2011.10.10,

Քննադատ

Երբ ասելու բան չկա, շատ խոսիր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Սիրելի հանդիսատես, շատ դժվար է բառեր գտնել` նկարագրելու համար իրավիճակը, բայց ոչինչ, ես կանեմ դա ձեզ համար: Այդ բարդ աշխատանքը թողեք ինձ, ու ես բառեր կգտնեմ…»,-  վերջերս այսպես էր իր գործի էությունը ձեւակերպել սպորտային մեկնաբանը` հանրային հեռուստաալիքով  ներկայացնելով բարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլային խաղը:

Իրականում այդ մեկնաբանին հաջողվել էր բառերի իսկական տեղատարափ ծնել ու առանց դադարների, շնչակտուր լինելով /ինչը թերեւս պետք է նշանակեր, որ նա իր գործը մեծ նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով է անում/ կադրը լցնել բառակույտերով: Նույն մոտեցմամբ էլ աշխատում են այն հեռուստախոսնակները, ովքեր որեւէ մրցույթ են ջանում մեկնաբանել կամ էլ պարզապես հեռուստատաղավարում զրուցում են հյուրի հետ:

Հայրենական հեռուստատեսությունը ավանդապես դիտող մարդիկ  անպայման նկատած կլինեն, որ բառերի ստեղծման /արարման, մոգոնման ու հնչեցման/ գործը մեզանում հոսքագծի վրա է դրվել: Եվ բնավ էլ նշանակություն չունի թե ինչի մասին է մեզ հետ խոսում էկրանը, կարեւորը դարձել է շատ խոսելն ու միաժամանակ ոչինչ չասելը:

Եթե մի կողմ դնենք լուրերը մատուցելու ձեւաչափը` իր քարոզչական, խրոխտ սովետական շեշտադրումներով ու դիտենք մնացած բոլոր հաղորդումները, ապա կհամոզվենք, որ մեր հեռուստատեսությունը միայն մեկ նպատակ ունի. ուզում է ուժասպառ անել հանդիսատեսին, այնպես խճճել նախադասություններն ու վերադասավորել խոսքերը, որ հանդիսատեսը հոգնի: Ու այսպես հոգնած, իներցիայով դիտի երկնագույն էկրանին, որտեղ գլամուրային անձինք անիմաստություններ են բարբաջում:

Ակտիվորեն շպարված մի աղջիկ, օրինակ, վերջերս զրուցելով իր հյուրի` հայտնի դերասանի հետ, ասում էր` օ~, երբ դիտեցի ձեր ներկայացումը, որի անունը չեմ հիշում, կարծեմ վերնագիրը երկու բառից էր կազմված, հիշեցի, որ երբ սովորում էի թատերական ինստիտուտում, այո, ես սովորել եմ ու դերասան եմ, շատ լավ տպավորություն ստացա, ուզում եմ ասել, որ կարծում եմ, դա լավ ներկայացում էր:

Ողջ հաղորդման ընթացքում տեւում էր այս անիմաստ մենախոսությունը, որին անգամ հյուրը չէր կարող խառնվել, քանի որ[[wysiwyg_imageupload:110:]] անբռնազբոս երեւալ ցանկացող աղջիկը անընդհատ ընդհատում էր նրան:

Եթե չզլանանք ու սղագրենք հեռուստադեմքեր համարվող անձանց ասածները ու տպագրենք դրանք առանց խմբագրման որեւէ թերթում, հաստատ մեծ հաճույք կստանանք: Եվ ծիծաղելու լավ առիթ:

Իրականում այդ մոտեցումը /ժպտերես բարբաջանքը/ սկիզբ է առել շոու-բիզնեսի չգրված, բայց հստակ գործող կանոններից: Շոուն պետք է շարունակվի առանց դադարների, եւ ուրեմն հարկ չկա շունչ քաշել ու փոքր-ինչ մտածել ասածի մասին: Կարելի է նույնիսկ այսպես ասել` մեռիր, բայց դադար թույլ մի տուր:

Եվ էկրանին երեւացող գլամուրային աղջիկներն ու նրբագեղ տղաները փորձում են ինքնահաստավել հենց այդպես` շատախոսությամբ: Անկաշկանդ ու մոդայիկ տպավորություն թողնելու համար մեր էկրանի բոլոր հերոսները պատրաստ են ժամերով մեր փոխարեն ու մեզ համար բառեր գտնել, եւ քանի որ նրանց բառապաշարը բավականին աղքատիկ է, նրանք այդ բացը լրացնում են արագ տեմպով: Ավելի արագ ու ավելի շատ են խոսում, մենք էլ` ավելի արագ ենք հոգնում ու ուժասպառ լինում:

Մեր հեռուստատեսությունը իրականում շատ բան չունի մեզ առաջարկելու. լուրերը շատ ավելի թարմ ու չխմբագրված տեսքով մենք գտնում ենք ինտերնետում, ֆիլմերն ու համերգները` նույնպես: Իսկ վավերագրական ֆիլմեր կամ հրատապ ռեպորտաժներ էկրանին վաղուց արդեն չենք տեսնում:

Հիմնական դիտելու բանը մնում են սպորտային խաղերն ու մրցույթները, որոնք ստիպված ենք լինում դիտել ինքնասիրահարված մեկնաբանների պսեւդոդինամիկ խոսելաոճի ուղեկցությամբ: Շատ ընկերներ ունեմ, ովքեր  ֆուտբոլային խաղն, օրինակ, դիտում եմ առանց ձայնի՝ ասելով, որ այդպես են փորձում ինքնապաշտպանվել բարբաջանքի գրոհից:  

 Նունե Հախվերդյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *