2013.10.08,

Քննադատ

Ֆեյք լուրերով հաստատում են չեղածը կամ եղածն են անհետացնում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հաճախ պատահում (կամ էլ պլանավորվում) է այնպես, որ հանրությունն ավելի մեծ պատրաստակամությամբ, եռանդով ու աղմուկով արձագանքում է ոչ թե իրականությունն արտացոլող, այլ հնարովի լուրերին: Այսպես կոչված ֆեյքերը, հայտնվելով մեդիա դաշտում, միանգամից դառնում են ամենաընթերցվողը հենց այն պատճառով, որ սարքովի են, պայմանական, բեմադրված: Եվ հետեւաբար ազդեցիկ են:

Ազդեցիկ են, որովհետեւ խտացված կերպով են ներկայացնում մի բան, որը հասել է իր խտության կիզակետին ու արտահայտման ձեւեր է փնտրում: Երբ դժգոհություն, ընդվզում, իրավական կամ օրենսդրական խառնաշփոթ է, որպես լուրեր, սկսում են ակտիվորեն ստեղծվել, տարածվել ու մեկնաբանվել ֆեյքերը, քանի որ այլ կերպ դժգոհությունը ձեւակերպել, տարածել ու մեկնաբանել չի ստացվի:

Հայաստանի մեդիա դաշտում ֆեյքերը շատ են, անգամ զանգվածային: Պարբերաբար հայտնվում են ոչ միայն առանձին ֆեյք լուրեր ու լուսանկարներ, այլեւ ֆեյք կայքեր, ֆեյք շարժումներ: Կարծես բոլորս մի մեծ ֆեյք երկրում ենք գտնվում, որտեղ իրական մտահոգություններն ու խնդիրները մատուցվում են թեթեւ թատերային (այս դեպքում՝ կեղծ) երանգով, իսկ ֆեյք ինֆորմացիան հավաստի ու ծանրակշիռ կռվանի դեր է կատարում:

Խոսքը ոչ թե լրագրողների կամ գլխավոր խմբագիրների անփույթ աշխատանքի մասին է, երբ լրահոսում պատահականորեն կամ վրիպակի պատճառով չեղած լուրեր ու լուսանկարներ են սողոսկում, այլ մտածված, ֆեյքաստեղծ մարտավարության:

Այդ հնարքը շատ լավ կիրառում են իբրեւ թե անկախ, բայց իրականում ստվերային դաշտում գործող ու իշխանական հովանավորությունը վայելող կայքերը: Շատ կայքեր ոչ միայն ֆեյք լուրեր, այլեւ ֆեյք ընդդիմադիր ըմբոստություն են խաղում, ինչի արդյունքում բուն խնդիրը ֆրագմենտացվում է ու անհետանում:

Եվ դա շատ հաջող կերպով արժեզրկում է ըմբոստության գաղափարը: Օրինակ՝ կարելի է, երիտկազմակերպությունը օգտագործելով, ցուցադրել, որ ձգտում ես օրինապահ հանրապետություն ունենալ՝ ստիպելով մեքենաների վարորդներին ճիշտ վայրերում կայանել: Սակայն միեւնույն ժամանակ չխոսել վիճահարույց վճարովի կայանատեղիներից: Իսկ դա արդեն վերացական ու ձեւական պայքարի դրսեւորում է: Ֆեյք շարժում:

Էլ չենք հիշատակում բազմաթիվ այլ՝ ավելի հեշտ կառուցվող ֆեյք լուրերի մասին, որտեղ ասվում է չեղած-ենթադրվող ապահարզանների, ամուսնությունների, սիրավեպերի, վիրահատությունների մասին:

Այս օրերին մեդիա դաշտում ի հայտ է եկել մի ամբողջ «ֆեյք» կառույց, որը չունի ոչ անուն, ոչ էլ կարգավիճակ: Դա Ծածկած շուկայի շենքն է, որը «Փակ շուկա» անվան տակ վերածվեց դեռեւս անանուն սուպերմարկետի:

Երբ մեծ արձագանք ունեցող ու տարաբնույթ խախտումներով իրականացված Ծածկած շուկայի (թե՞ Երեւան Սիթիի) վերաբացում-վերակառուցում-շնորհանդեսը տեղի ունեցավ, մեդիա դաշտը սկսեց այդ փաստը ներկայացնելու ֆորմատներ որոնել:

Դա առավել բարդ էր, քանի որ պաշտոնապես այդ կառույցի կարգավիճակը մինչ օրս օդից է կախված (հուշարձա՞ն, թե՞ ոչ, շուկա՞, թե՞ սուպերմարկետ): Նախկինում կառույցի շինարարության եւ քանդման խախտումները փաստող բազմաթիվ հրապարակումներ, բողոքի ակցիաներ էին եղել, սակայն երբ շինությունը գործարկվեց, կարիք առաջացավ այդ լուրը հայտնել՝ մանեւրելով օրինախախտումների խութերը:

Այդ ֆեյք (փաստաթղթերով գոյություն չունեցող, չձեւակերպված) կառույցի  սեփականատեր-պատգամավորը նույնպես ուզում է ֆեյք երեւալ՝ ասելով, որ ունեցվածք չունի: Այդ միտքը նա վերահաստատեց «Ա1+» ռեպորտաժում՝ ասելով, որ շենքն իրեն չի պատկանում, եւ ինքը ընդամենը եկել է միրգ գնելու:

Եվ ստացվեց, որ շուկա-մարկետ-սուպերմարկետ անանուն կառույցի լեգիտիմացումը պետք է մեդիան անի՝ «սանրելով» ու խմբագրելով ոչ վաղ անցյալը, ինչը ենթադրում է, որ պիտի անտեսվեր հուշարձանի նախապատմությունը, դրա աղճատումն ու ապագայում չարաշահումների հատուցումը:

«Վերակառուցված փակ շուկան՝ լուսանկարներով» վերնագրով լուրը ընթերցողին զգուշավոր կերպով հուշեց, որ այսուամենայնիվ վերաբացվողը շուկա է:

Իսկ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը հաճույքով հայտնեց, որ Փակ շուկան բացվել է (հաջող բառախաղ), եւ հետն էլ տեղադրեց ֆեյք լուսանկար, որի վրա ֆոտոշոփով ավելացված են եւս մեկ հարկ, հինգ աստղեր ու «Երեւան Սիթիի» լոգոտիպը: Թեեւ այդ լուսանկարը հետագայում հեռացվեց կայքից, սակայն եւս մեկ անգամ շեշտեց, որ սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղի հետ գործ ունենք (թեեւ այդ մասին պաշտոնապես չի հայտնվում):

1in.am-ը ֆոտոշոփված լուսանկարը այդպես էլ պահեց ՝ որպես «Պետական խայտառակության խորհրդանիշը» վերնագրով հոդվածի գլխավոր նկար:

Ֆեյքերը մի կարեւոր հոգեբանական  դերակատարում ունեն. դրանք հա՛մ ընտելացնում են հասարակությանը անարդար իրականության հետ, որտեղ սխալը, օրինախախտումը, զզվելին ու վտանգավորը իրենց ուրույն տեղն ունեն (կարգավիճակ են ստանում, լեգիտիմացվում են), հա՛մ էլ թույլ են տալիս թեթեւակի ծաղրել այն, ինչը ծաղրվելու դեպքում կորցնում է իր ներուժը:

Թերեւս, նպատակն էլ հենց դա է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *