Հայկական մեդիայի առեղծվածները. ամնեզիա

08.10.2015, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Սենսացիան, սկանդալը, զգայացունց, աղմկահարույց նորությունները լրագրողի երազանքն են։ Կամ այդպիսին պետք է լինեն։

«Աստղերի» շուրջ հյուսվող պատմությունները, հայտնի մարդկանց որսը, որով զբաղված են անխոնջ պապարացիները, կոչված են հագեցնելու սենսացիայի քաղցը, որը բնորոշ է տեղեկատվական հանրություններին։

(Ի դեպ, «պապարացի»-ն հոգնակի է, եզակի թիվը՝ «պապարացո», իտալերեն նշանակում է «տզտզոց», պարզ է, թե ինչու։ Բառի իգական ձեւը ոչ թե «մամարացին» է, ինչպես կարելի է սրամտել, այլ «պապարացան». այն հասարակ անուն է դարձել Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի լուսանկարիչ հերոսի «պատվին»)։

Հայկական մեդիայում եւս օտար «աստղերին» վերաբերող սենսացիաները զգալի տեղ են գրավում. երեւի թե մեր «աստղերը» բավականաչափ պայծառ կամ հետաքրքիր չեն, բայց տարբեր, հատկապես քաղաքական բնույթի սկանդալները Հայաստանում էլ են անպակաս։

Դիցուք, սահմանադրական փոփոխությունների առթիվ դեկտեմբերին հանրաքվե է տեղի ունենալու, բայց մեր մեդիան դեռ չի լուծել նախորդ համապետական քվեարկության՝ նախագահական ընտրությունների գլխավոր թնջուկը։

Խոսքը ինքնահռչակ էպոսագետ Վարդան Սեդրակյանին է վերաբերում։ Երկու տարի առաջ հոկտեմբերյան այս օրերին նա դատապարտվեց 14 (տասնչորս) տարվա ազատազրկման, բայց Հայաստանում կա՞ մեկը, ով կասի, թե որն էր Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու նրա շարժառիթը։

Առեղծված է, որ նման հետաքրքիր նյութը մոռացության մատնվեց մեդիայի կողմից դատավարության ավարտից անմիջապես հետո, մինչդեռ, ըստ ամենայնի, կային թելեր, որ Հայաստանից դուրս էին տանում. այսինքն՝ գործող լրագրողները կարող էին միջազգային ընդգրկման սկանդալ բացահայտել…

Այս տարվա օգոստոսի վերջին ՀՀ կառավարությունը հաստատեց 2 միլիարդ 700 միլիոն դրամից ավելի արժողությամբ «Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ-ն պետությանը վերադարձնելու նախագիծը։

Ըստ «Արմենպրես»-ի հաղորդագրության՝ կառավարությունը (այսինքն՝ բյուջեն, հարկատուներս) դեռ մի բան էլ պետք է փոխհատուցի բաժնետերերին «ընկերությունում իրականացված սկզբնական ներդրումների չափով»։

Ու՞ր մնացին տարածաշրջանային մակարդակով բարձրորակ կինոարտադրություն կազմակերպելու ամպագոռգոռ խոստումները. «ներդրումներ կատարող Գաֆեսճյան հիմնադրամը նպատակ ունի «Հայֆիլմ»-ը վերափոխել՝ դարձնելով գերժամանակակից կինոֆաբրիկա: Գեւորգ Գեւորգյանի հավաստմամբ՝ «ոչ մի շենք չի քանդվելու, միայն նորերն են կառուցվելու, եղածներն էլ վերանորոգվելու են, որպեսզի համապատասխանեն միջազգային չափանիշներին»:

Նպատակս Գաֆեսճյան հիմնադրամը վարկաբեկելը չէ, որը Հայաստանում լավ համբավ է վաստակել. միայն Կասկադ համալիրը, քանդակների բարձրարժեք հավաքածուն բավական են, որպեսզի Երեւանը երախտագետ լինի Ջերարդ Գաֆեսճյանին, բայց արդյոք առանձին մարդիկ՝ «Արմենիա» հ/ը այն տարիների տերերը, չե՞ն հարստացել այս գործարքից՝ համեմատաբար ոչ մեծ ներդրումով միայն հայկական ֆիլմերի թվայնացման պարտավորությունը կատարելով. թվայնացրած ֆիլմերը պտտվում էին այս ալիքով։

Ո՞վ է անփառունակ գործարքի գլխավոր պատասխանատուն՝ այն տարիների վարչապետ Անդրանիկ Մարգարյա՞նը, մշակույթի նախարա՞րը։

Սահմանադրական ի՞նչ փոփոխություն պետք է կատարվի, որպեսզի մեղավորները պատժվեն, կամ գոնե որեւէ մեկը ներողություն խնդրի տասնյակ մասնագետներից, ում փորձը օգտագործելու, զարգացնելու փոխարեն զրկեցին աշխատանքից…

Ո՞վ պետք է ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից՝ ներդրումային հերթական փուչիկի համար…

Հայկական մեդիայի «ամնեզիայի» զոհերից եմ համարում նաեւ պետական պաշտոնյաների եկամուտների թեման։ Ճիշտ է, «Հետք»-ը, «Հայկական ժամանակ»-ը, «Լրագիր»-ը, այլ կայքեր ու թերթեր պարբերաբար անդրադառնում են նրանց հայտարարագրերի ահռելի գումարների ու համեստ աշխատավարձերի աղաղակող հակասությանը, բայց ո՞րն է արդյունքը։ Այն համարյա զրոյական է՝ նույն պաշտոնյաները, իշխանությունը՝ իր կամակատար, նույն կարգի սկանդալների մեջ խառն իրավապահ համակարգով անտեսում են նման հրապարակումները։

Դա ամենեւին չի նշանակում, որ մեդիան, վերոհիշյալ կայքերն ու թերթերը պետք է հուսահատվեն, նշանակում է, որ պետք է ավելի համառ ու հետեւողական լինեն, քանի որ ստիպված են նաեւ փոխհատուցել իշխանության ապօրինությունների հանդեպ հայկական հեռուստաալիքների պետականորեն հովանավորվող կուրությունը։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?