2015.10.02,

Քննադատ

Հայկական մեդիայի առեղծվածները. Կինոմազոխիզմ

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Օրերս «Սինեմաքս» ալիքը ցույց էր տալիս «Եղբայրը» ֆիլմը։ Ուրիշ հայկական ալիքներ նույնպես բազմիցս ցուցադրել են Բալաբանովի այս երկապատումը, իսկ սոցցանցերում էլ հանդիպել եմ նաեւ ֆիլմի բազմաթիվ հայ երկրպագուների։  

Ալեքսեյ Բալաբանովը (1959-2013) տաղանդավոր ռեժիսոր էր։ Նրա «Ուղեբեռ-200-ը» (2007) «դաժան ռեալիզմի»  լավագույն նմուշներից է, բացառիկ ֆիլմ, որ ներկայացնում է ՍՍՀՄ-ում տիրող մթնոլորտն ու բարքերը սովետական զորքերի` Աֆղանստան ներխուժելու եւ 10-ամյա պատերազմի շրջանում (1979-1989). ՍՍՀՄ ղեկավարությունը սեփական ժողովրդից թաքուն էր պահում պատերազմը, որին զոհ գնացած սովետական զինվորների ցինկե դագաղներն էլ հենց կոչվում էին «ուղեբեռ-200»։

Տաղանդավոր ֆիլմ է նաեւ «Եղբայր-1-ը», որն էլ իմ նոթի հիմնական առիթն է։

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Դանիլա Բագրովը, վերադառնալով բանակից, ճանապարհվում է Պետերբուրգ, եղբոր՝ Վիկտորի մոտ, որը… վարձու մարդասպան է։ Վիկտորը Դանիլային է վերահանձնարարում իր կատարելիք սպանությունները՝ իր ստացած գումարի 1/10-ը վճարելով, Դանիլան հեշտությամբ համաձայնում է։

Հակառակ նրան, որ եղբայրները մարդասպան են, «Եղբայրը» պաշտամունքի աստիճան սիրված է Ռուսաստանում. Դանիլան արդարամիտ է եւ շատ իրավիճակներում հանդես է գալիս որպես թույլերի պաշտպան։

Այդպիսի ամենաառաջին դրվագներից մեկում երկու անթրաշ հայ նախ մի աղջկա են փորձում «խոսացնել» տրամվայում, հետո հրաժարվում են վճարել ռուս տոմսավաճառին. Դանիլան փրկում է վերջինիս՝ ատրճանակով սպառնալով հայերին։ Սրանցից մեկն անմիջապես սկսում է նվաստանալ, դրամապանակն է առաջարկում, թե՝ եղբայր, ինձ մի սպանի։ Դանիլան, որ պարտաճանաչորեն տոմս է գնել, թեեւ փողի սղություն ունի (նախորդ դրվագում չի կարողացել երաժշտական խանութից իր սիրած խմբի ժապավենը գնել), վերցնում է միայն տուգանքը։ (13.30´-15.30´)  

Օտարազգիներից «Եղբայրը» ֆիլմում կա նաեւ բարեհոգի միջինասիացի ձմերուկավաճառ, ֆրանսիացի, գերմանացի, չեչեններ։

Չեչենները «պարզապես» հակառակորդ են`ըստ նրանց հանդեպ գլխավոր հերոսի վերաբերմունքի. նրանք ռուսների դեմ պատերազմում են իրենց տարածքում եւ բուն ռուսական քաղաքներում՝ եկամտաբեր բիզնեսների տիրելու համար։

Գերմանացին՝ Հոֆմանը, անտուն մեկն է. «Հո հրեա՞ չես… Գերմանացին նորմալ է»՝ սա է հերոսի կարծիքը։ Նա օգնում է գերմանացուն, հետո գերմանացին՝ իրեն։

Ֆրանսիացին մասնակցում է երիտասարդական մի խնջույքի.

ԴԱՆԻԼԱ. «Շուտով ձեր Ամերիկան կթքի փայտիկին»։

ԱՂՋԻԿ. «Ի՞նչ ես կպռշկել, ֆրանսիացի է»։

ԴԱՆԻԼԱ. «Է հա, ի՞նչ տարբերություն»։

Իսկ հայի՝ իրեն չսպանելու խնդրանքին նա պատասխանում է.

«Դու ինձ եղբայր չես, սեւաոռ ոջիլ»։

Այս հավաքածուն ռուսական զանգվածային հոգեբանության այսօրվա կատարյալ պատկերն է, որն իր ֆիլմում «մարգարեաբար» կանխագուշակել, թե ծրագրավորել է հանգուցյալ Բալաբանովը։ Այսպիսով։

Չեչենների հետ հաշվի ենք նստում՝ կա՛մ մենք իրենց կսպանենք, կա՛մ իրենք՝ մեզ։

Միջինասիացիները երկրորդ կարգի մարդիկ են, բայց «անշառ» են՝ թող մեզ ծառայեն։

Գերմանացիները հրեաներից լավն են, քանի որ իրենց ազգի մաքրության համար են պայքարել (նույնը, երեւի, թուրքերը), իսկ հրեաները նենգ են։

Ֆրանսիացիները, ամերիկացիները… մյուս զարգացած երկրների ներկայացուցիչներն իրենց շատ են երեւակայում, բայց շուտով վերջները գալու է, ռուսների միջոցով։

Հայերը քեզ «եղբայր» են ասում, բայց աչք են դնում ռուս կանանց վրա, լկտի են՝ պետք է ատրճանակի ահի տակ պահել։

Ֆիլմի վերջում Վիկտորը Դանիլային ծուղակն է գցում, որպեսզի հակառակորդ բանդիտները սպանեն, իսկ ինքը կաշին փրկի, բայց Դանիլան ներում է նրան, քանի որ արյունակից եղբայրն է։

Ֆաշիստական այս ուղերձները լիովին հոգեհարազատ են այսօրվա պուտինյան Ռուսաստանի տիտղոսային ազգին. բավական է կարդալ, դիցուք, միայն Յություբի 4 միլիոնից ավելի դիտողների տպավորությունները։

Հասկանալի չէ միայն, թե ինչու՞ են հայկական ալիքները ցուցադրում «Եղբայրը» ֆիլմը… Կամ հայերը ֆիլմի ի՞նչն են սիրում։

Ինչու՞ են ցուցադրում նաեւ աշխարհահռչակ Ժան Ռենոյի մասնակցությամբ «Փակ շրջանակ» հակահայկական ֆիլմը (ռեժիսոր՝ Լորան Տյուել), «Բրիգադա» կասկածելի ենթատեքստերով սերիալը, որի հայ պրոդյուսեր Ակոպովն ինքը անձնական զրույցի ընթացքում ափսոսանք հայտնեց, որ նպաստել է Ռուսաստանում ինքնադատաստանի հոգեբանության զարգացմանը։

Իսկ ավելի ստույգ (որպեսզի միամիտ տեղս արվեստի ազատ տարածման թշնամի չհռչակվեմ), նման ցուցադրություններից առաջ կա՛մ պետք է զգուշացում լինի, որ ֆիլմը քարոզում է ֆաշիստական գաղափարներ, կա՛մ լինի մուտքի խոսք, որը կբացատրի. միշտ չէ, որ գեղարվեստական արժանիքները ծառայում են հումանիստական արժեքներին։

Վահրամ Մարտիրոսյան  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *