Ովքե՞ր են, որ դեռ չեն հասել «3-րդ հազարամյակ»

04.06.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Ընդունված է ասել, որ քննադատելն ավելի հեշտ է, քան դրվատելը։ Իրականում ամեն մեկն իր բարդությունն ունի, բայց ինչ լավ է, որ մեր հեռուստընկերություններում կա նաեւ արտադրանք, որի մասին անդրադարձը չի տեղավորվում «Նեղանալ չկա» խորագրի ներքո։

Քիչ էր մնում ասեի՝ փառք Աստծո, որ ունեն նման արտադրանք, բայց նոթս վերաբերում է «Շողակաթ» հեռուստաընկերության հաղորդումներից մեկին, եւ ավելի լավ է խուսափել նման արտահայտություններից՝ թյուրիմացության տեղիք չտալու համար։

«Շողակաթ»-ն ինքը խիստ հետաքրքիր թեմա է որպես հանրային… կրոնա-մշակութային հեռուստատընկերություն (նշեմ, որ հ/ը կայքում նախապատվությունը տրվում է «հոգեւոր-մշակութային» բնորոշմանը), բայց այս անգամ խոսքը վերաբերում է միայն «3-րդ հազարամյակ» հաղորդաշարին, որը եթեր է հեռարձակվում ավելի վաղուց, երբ դեռ հեռուստաընկերությունը մասնավոր էր (հանրայինի կարգավիճակ ունի 2011 թ.-ից)։

Հայկական հեռուստաեթերի խոսակցական ժանրի բազմաթիվ հաղորդումներից «3-րդ հազարամյակ»-ն առանձնանում է՝

ա) թեմաների ընտրությամբ,
բ) հյուրերի կազմով։

Թեմաները մշակութայինից ավելի մշակութաբանական են եւ վերաբերում են մարդկային, հանրային հարաբերությունների մշակույթին ու փիլիսոփայությանը, որ Արեւմուտքում կոչվում է cultural anthropology։

Որեւէ երկրի ներկան ու ապագան որոշելու կարեւոր բանալի է հասարակության բնույթի, հանրային, ազգային գիտակցության փոփոխությունների ընկալումը, որ մշակութաբանության խնդիրն է։

«Հավաքական հիշողություն», «Ամբողջատիրական համակարգը եւ մարդը», «Անկախություն եւ ժամանակակից արվեստ», «Գլոբալացում եւ փոքր մշակույթներ», «Աշխատանքի իմաստավորումը ազգային-պետական մշակույթում», «Քաղաքակրթություններ եւ կայսրություններ», «Խոսքը իրավական համակարգում», «Վարդանանք եւ ազգային անվտանգության մերօրյա չափանիշը», «Արժեքային ճգնաժամ»՝ ահա վերնագրերի մի ոչ մեծ ծաղկաքաղ, որը պատկերացում կտա, թե ինչ թեմաներ են արծարծվել «3-րդ հազարամյակ»-ում վերջին տարիներին։

Հաղորդաշարի հյուրերի մեծամասնությունը մարդիկ են, ովքեր խոսում են ոչ թե սովետական կաղապարներով, այլ տիրապետում են ժամանակակից գիտական լեզվին, տեղյակ են դիսկուրսին, ունեն յուրահատուկ տեսակետներ, հետաքրքիր են որպես անհատականություն, «պաշտոնական» տափակ մտավորականներից չեն։

Կա մի հանգամանք եւս՝ զրուցավարի անձը։ Media.am-ում արդեն առիթ եմ ունեցել ուրախությունս հայտնել «Բուն TV»-ի ստեղծման կապակցությամբ։

Բազմաթիվ արժանիքներով հանդերձ, «Բուն TV»-ի պարագայում, եթե ոչ թե հյուրի մենախոսությունն է տեսագրվել, այլ երկու հոգու զրույց, խոսակցության ընթացքը, դրամատուրգիան կախված է միայն նրա մասնակիցներից, այսինքն՝ բախտի բան է. արդյո՞ք զրուցակիցները կամ գոնե նրանցից մեկը կտիրապետեն լրագրողական արվեստին։

«3-րդ հազարամյակ»-ն ունի մշտական վարող՝ Աննա Սարգսյանը, որը զրույցը, երբեմն նույն թեմայով զրուցաշարը, կառուցում է ամենայն բծախնդրությամբ։ Որպես ոչ միայն հեռուստադիտող, այլեւ մի շարք հաղորդումների հյուր՝ գիտեմ՝ մանրակրկիտ մշակված հարցերը չեն խանգարում լրագրողին «լսել» հյուրերին, անարձագանք չթողնել նաեւ անսպասելի «շեղումները»։

«3-րդ հազարամյակ»-ի ռեժիսորը՝ Արա Շիրինյանը, հեռուստատեսության լավագույն մասնագետներից մեկն է Հայաստանում, ստեղծագործական կազմի մյուս անդամները նույնպես արհեստավարժ ու բարեհամբույր են, ինչպես հատուկ է «Շողակաթ»-ի ամբողջ անձնակազմին եւ հ/ը ղեկավար Մանյա Ղազարյանին։

Իսկ ի՞նչ լսարան ունի «3-րդ հազարամյակ»-ը։ Իմ պատկերացմամբ՝ ոչ շատ մեծ։ Շատերին դա կարող է բնական թվալ՝ «ինտելեկտուալ» հաղորդումը չի կարող շատ հեռուստադիտող ունենալ, բայց ես Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում տեսել եմ նույնպիսի, միայն, թերեւս, ավելի շատ մասնակիցներով հաղորդաշարեր, որ եթեր էին հեռարձակվում երեկոյան լավագույն ժամերին։

Իհարկե, «3-րդ հազարամյակ»-ի լսարանը պայմանավորված է բուն «Շողակաթ» ալիքի ընդհանուր վարկանիշով, այսինքն՝ համեմատելի չէ «Շանթ»-ի հետ, որը, դիցուք, երեքշաբթի օրը 16։15-ից մինչեւ 23։25, բացի լուրերից, միմիայն սերիալ է ցույց տալիս, բայց կարծում եմ, որ հաղորդաշարը նաեւ ներկայացվածության խնդիր ունի, հատկապես «ֆեյսբուքի»՝ լուրջ քննարկումների հակված եւ մտավոր զվարճանք փնտրող հանրությանը։

Ուրեմն, սույն նոթս էլ համարեք արժանավոր հաղորդաշարի հանդեպ ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համեստ փորձ։

Վահրամ Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?