Հեռուստաֆիլմ պատերազմող Սիրիայից

11.12.2012, Նյուսրում

Լրագրող, արվեստի քննադատ

«Արմենիա»-ով ցուցադրվեց «Արաբական գարնան սիրիական աշունը» հեռուստաֆիլմը, որի հեղինակը անձամբ եղել է քաղաքացիական պատերազմով բռնկված Սիրիայում ու վավերագրական ֆիլմ պատրաստել սիրիահայ համայնքի ներկայիս վիճակի ու խնդիրների մասին։

Հայ համայնքին հումանիտար բեռ հասցնող ինքնաթիռով «ՊանԱրմենիան Մեդիա գրուպի» տնօրենի տեղակալ, լրագրող եւ գրող Արման Սաղաթելյանը մեկնել էր Հալեպ, որտեղ ապրում է ամենամեծ, լավ կազմակերպված ու ինքնաբավ հայ համայնքներից մեկը, որի կյանքն այժմ լի է տագնապով, ցավով ու ամենօրյա մաքառումով։

Մենք՝ հայաստանցիներս, շատ քիչ բան գիտենք Սիրիայի մեր հայրենակիցների մասին, բացի, թերեւս, միջազգային լրատվական գործակալությունների տեսանյութերից ու պաշտոնական հաղորդագրություններից, որոնք թվարկում են հայկական թաղամասերի կրած վնասները, զոհերի քանակը կամ սիրիահայերին Հայաստանում ընդունող (կամ էլ չընդունող) Սփյուռքի նախարարության որոշումները։ Եկավ մի պահ, երբ սեփական ուժերով դեպքի վայրից պատրաստած ռեպորտաժների սղությունը մեր եթերում նույնիսկ անհասկանալի դարձավ։

«Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմը փորձեց լրացնել այդ բացը՝ հիմնվելով պատերազմական քաոսով շրջապատված մարդկային ճակատագրերի, խոհերի ու սեփական աչքով որսած վավերագրող կադրերի վրա։

Արման Սաղաթելյանը, ով սովոր է աշխատել պատերազմական (ընդհանրապես էքստրեմալ) պայմաններում, այս ֆիլմի գաղափարը ոչ թե որպես ցանկալի նախաձեռնություն, այլ պարտավորություն է բնորոշում։ Նա պատմում է, որ «ՊանԱրմենիան Մեդիա գրուպը» որոշեց անպայման Սիրիայից սեփական նյութեր ունենալ։ Սակայն երբ քննարկվեց, թե ում կարելի է գործուղել պատերազմական վիճակում գտնվող Սիրիա, լուրջ հարցեր առաջ եկան։

«Մենք չէինք կարող մեզ վրա պատասխանատվություն վերցնել ու առանց անվտանգության երաշխիքների լրագրողին ուղարկել մի երկիր, որտեղ իրավիճակն անկանխատեսելի է։ Իհարկե, մեկնել ցանկացողներ կային (օրինակ՝ փորձառու օպերատորներ), բայց մենք այդ ռիսկին չդիմեցինք (լարվածությունից կմեռնեի, մինչեւ նրանք հետ գային)։ Եւ որոշվեց, որ Սիրիա կմեկնի հոլդինգի ղեկավարներից մեկը։ Ինչպես ասում են, ինչ լինելու է, թող ղեկավարությանը լինի։ Էլ չասեմ, որ, իհարկե, ինքս էի շատ ցանկանում սիրիահայ համայնքի մասին ֆիլմ անել՝ անչափ կարեւորելով այդ գործը»,- ասում է Արման Սաղաթելյանը, ով նաեւ ֆիլմի օպերատորն է։

Ֆիլմը դիտելիս զգում ես, որ սիրիահայ ուսուցչուհին, խանութպանը կամ հոգեւորականը կարոտ են Հայաստանի լրատվամիջոցների ուշադրությանը, նույնիսկ եթե իրենք Հայաստան տեղափոխվելը չեն էլ դիտարկում, եւ Հայաստանի օգնությունն իրենց համար առաջնահերթ չէ։

«Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմը նախեւառաջ արժեքավոր է որպես նախադեպ։ Իհարկե, հետին հաշվով կարելի էր ցանկանալ, որ ֆիլմն ավելի ամուր սյուժետային կառուցվածք ունենար կամ էլ ավելի մանրամասն (թեկուզ տեքստով) անդրադառնար պատերազմական իրավիճակի նախադրյալներին ու ընթացքին, սակայն ֆիլմն ամբողջովին սեփական արտադրության հեռուստատեսային նյութ-ապացույց է, որի կարիքը մեր հեռուստատեսությունը վաղուց է զգում։

Դա շատ թանկ հեռուստատեսային փորձ է, որի հիմքում առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու պահանջն ու նաեւ հաճույքն է (այդ հաճույքը միաժամանակ ե՛ւ դիտողինն է, ե՛ւ լրագրողինը, ե՛ւ լրատվամիջոցինը)։

Վավերագրող վիդեոշարը, մարդկային հարաբերությունները, մտքերը, երկյուղը, կենցաղային մանրամասները, ավերված փողոցները, այրված գրադարանը, եկեղեցին, համայնքի մոբիլիզացիան մեր մասին պատմող կադրեր են, որոնք, բացի մեզանից, ոչ ոք չի նկարահանի (ուրիշի նկարահանածը, միեւնույն է, ուրիշի անունից է խոսելու)։ Իսկ սեփական ուժերով ու տեսանկյունով ֆիլմ անելով՝ փաստում ես, որ եղածի տերն ես։ Եվ ոչ միայն մարդկային ճակատագրերի, այլեւ քո մասին մեդիա դաշտում հայտնված ինֆորմացիայի տերն ես, քանի որ ինքդ ես ինֆորմացիա հավաքում, դասակարգում ու սփռում։

«Ինչո՞ւ մեր համայնքի մասին պիտի ուրիշներից իմանանք։ Բա ո՞ւր մնաց մեր ազգային տեղեկատվական սուվերենիտետը։ Միգուցե պետք է հակառակը՞ լինի. ոչ թե մենք ռուսներից իմանանք, այլ ռուսները՝ մեզանից։ Կարծում եմ՝ եթե ուզենք, շատ լավ կարող ենք աշխատել։ Իսկ Սիրիան այն երկիրն է, ուր մենք պարտավոր էինք գնալ, տեղում հասկանալ իրավիճակն ու ցույց տալ հանրությանը»,- ասում է Արման Սաղաթելյանը։

Մեր հեռուստատեսությունը տարիներ շարունակ բավարարվել է երկրորդ կամ երրորդ ձեռքից տեղեկատվություն ստանալով ու ուրիշի նկարահանածը օգտագործելով։ Իսկ այս ֆիլմով ակտուալ վավերագրությունը եթեր վերադարձավ։ Առայժմ որպես նախադեպ։

Ի դեպ, սիրիահայ համայնքի խնդիրներն ու Արման Սաղաթելյանի աշխատանքը «Россия» ալիքի «Вести недели» լրատվական թողարկման ռեպոտրտաժներից մեկի առանցքն էին դարձել։

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?