Ազնավուրի «հարցազրույցի» հետքերով. «Սիվիլնեթն» առաջինն օգտագործեց սկզբնաղբյուրը

07.11.2014, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

Նոյեմբերի 2-ին թուրքական «Posta» թերթում տպագրված հայտնի երաժիշտ ու երգիչ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հետ «հարցազրույցը» ակտիվ քննարկվող մեդիա իրադարձություն դարձավ:

Ըստ հարցազրույցի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի՝ լեգենդար Ազնավուրն ասել է, որ «ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը», «պետք չէ հնում մնացած վերքերը փորփրելը»: Նաեւ ասել է, որ իր մայրը թուրք է:

Հաշվի առնելով, որ Ազնավուրի ու Օզերմանի ճաշկերույթի ֆորմատ ունեցող հանդիպմանը ներկա էր նաեւ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, իսկ Ազնավուրը Հայաստանը ներկայացնող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ է, տպագրված խոսքը պայթող ռումբի էֆեկտ ունեցավ: Այն մի քանի օր շարունակ անընդհատ նոր մանրամասներով համալրվեց:

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդես եկավ հերքմամբ` իր թվիթերյան էջում գրելով. «Շառլ Ազնավուրը որեւիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել եւ մրցանակ չի ընդունել»: 

Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։

— Tigran Balayan (@tbalayan) November 5, 2014

Հարցազրույցում նշված «Ոսկե սոսի» մրցանակը ծառի արձանիկ է, որի հետ (եւ Թուրքիայի դեսպանի) լուսանկարվել էր Ազնավուրը: Այդ լուսանկարը ամենից շատն էր քննարկվում: Եվ պարզ չէր` մրցանա՞կ է դա, թե՞ հուշանվեր:

Իրականում «Ոսկե սոսին» վավերագրական ֆիլմերի փոքր փառատոնի մրցանակ է: Այս տարի փառատոնը անցկացվել է Իզմիթ քաղաքում (որտեղ ծնվել է նաեւ Ազնավուրի մայրը), եւ կարելի է ենթադրել, որ թուրքերը արձանիկը նվիրել են որպես Ազնավուրին ու Թուրքիային միավորող խորհրդանիշ:

Եթե մրցանակն ընդուներ սպորտսմենը, դերասանը կամ երգիչը, նման արձագանք չէր լինի: Սակայն Ազնավուրը նաեւ ՀՀ դեսպան է, այսինքն` պետություն է ներկայացնում: Եվ եթե կարելի էր վիճարկել Ազնավուրի բառերը, ապա լուսանկարի իսկությունը կասկածի տակ չէր դրվում:

Ստամբուլյան «Ակօս» թերթում «Հայաստանը չի ուզում հավատալ Ազնավուրին» վերնագրով հոդված հրապարակեց, որտեղ մեջբերվեց Ազնավուրի հետ զրույց ունեցած Էրքան Օզերմանի խոսքերը: Նա պնդում էր, որ սուտ չի գրել, իսկ Ազնավուրը տեղյակ է եղել, որ զրույցը ենթակա է հրապարակման: 

Ազնավուրի ֆեսբուքյան պաշտոնական էջում էլ գրառում հայտնվեց, որտեղ ասվում էր, որ հարցազրույց չի եղել, իսկ հոդվածը «ստոր մանիպուլյացիա» է:

 

 

Այդ մեջբերումը վերատպեցին գրեթե բոլոր հայաստանյան լրատվամիջոցները:

«ՍիվիլՆեթը» առաջին հայաստանյան մեդիան էր, որ փորձեց այս իրավիճակում տեղեկատվություն ստանալ ոչ միայն պաշտոնական աղբյուրներից կամ սոցցանցերից, այլեւ հենց սկզբնաղբյուրից՝ թուրք պրոդյուսերից:

«Ես սուտ բան չեմ գրել: Ինքը նախկինում էլ է հայտարարել, թե չի շարժվում Հայաստանի հրահանգներով: Այդ արտահայտություններին ես ծանոթ եմ նրա հետ առանձին մեր հանդիպումներից»,- ասել է Օզերմանը «ՍիվիլՆեթին»:

Ալին Օզինյանը, ով «ՍիվիլՆեթի» եւ «Ակօսի» համար պարզաբանում էր ստացել թուրքական կողմից, ասում է.

«Մենք քաջ գտնվեցինք ու առաջինը հայերեն թարգմանեցինք Ազնավուրի հարցազրույցը` լավ հասկանալով, թե որքան մեծ աղմուկ է բարձրանալու: Հետո պարզվեց, որ նման հարցազրույց չի եղել, բայց մենք հենց սկզբից նշել էինք, որ թուրքական թերթը պնդում է, որ այն եղել է: Մեր նպատակը ցուցադրելն էր եւ’ Ազնավուրին, եւ’ սփյուռքին, եւ’ Հայաստանին, որ թուրքերը նման քայլ են արել: Այսինքն` եթե հարցազրույցը չթարգմանվեր, ոչ ոք չէր էլ իմանա, թե ինչպիսի դիվանագիտական խաղեր են խաղում թուրքերը»:

Թուրքական տեղեկատվական աղբյուրներն ի սկզբանե Հայաստանում թշնամական են ընկալվում: Ազնավուրի խոսքերի իրական լինելու մասին կասկածներ թեեւ կային, բայց դրանք հիմնավորվեցին հենց սկզբնաղբյուրի հետ զրույցում:

Ալին Օզինյանի համոզմամբ`անգամ մտերմիկ ճաշկերույթի ընթացքում Ազնավուրը նման բաներ ասած լինել չէր կարող, թուրքական կողմը ձայնագրություն չունի եւ ասում է, թե Ազնավուրի` տարբեր առիթներով հրապարակված մտքերի կոլաժ է արել:

Ալին Օզինյանը հորդորում է զգույշ լինել թուրք լրագրողներին հարցազրույցներ տալիս. «Մենք խուսափում ենք հարցազրույցներ տալ, նույնիսկ սովորական զրույցի ընթացքում պահանջում ենք, որ չգրեն: Սա առաջին դեպքը չէ, որ ասածները խեղաթյուրվում են: Եվ, առավելեւս, պիտի զգույշ լինի դեսպանը»:

Ստեղծված իրավիճակում, երբ ինֆորմացիան հերքում է մի կողմը, իսկ մյուսը` պնդում, սպասելի է, որ Շառլ Ազնավուրի ներկայացուցիչներն, ի վերջո, կորոշեն դատի տալ «Փոստա» թերթին` մեղադրելով զրպարտության համար: Դա շատ լավ նախադեպ կլինի:

Իսկ աղմկահարույց «հարցազրույցը» նաեւ ընդգծեց մեր մեդիա դաշտի թույլ կողմերը, որոնից առաջնայինը երկրորդ ձեռքից ստացված ինֆորմացիայով բավարարվելն է: Նման մոտեցում նկատվում է հատկապես միջազգային հնչեղություն ունեցող թեժ թեմաների լուսաբանման պրակտիկայում: Ուկրաինայում, Սիրիայում, Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը մենք, որպես կանոն, սպառում ենք ուրիշների մեկնաբանմամբ:

Տարբեր երկներում սեփական թղթակիցներ ունենալը կամ պարբերաբար տեղում աշխատող լրագրողների հետ համագործակցելը միանգամից բարձրացնում է մեդիա հարթակի հեղինակությունը:

Ալին Օզինյանն, օրինակ, համարում է, որ կարեւորը ցանկությունն է: «Թուրք պրոդյուսերին մենք գտանք, որովհետեւ ուզում էինք գտնել: Թեեւ, իհարկե, դա այդքան էլ հեշտ չէր», - ասում է նա:

Նունե Հախվերդյան 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?