2016.01.27,

Քննադատ

Մահվան վիճակագրություն

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Թե՛ World Life Expectancy կայքի հրապարակումը, թե՛ ԱՆ ջղային ռեակցիան, թե՛ գերատեսչությունների՝ իրարից տարբերվող թվերը կարող են դառնալ տեղեկատվական առիթ՝ լրագրողական հետաքննությունների համար

Հունվարի 15-ի ԶԼՄ-ներում արագ տարածվեց World Life Expectancy (Կյանքի տևողությունն աշխարհում) կայքի տեղեկությունը՝ քաղցկեղով հիվանդների մահացության ցուցանիշը 172 երկրներում: Ըստ այդմ՝ Հայաստանում 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահանում է 229 հիվանդ:

Հինգ օր անց՝ հունվարի 20-ին, Առողջապահության նախարարը «բացարձակ սուտ» որակեց վերոնշյալ լուրը՝ նկատելով, թե «կան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված համապատասխան թվեր»:

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ևս թերահավատորեն ընդունեց World Life Expectancy կայքի լուրը՝ ասելով, թե ինքն ուսումնասիրել է այդ կայքէջը և չի նկատել հոդվածների հղումներ, հեղինակների անուններ և նման եզրակացության համար անհրաժեշտ այլ տվյալներ:

Իրոք այդպես էր. յուրաքանչյուրը, մտնելով կայք, կհամոզվի, որ բերված ցուցանիշները առանց կոնկրետ հղումների են:

Լրատվամիջոցները շտապեցին այս թոփ լուրը հրապարակել՝ ավելացնելով զանազան մեկնաբանություններ, ախուվախեր, ենթադրություններ, թե ինչու է չափազանց հավանական, որ այս լուրը իրականություն է՝ հանքարդյունաբերություն, աղտոտված օդ, ջուր, կոնսերվանտներով հագեցած սնունդ և այլն:  

Նման զգայուն լուրերի դեպքերում, հատկապես լրագրողներիցս, ակնկալվում է առաջինը լինելու ցանությունը ստորադասել մասնագիտական բարեխղճությանը՝ ապահովելով տեղեկության՝ առնվազն երկու վստահելի աղբյուր: Այսինքն՝ շատ գրագետ կլիներ նախ՝ դիմել World Life Expectancy կայքին՝ խնդրելով հիմնավորել ներկայացրած թվերը, ինչն, ի դեպ, արեց բժիշկ Բյուրակն Իշխանյանը:

Երկրորդ՝ դիմել ԱՆ՝ խնդրելով հիմնավորել, թե ինչու է World Life Expectancy կայքի հրապարակումը «բացարձակ սուտ»:

Լինել աշխարհում առաջին երկիրը՝ քաղցկեղից մահերի թվով, սարսափելի վիճակագրություն է: ԱՆ տվյալներով՝ 1990-ից 2013 թվականն ընկած միջակայքում քաղցկեղից մահացության դեպքերը գրեթե կրկնապատկվել են: Այս դեպքում, կարող ենք հեռուն չգնալ. յուրաքանչյուրս ունի իր՝ թող որ սիրողական, բայց ցավալի վիճակագրությունը:

Սակայն, այդուհանդերձ, հնարավո՞ր է կազմել քաղցկեղով հիվանդների հնարավորինս ճշգրիտ վիճակագրություն:

Վիճակագրության հիմնական գործիքը պարզ հաշվարկն է: Ուռուցքաբանական ծառայությունները պոլիկլինիկաներում անվճար են: Ենթադրաբար, գանգատներ ունեցող մարդիկ շտապում են նախ և առաջ դիմել առաջին օգնության այս բուժհաստատություններ: Պացիենտները քաղցկեղի հայտնաբերման կասկածի դեպքում ուղղորդվում են երկրորդային և երրորդային մասնագիտացված հաստատություններ՝ վիրահատության կամ այլ բուժում ստանալու:

Պոլիկլինիկաները հաշվառում և ուռուցքաբանական կենտրոններին են ուղարկում իրենց ձեռքի տակ ունեցած վիճակագրությունը: Քաղցկեղով հիվանդների ճշգրիտ թիվը, սակայն, ստանալ գործնականում բարդ է: Եվ դա նշել է նաև World Life Expectancy կայքը Բյուրակնին տրամադրած տեղեկատվության մեջ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով, օրինակ, 2013 թ.-ին 1.274 քաղցկեղով հիվանդության դեպք պարզվել է հետմահու: Հետմահու գրանցված թվերը ներառվում են ընդհանուր վիճակագրության մեջ, սակայն դարձյալ չեն կարող ապահովել ճշգրիտ վիճակագրություն: Գյուղերում դիահերձարաններ չկան: Յուրաքանչյուր գյուղ ունի մեկ մասնագետ, որին բժիշկ անվանելը չափազանցություն է: Ծառայությունն արժե 30 000 դրամ: Հերձման արարողությունը կատարվում է տնային պայմաններում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Երկու անգամ ինքս եմ առնչվել այս անուրախ դեպքին Կողբ գյուղում: Այսինքն՝ չկա վիճակագրություն գյուղերում մահացած մարդկանց մահվան իրական պատճառի մասին: Այնտեղ ամեն ինչ մոտավորապես է, ոչ պրոֆեսիոնալ:

Մյուս փաստը, որը ևս խոսում է ճշգրիտ թիվ ստանալու դեմ, բժշկական սխալներն են: Այսինքն՝ բժիշկը ախտորոշում է քաղցկեղ, տվյալն ուղարկում համապատասխան գերատեսչություն, իսկ խոսքը ամենևին էլ քաղցկեղի մասին չէ: Իմ մոտ ընկերուհուն, ի դեպ, մասնագիտությամբ՝ բժիշկ, հանրապետության լավագույն ուռուցքաբանի համբավ ունեցող բժիշկն ախտորոշեց ձվարանների քաղցկեղ, առաջարկեց հասկանալ իրավիճակն ու իրեն մնացած կարճ կյանքն անցկացնել հարազատների հետ: Մոսկվայում հիվանդությունը հերքվեց. պարզվեց՝ խոսքն ընդամենը ձվարանի կիստայի մասին էր: Ընկերուհիս ամուսնացավ, հիմա երկու հրաշալի երեխա ունի:

Զարմանալի էր World Life Expectancy-ի հրապարակած լուրից հետո տարածված տեղեկությունը, թե կայքի հրապարակած թվերը չեն կարող հիմնվել ԱՀԿ-ի տվյալների վրա, քանի որ ամենաթարմ տվյալը 2012-ինն է:

Բավական էր մտնել ԱՀԿ պաշտոնական էջ, որտեղ կան Հայաստանում և աշխարհի մյուս բոլոր երկներում քաղցկեղի մահացության գրաֆիկները: 2015-ի տվյալներն էլ կհրապարակվեն ապրիլին:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ 2014 թ.-ին Հայաստանի բնակչությունը 2 միլիոն 969 հազար էր: Տարվա ընթացքում մահացել է 37.000 մարդ: Մահացածների 22%-ը՝ քաղցկեղից (9.100 մարդ):

Եթե համեմատենք հարևան երկրների հետ, ապա Ադրբեջանում 2014-ին քաղցկեղից մահացությունը կազմել է 18%, Վրաստանում՝ 13,4%, Թուրքիայում՝ 21,6%: Այս դեպքում, մենք, անխոս, առաջատար ենք:

Ըստ ԱՀԿ 2013 թ-ի տվյալների՝ Հայաստանն ուներ 2 միլիոն 977 հազար բնակիչ: Քաղցկեղով մահացությունը ևս կազմել է 22%: 2012-ին Հայաստանում քաղցկեղից մահացել է 8.100 մարդ: Սակայն այս դեպքում էլ ամեն ինչ հստակ չէ:

Առողջապահության նախարարը լրագրողներին առաջարկեց հիմք ընդունել ԱՀԿ-ի տվյալները: Այդ տվյալներն, ի դեպ, տարբերվում են հենց ՀՀ ԱՆ հրապարակած տվյալներից: Ըստ ԱՆ ՙԲնակչության մահացության սանդղակի՚՝ 2014 թ.-ին ՀՀ-ում քաղցկեղից մահացել է 5685 մարդ (հիշենք, ԱՀԿ-ի տվյալներով՝ 9100) (աղյուսակ 1.6, էջ 21): Տարբերությունը չափազանց զգալի է՝ 3415:

2012 թ.-ին, ըստ ԱՆ-ի վերոնշյալ աղյուսակի, Հայաստանում քաղցկեղից մահացել է 5607մարդ (հիշենք՝ ըստ ԱՀԿ-ի՝ 8100): Այս դեպքում տարբերությունը ևս քիչ չէ՝ 2507:

Փաստորեն, երեք տարբեր կազմակերպություն՝ ՀՀ ԱՆ-ն, ԱՀԿ-ն և World Life Expectancy կայքը Հայաստանում նույն ժամանակահատվածում քաղցկեղի մահացության երեք տարբեր թվեր են ներկայացրել:  

Ըստ ԱՀԿ-ի՝ Հայաստանում սահմանափակ է տեղեկատվությունը տարափոխիկ հիվանդությունների և քաղցկեղի մասին, ինչը հանգեցնում է ախտորոշման հաճախակի սխալների և հիվանդների ուղեգրերի ուշացման: Բացի այդ՝ Հայաստանը չունի քաղցկեղի ռեեստր, և մահացության տվյալները տատանվում են:

ԱՆ-ը ունի ազգային ծրագիր՝ կանխարգելելու կամ վաղ հայտնաբերելու քաղցկեղը, սակայն նման ծրագրերը դժվար է արդյունավետ կոչելը, քանի որ ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալների՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդների մոտ 46%-ը ախտորոշվում է 3-րդ կամ 4-րդ փուլում, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում բուժումը: Ընդ որում՝ խնդիրը միայն սոցիալական չէ, քանի որ ուշացած դիմում են նաև վճարունակ պացիենտները:

Թե՛ World Life Expectancy կայքի հրապարակումը, թե՛ ԱՆ ջղային ռեակցիան՝ այդ հրապարակումը բնութագրել որպես «բացարձակ սուտ», թե՛ ԱՀԿ-ի՝ ՀՀ ԱՆ-ից տարբերվող թվերը կարող են դառնալ տեղեկատվական առիթ՝ լրագրողական հետաքննությունների համար: Ամեն դեպքում, թեմային առնչվող բազմաթիվ խնդիրներից յուրաքանչյուրի մանրակրկիտ լուսաբանումը գուցե և նպաստի քաղցկեղով հիվանդների վիճակագրության փոփոխությանը: Իսկ նման սանդղակների հրապարակումը՝ առանց փաստարկված հիմնավորումների, կարող է դառնալ արդեն նյարդային հիվանդությունների աճի պատճառ:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *