2011.04.26,

Քննադատ

Հայոց լեզվի խնդիրն Ինտերնետում` IMHO (Մաս 1)

author_posts/lusine-grigoryann
Լուսինե Գրիգորյան

Մեդիագրագիտության մասնագետ, լրագրող

Երբ Խաչիկ Գեւորգյանը Ֆեյսբուքում հայտարարեց, թե ջնջելու է լատինատառ հայերեն գրողներին իր ընկերներիր ցուցակից, ոչ բոլորը միանշանակ ընդունեցին դա: Շատերի համար հայատառ գրելը տեխնիկական խնդիր է, ոմանց համար` սովորության հարց: Թեեւ ընկերներից ոմանք մի քիչ էլ նեղվեցին, Խաչիկը վստահ է, որ իր խիստ դիրքորոշումն ու քայլերը նպաստել են հայերենի տարածմանն ինտերնետում:

Նոր` windows 7 օպերացիոն համակարգում հայերենը ներառված է ու, Խաչիկի խոսքով, նոր համարագիչ գնողները որեւէ արդարացում չունեն` հայերեն չգրելու համար: Ցանկացած այլ համարկարգչի մեջ էլ կարելի է ինտերնետից բեռնել հայերեն տառատեսակներ: Ավելին, այսօր կան նաեւ ծրագրեր` ինտերնետում հայատառ գրելու համար: Օրիանկ google.am-ում օնլայն ստեղնաշարով կարելի է հայերեն որոնում անել:

Խաչիկի ղեկավարած ԱՐՄԱԿԱԴ-ը եւ էլի մի շարք կազմակերպություններ, անհատներ, մի քանի տարի է` փորձում են ավելացնել հայերեն բովանդակությունն ինտերնետում, թարգմանել ինտերնետային ծրագրեր, կայքեր, լուծել ինտերնետում հայերեն գրել-կարդալու հետ կապված տեխնիկական խնդիրները:

Ալեքսեյ  Չալաբյանն այս գործի ակտիվիստներից է. մի քանի տարի է` ծրագրավորողներին բնորոշ գիշերային աշխատաժամերը Ալեքսեյը ծախսում է նաեւ հայաֆիկացման գործի համար: Ասում է, որ իրենք լուծումներ են առաջարկել մի քանի բջջային համակարգերի համար, իսկ օրինակ Blackberry ընկերությունը ինքն է սկսել պաշտոնապես սպասարկել հայերենը: Բայց Google-ի Android համակարգը, որը գնալով ավելի մեծ տարածում է ստանում աշխարհում, առայժմ փակ է հայերենի համար: Թեեւ հայերը պատրաստ են նվիրել 30.000$ շուկայական արժեք ունեցող լուծումները Գուգլին, ընկերությունը դեռ կամուկացի մեջ է: 

Սա, իհարկե, կարեւոր է, քանի որ նոր մեդիայի ու ՏՏ ոլորտում հեռախոսները համարվում են ապագայի սարքերը, որոնց միջոցով ավելի ու ավելի շատ մարդ է օգտվելու ինտերնետից` կարդալու նորություններ, ուղարկելու հաղորդագրություններ ու անդամակցելու սոցիալական ցանցերին: Ու բնական է` քանի դեռ Հայաստանում հնարավոր չէ ցանկացած հեռախոսից հայատառ տեքստային հաղորդագրություն ուղարկել, մարդկանց համար համակարգիչը, ստեղները ասոցացվում են անգլերեն, ոմանց համար էլ՝ ռուսերեն այբուբենների հետ:

Խաչիկը կարեւոր ձեռքբերում է համարում այն, որ վերջապես լրատվամիջոցներն ու պետական կայքերը ամբողջությամբ անցել են Յունիքոդ համակարգի: 2010 թվականի Բարքեմփի մասնակիցները վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունը հրավիրեցին այն փաստին, որ պետական կայքերից շատերը ուղղակի ընթեռնելի չեն, իսկ նախարարություններից երբեմն էլեկտրոնային նամակներ են ուղարկվում օտար էլ. փոստի հասցեներից: Այսօր արդեն պետական կառույցներում պաշտոնապես կիրառվում են Գրապալատ և Մարիամ տառատեսակները, որոնք, սակայն, Ալեքսեյի խոսքով, կիսատ են ու մշակման կարիք ունեն:

Հայերեն տառեր ունենալը խնդրի մի մասն է միայն. սրան հաջորդում են արեւելահայերեն-արեւմտահայերեն անվերջ վեճերը, «ու»-ի, «եւ»-ի ուղագրության հարցը, հայերենի կետադրությունը… Ալեքսեյ  Չալաբյանի խոսքով` եթե հայերեն տեքստի մեջ լատինական կետադրական նշան կա, ապա համակարգիչը չի կարողանա ճիշտ վերլուծել տեքստը (ասենք` նախադասությունների քանակը):

Այս հարցերի լուծումն այս պահին կախված է կամավորներից. լեզվի տեսչությունը, որ, երեւի, պիտի անհանգստանա նման խնդիրներով, անգամ սեփական կայք ու էլ. փոստ չունի: Փոխարենը կամավորները ստեղծել են Լեզվի Ժողովրդական Տեսչության կայք, որն օգտակար տեղեկատվություն ու հղումներ է պարունակում` համակարգչում ու հեռախոսներում հայերենի կիրառման համար:

Խաչիկ Գեւորգյանը կարծում է, որ տեխնիկական հարցերի շուտ կարգավորմամբ ու հատկապես հեռախոսներով հայերեն բովանդակության հասանելիության հարցով նախ եւ առաջ օնլայն լրատվամիջոցները պիտի մտահոգվեն` լսարան չկորցնելու համար: Բայց քանի դեռ ինտերնետը Հայաստանում մեծ առումով բիզնես դաշտ չի դիտարկվում, հայալեզու ինտերնետային լսարանի, գնորդների, օգատոգործողների թիվն ավելացնելու հարցը ինքնահոսի է թողված: Ալեքսեյի նոր նախագիծը գործընթացն արագացնելու հերթական փորձ է. բաց կոդով Hy-AM նախագիծը հնարավորություն կտա ծրագրավորողներին համագործակցել եւ շարունակել հայացնել ինտերնետը:

Շարունակելի…

Լուսինե Գրիգորյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *