  • Լուսանկարիչ-ֆրիլանսերներ կամ սթրինգերներ։

Այս մարդիկ իրենք էին թեմաներ փնտրում, որոշում այստեղ կամ այնտեղ մեկնելու նպատակահարմարությունը կամ վտանգի աստիճանը։ Նման լուսանկարիչներ կային Ռուսաստանից և Հայաստանից։

  • Ֆոտոգործակալություններում աշխատող լուսանկարիչներ։

Այս տղաները գիտեին իրենց գործակալությունների չափանիշները և աշխատում էին այդ չափանիշների շրջանակներում։ Մարտական գործողությունների ժամանակ ամենամեծ ակտիվությունը ցուցաբերեց Ռոյթերսը։ Ե՛վ թբիլիսյան, և՛ երևանյան ներկայացուցիչներն Արցախում էին մարտական գործողությունների ամենաբուռն շրջանում։

Ես գրում եմ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածի մասին։ Եվ մտադիր չեմ անդրադառնալ այն լրագրողներին, որոնք Արցախ մեկնեցին «հրադադարի» բանավոր պայմանավորվածությունից հետո։

Եթե որոշել եք, որ անհրաժեշտ է մեկնել պատերազմական գոտի, պետք է նաև հասկանաք, որ այդ մեկնումը սուզանավի յուրօրինակ «ինքնավար նավարկություն» է։ Այդ «նավի» անձնակազմը պետք է ամբողջացվի տանը՝ Երևանում, և ցանկալի է, որ մնա անփոփոխ։

Նախ և առաջ մոռացեք ռուսական և օտարերկրա լուսանկարիչների բոլոր հոդվածներն ու խորհուրդները, թե ինչպես պետք է պահեք ձեզ ռազմի դաշտում։ Նրանք այդ ռազմադաշտերում չեզոք դիրքում էին։ Նույնիսկ չեչենական պատերազմում՝ բազմաթիվ ռուս լուսանկարիչների հաջողվել է լուսանկարել՝ ներկայանալով ոչ թե որպես ռուս լուսանկարիչ, այլ որպես արտասահմանյան ԶԼՄ-ների աշխատակից։

Արցախի պատերազմը մե՛ր պատերազմն է։ Եվ Աստված մի արասցե՝ ընկնեք հակառակորդի ձեռքը։ Ձեզ չեն խնայելու, ինչ է թե լրագրողներ եք՝ ի տարբերություն հենց այդ նույն ռուս լուսանկարիչների։

Եթե ձեր ավտոմեքենայի մեջ նստեցնեք ինչ-որ մեկի, ձեր ուսերին կառնեք ձեր ուղեկցի կյանքի պատասխանատվությունը։ Իսկ հաճա՞խ են ձեր խնդիրները համընկնում ձեր ուղեկիցների խնդիրների հետ։

Յուրաքանչյուր ոք, ով հասնում է մարտական գործողությունների շրջան, պետք է շատ որոշակիորեն պատկերացնի իր մեկնումի նպատակն ու խնդիրները։ Ինքս հստակեցրել էի նպատակս՝ աշխատել հայկական մամուլի համար, առաջին ձեռքից տեղեկություններ տալ Հայաստանի քաղաքացիներին՝ բնակչության շրջանում ահագնացող տագնապը նվազեցնելու համար։ Հատկապես ուզում էի խաղաղեցնել զինվորների ծնողներին։ Ես պարզորոշ ընտրել էի իմ նպատակային լսարանը։ Կարծում եք՝ օտարերկրյա լուսանկարիչները ունեի՞ն նման նպատակ։

Հայաստանի լուսանկարիչների մոլորություններից մեկն այն է, որ նրանց թվում է՝ տեղական իշխանությունները, տեսնելով իրենց լրագրողական «բեջը», կսկսեն ամեն ինչով օժանդակել իրենց։ Շատերը հիասթափություն ապրեցին ՊՆ մամուլի կենտրոնի պահվածքից։

Բայց կարելի է նաև հասկանալ այդ գերատեսչության աշխատակիցներին։ Նրանց խնդիրների շրջանակում չեն երիտասարդ ֆոտոլրագրողներին օգնելը լուսանկարների ընտրության հարցում և տրանսպորտի ապահովումը։

Իհարկե, ԶԼՄ-ների այցեր կազմակերպվում էին, բայց ո՞ր մի լուսանկարիչը կցանկանա միանալ գործընկերների բազմաքանակ խմբին։ Բոլորն էլ ձգտում էին դառնալ բացառիկ լուսանկարների հեղինակ։

Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է նպատակների և խնդիրների ճշգրտումը։ Կարևորագույն հարցին՝ «Ինչու՞ եմ գնում պատերազմ», ամեն լուսանկարիչ չէ, որ կարող է տալ խելամիտ պատասխան։ Ոմանք հիշում էին «ճշմարտությունը տեղ հասցնելու լրագրողի պարտքի» մասին, ոմանք խոսում ֆոտոպատմություն ստեղծելու ցանկության…

Այս բոլոր մեկնակերպերը լավ են խաղաղ ժամանակների համար։ Երբ թնդում են գնդացիրները, պետք է հստակեցնես՝ հանուն ինչի ես վտանգում կյանքդ՝ նկարելով այդ դղրդոցի տակ։

Ոչ մի լուսանկար աշխարհում մարդկային կյանք չարժե, սա ընդունենք որպես աքսիոմ։

Նկարում եք, որ փոխանցեք լուսանկարը Ռոյթերսին կամ մի այլ գործակալությա՞ն։ Դուք, երևի թե, գիտեք, որ ձեր լուսանկարների ներքո լինելու է խմբագրական տեքստ։ Օրինակ՝ «Հայկական անջատողականները…»… Շարունակությունը կարող եք պատկերացնել։

Իր ֆեյսբուքյան էջում հայկական մի գործակալության տնօրեն հպարտությամբ տեղադրել էր արտերկրի մամուլի հրապարակումները՝ իր իսկ գործակալության լուսանկարներով։ Time ամսագրում լուսանկարը «զարդարել էր» ադրբեջանական ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվությունը։ Մեկնաբանություններն ավելորդ են։

Մեկ անգամ չէ, որ հրաժարվել եմ ռուս լրագրողների հետ աշխատելուց։ Մի քանիսն ուզում էին տեղափոխվել Արցախ իմ մեքենայով ու ինձ հետ աշխատել, ոմանք էլ (Ռեն ԹԻՎԻ) խնդրեցին իրենց լուսանկարներ տրամադրել։ Մերժեցի բոլորին, քանի որ չգիտեի, թե ինչ տեքստ է ընկերակցելու այդ պատկերներին։

Ասենք՝ հարգարժան արաբական հեռուստաալիքը հայաստանյան խմբագրից խնդրեց տեսանյութ, որտեղ մեր հրանոթները կրակում են հակառակորդի ուղղությամբ։ Մերժում չհետևեց։ Տեսանյութը փոխանցվեց։

Եթե նույնիսկ արաբական հեռուստատալիքն այդ տեսանյութի սյուժեն չուղեկցի ադրբեջանական ավերված գյուղի պատկերով, ամեն դեպքում երաշխիք չկա, որ տեսնյութը չի վերավաճառի երրորդ անձի, ասենք՝ թուրքական կայքի, որը կսկսի աղմկել խաղաղ բնակիչների դեմ սանձազերծված հրետակոծության մասին։

Ոչ մի դեպքում «կիսաֆաբրիկատ» մի ուղարկեք, իսկ տվյալ դեպքում՝ դա լուսանկարն է։ Ուղարկեք ամբողջական նյութ, որի մեջ մտնում է նաև տեքստը։ Եվ պահանջեք հրատարակչից ձեր լուսանկարը հրապարակել միմիայն ձեր տեքստով։

Նկարահանումների ժամանակ անհրաժեշտ է խուսափել «տեղանքի հետ կապ»-ից։ Եթե լուսանկարներում երևում է տեխնիկան՝ շինությունների ֆոնին, իսկ շուրջը սարեր են, ապա շատ հավանական է, որ ձեր լուսանկարները կհետաքրքրեն հակառակորդին։ Եվ պետք չէ վկայակոչել, թե ամեն ինչ արդեն նկարահանված է արբանյակների և անօդաչու սարքերի միջոցով։ Ձեր լուսանկարները պետք կգան հակառակորդին, որը այդպիսով կտնտեսի իր ֆինանսներն ու ժամանակը։

Երբեմն ստիպված եմ եղել ֆոտոշոփ օգտագործել, որպեսզի ծածկեմ լուսանկարի տեխնիկան գյուղի ընդհանուր պատկերից։ Բայց ես չեմ վաճառում իմ լուսանկարները Ռոյթերսին, այնպես որ իմ այս մեղքը ներելի է, քանի որ մարդկային կյանքի փրկության նպատակ ունի։

Լրագրողների առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են այս պատերազմում։ Պատասխանները հնարավոր չէ միայնակ գտնել։ Կարծում եմ՝ ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանն անհրաժեշտ է՝ հետագայում նման անախորժ շեղումներից խուսափելու համար։

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *