Աննա Դաստակյան. «Կարծում եմ, որ շատ դժվար կլիներ Հայաստանում անկախ լրագրող մնալ»

18.01.2016, հայ

Լրագրող

1996 թվականն էր, և Հայաստանը խառն էր: Ֆրանսիացի լրագրող Աննա Դաստակյանը նոր էր վերադարձել Երևանից. նախագահի ընտրությունն էր լուսաբանել ֆրանսիական «Լիբերասիոն» թերթի համար:

Դաստակյանի ու չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ Պրահայում նստած՝ Հայաստանի ընտրություններն էինք քննարկում:

Աննան որպես լրագրող առաջին անգամ էր եղել Հայաստանում, Դանան՝ արդեն մի քանի, ու սիրում էր մեջբերել մի թերթից՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, բայց մոտեցավ համբուրելու չեխ լրագրողուհուն»:

Զրույցը սկզբում ընթանում էր մեզ երեքիս էլ հասկանալի ռուսերենով: Բայց Աննան ու Դանան սկսեցին վիճել ու անցան չեխերենի: Ինչքան վեճը թեժանում էր, այնքան ավելի շատ չէին նկատում ինձ: Օտարերկրացի գործընկերներս տալիս-առնում էին իմ երկրի դարդերը, իսկ ես համարյա բան չէի հասկանում: Վերջում խռովեցին: Իմ երկրի պատճառով: Ինչքան հարցրի՝ Հայաստանի ի՞նչն էդպես կռվացրեց ձեզ, երկուսն էլ մի կարգին պատասխան չտվեցին:

2016 թվական: Այս վեճից ուղիղ 20 տարի անց Դաստակյանի մասին պիտի գրեմ: Երևանից Փարիզ առաջին գրավոր հարցս հենց դա է: Վերջապես ուզում եմ իմանալ, թե Հայաստանի մասին էդ ինչ էին վիճում ֆրանսիացի ու չեխ ընկերներս: Իզուր: Աննայից այսպիսի պատասխան եմ ստանում՝ անկեղծ եմ ասում, չեմ հիշում:

Աննա Դաստակյանը, Պրահա, 1997թ.

Աննա Դաստակյանը ֆրանսիական ազդեցիկ «Մաղիան» շաբաթահանդեսի միջազգային բաժնի լրագրող է այժմ. «Երեք հոգի ենք ամբողջ աշխարհի համար: Իմ ոլորտը հիմնականում հետսովետական երկրներն են, Կենտրոնական Եվրոպան և Բալկանները»:

Աննան «Մաղիան»-ում է պարբերականի հիմնադրումից ի վեր՝ 1997 թվականից: «Մաղիան»-ը մոտ 300 հազար տպաքանակ ունի: Վիքիպեդիա հանրագիտարանը պնդում է, որ 2007-ին, երբ շաբաթաթերթը նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզիի դեմ արշավ սկսեց՝ «Իրական Սարկոզին» հրապարակմամբ, «Մաղիան»-ը Ֆրանսիայի պարբերականների համար ռեկորդային վաճառքի հասավ՝ մոտ 580 հազարի:

Աննային հարցնում եմ՝ դու այդ հակաարշավին մասնակցու՞մ էիր, և ընդհանրապես, ճի՞շտ բան է, որ թերթը որևէ մեկի արշավը կամ հակաարշավն անի:

«Քանի որ Ֆրանսիայի ներքին խնդիրներին չեմ անդրադառնում, ինքս չեմ գրել նախընտրական թեմաներով: Ինչ վերաբերում է «Մաղիան»-ի իմ գործընկերներին, ոչ մեկն էլ հակաարշավ չի արել, քննադատող փաստեր են հրապարակել ( երևի Սարկոզին է այդպես կարծում՝ հակաարշավ): Հիմա էլ, երբ նման փաստեր ունենում ենք գործող կառավարության կամ նախագահի դեմ, հրապարակում ենք»:

Ֆրանսիական «Շառլի Էբդո» երգիծահանդեսի հեղինակների դեմ մահացու հարձակումից հետո Աննա Դաստակյանը վերանայե՞լ է իր լրագրողական որևէ մոտեցում կամ սկզբունք: Ոչ՝ ասում է:

- Ծանո՞թ ես Հայաստանում լրատվամիջոցների ներքին աշխատաոճին, կուզենայի՞ր աշխատել մեր տեղական մեդիայում:

Ծանոթ չեմ, բայց, դատելով նրանից, թե ինչ են պատմում իմ ճանաչած հայաստանցի լրագրողները, կարծում եմ, որ շատ դժվար կլիներ Հայաստանում անկախ լրագրող մնալ: Մյուս կողմից, Հայաստանում չեմ ծնվել, այդտեղ չեմ ապրում, լեզուն չգիտեմ...

Մադամ Լիլիանը՝ Աննա Դաստակյանի մայրը, ֆրանսուհի է՝ Մոնտե Կառլոյից: Հայրը՝ Կարեն Դաստակյանը, ծնվել է Թիֆլիսում՝ 1920 թվականին, երբ ծնողները Բաքվից նոր-նոր էին տեղափոխվել: Աննայի հորական նախապապը՝ շուշեցի Աբրահամ Դաստակյանը, ըստ որոշ աղբյուրների, Դաշնակցություն կուսակցության հիմնադրման մասնակիցներից է, ծրագրի հեղինակներից, եղել է Հայաստանի առաջին հանրապետության առողջապահության նախարար:

Աննա Դաստակյանի տատ Աշխենը՝ զավակների հետ ( Կարեն, Նինա և Աննա)
լուսանկարի մոտավոր տարեթիվը՝ 1926թ., Բուխարեստ

Աննան ծնվել է Փարիզում, որտեղ վաղուց էր հաստատվել հայրը: Սորբոնի համալսարանում ուսանել է փիլիսոփայություն, իսկ Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտում՝ չեխերեն: «Ինչու հենց չեխերե՞ն: Ընկերս, հետագայում՝ ամուսինս, Պրահայում սովորելու կրթաթոշակ էր ստացել: Երբ իրեն այցելեցի, սիրահարվեցի այդ քաղաքին ու որոշեցի չեխերեն սովորել: 1980 թվականին ինքս ստացա Պրահայում ուսանելու կրթաթոշակ»:

1984-ին Աննա Դաստակյանը ֆրանսիացի դիվանագետ ամուսնու հետ մեկնեց Մոսկվա. «Հասցրինք տեսնել Չեռնենկոյի ղեկավարման տարին, Գորբաչյովի գալը, պերեստրոյկան և մյուս բաները… ՍՍՀՄ-ի ներսում մեր առաջին ճամփորդությունը դեպի Հայաստան էր: Շաբաթ-կիրակի եղանք Երևանում, Գառնիում և Գեղարդում»:

1986-ին Աննան ամուսնալուծվեց ու Ֆրանսիա վերադարձավ: 1987-ին ծնվեց որդին՝ Անտուանը, որի հայրը ռուս ռոք երաժիշտ Վասիլի Շումովն է: Աննան Անտուանին մինչ օրս ռուսական ձևով է դիմում՝ Անտոշա:

Վերադարձան Մոսկվա: Սկզբում ամերիկյան «ԷնԹիՎի»-ում խմբագրի օգնական էր, ապա «Լիբերասիոն»-ի՝ Մոսկվայի գրասենյակում սկսեց աշխատել. «Երբ Հայաստանում երկրաշարժ եղավ, մենակ էի. թղթակիցն արձակուրդում էր, ես ռուսական մամուլից թարգմանում էի՝ ինչ գտնում էի ու ինչ կարողանում էի»:

1989-ին Ֆրանսիա վերադարձին «Մոնդ» թերթում վերապատրաստում անցավ և սկսեց հոդվածներ գրել: Չեխիայում թավշյա հեղափոխությունը տեսավ. այնտեղ էր՝ իր ծննդյան հոբելյանը պարզապես նշելու համար. «Իսկ երբ Վացլավ Հավելը դարձավ նախագահ, որոշեցի Չեխիայում հաստատվել որպես լրագրող: Այնտեղ աշխատել եմ «Ռոյթերս»-ի, «Մոնդ»-ի, «Ֆրանսպրես»-ի և «Լիբերասիոն»-ի համար... 1995-ին Ֆրանսիա վերադարձա առանց աշխատանքի»:

Աննայի տատ Աշխենի մայր Զարուհին, որը խոսում էր միայն Ղարաբաղի բարբառով
Նրա հետ են Նինա, Լիլի, Կարեն թոռները: 1920-ականների վերջ, Բուխարեստ

1996-ին որպես լրագրող Հայաստան առաջին այցից հետո Աննան բազմիցս է գործուղման եկել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Լուսաբանել է ամենատարբեր հարցեր՝ տարբեր ոլորտներից: Վերջին անգամ 2015-ի աշնանն էր Երևանում. գործարար Ռուբեն Վարդանյանի հրավերով ֆրանսիացի այլ լրագրողների հետ եղավ Դիլիջանում, Տաթևում, Ջերմուկում: «Մաղիան»-ում հոդված հրապարակեց Հայաստանում հաստատված սիրիահայ փախստականների մասին, որն արտատպեց ֆրանսահայ մամուլը:

Անցած տարի «Մաղիան»-ում հատուկ շարք թողարկեց՝ «100 էջ ֆրանսահայերի մասին», իսկ ապրիլի 20-23-ը Դիարբեքիրում էր, որտեղից ռեպորտաժ ուղարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: 2006-ին, երբ Ֆրանսիայում հայտարարված էր Հայաստանի տարի, ֆրանսիացի պատմաբան Կլեր Մուրադյանի հետ հրատարակեց «100 պատասխան Հայոց ցեղասպանության մասին» ֆրանսերեն գիրքը:

«Նույն 2006-ին Հայաստան էինք եկել, որպեսզի զբոսաշրջության մասնագետների հետ այցելենք Սևանա Լիճ: Երևան ժամանելուն պես իմացանք, որ Ֆրանսիայում պատգամավորները քվեարկել են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: Շատ զարմացանք, որովհետև Ֆրանսիայում գրեթե բոլորը դեմ էին այդ նախագծին»:

- Աննա, դու ֆրանսիացի լրագրող ես, բայց շատ հաճախ ես անդրադառնում հայկական թեմաների: Դա հենց քե՞զ է պետք, քանի որ հայկական արմատներ էլ ունես, թե՞ կարծում ես, որ ուրիշներին էլ հետաքրքիր է:

- Որպես արմատներով հայ ֆրանսիացի լրագրող, հետաքրքրվում եմ, թե ինչ կա Հայաստանում: Իսկ երբ կոնկրետ տեղեկություն եմ ունենում, ավելի եմ փորփրում: «Մաղիան»-ում Հայաստանի մասին երբեմն կարճ լուրեր եմ գրում, երբեմն՝ մեծ հոդվածներ:

- Երբևէ սուբյեկտիվ եղե՞լ ես հայկական հարցերում. հատկապես Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրները լուսաբանելիս:

Աննա Դաստակյանը՝ Երուսաղեմում, մի հայ տղայի հետ

Կարծում եմ՝ ոչ: Բայց, օրինակ, շատ հուզված էի, երբ Ջուղայի խաչքարերը ոչնչացնելու մասին էի գրում: Դժվար էր էմոցիայից զերծ տոն գտնելը: Ստիպված գործընկերոջս օգնությանը դիմեցի: Իսկ ընդհանրապես, երբ հարցը Թուրքիային կամ Ադրբեջանին է վերաբերում, միշտ ավելի հեշտ է տուժածի կողքին կանգնելը, քան հակառակը: Ադրբեջանը նույնիսկ գրոտեսկային է, իր ռեժիմի վրա ծիծաղելու առիթներ շատ է տալիս: Ի դեպ, չնայած Ֆրանսիայի քաղաքացի եմ, իմ հայկական ազգանվամբ չեմ կարող ճամփորդել Ադրբեջան:

Շատ տարիներ առաջ Հայաստան հերթական մի այցից առաջ Աննան ինձ հարցրեց, թե հայերեն ինչպես կլինի «շնորհակալություն հարցազրույցի համար»: Ինչի՞դ է պետք: Ասաց, որ Հայաստանում ու Ղարաբաղում հարցազրույցներից հետո ուզում է շնորհակալություն հայտնել հայերեն: Որոշեցի մի քիչ խաղալ հոգու հետ: Ասացի, որ պետք է ասել՝ ծիծիկդ ուտեմ: (Ֆրանսիացու համար նա զարմանալի հեշտությամբ ու ճիշտ է արտասանում հայերենի ծ-երն ու ճ-երը: Դա ես գիտեի): Աննան սկսեց բարձրաձայն կրկնել՝ ծիծիկդ ուտեմ, որպեսզի սովորի: Բայց հայ գործընկերներս կողքից լսեցին ու՝ Աննա, էդ ի՞նչ ես ասում: Հեչ, անգիր եմ անում, թե հայերեն ոնց կլինի՝ շնորհակալություն հարցազրույցի համար: Քեզ ո՞վ է ասել… Շատ ավելի շուտ բռնվեցի, քան նախատեսել էի խոստովանել:

- Այդպես էլ չսովորեցիր հայերեն:

Երբ երիտասարդ էի, կարող էի, բայց չստացվեց. Ֆրանսիայում սովորեցնում են միայն արևմտահայերեն: Երբ Պրահայում էի, արևելահայերեն մի քիչ սովորեցի: Ցանկացած հայի հետ որևէ ընդհանուր լեզու կարողանում ենք գտնել՝ շփվելու համար: Ռուսերեն իմանալս ինձ փրկում է: Բայց հայերեն էլ կսովորեմ:

Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?