2013.10.09,

vox populi

Մեդիայի արագ ռիթմն ազդում է նաեւ գրականության վրա

Ես բանաստեղծություններ եմ գրում՝ հաշվի առնելով հենց այս ներկա, ընթացիկ պահը, ոչ թե (եթե կարելի է այսպես ասել) հավերժությունը: Այս իմ բանաստեղծությունների հայերեն հավաքածուն էլ վերնագրել եմ «Իմ անունը Հիմա է»: Հիման դա ես եմ, իմ մտքերը, հույզերը, որոնց մեջ եւ՛ անցյալն է, եւ՛ ապագան:

Ամեն գրքիս հետ կարծես նոր մարմին եմ ստանում, ավելի ճիշտ՝ նոր մարմին եմ կառուցում, որի հիմքը բառն է, գրականությունը: Ընդհանրապես կարծում եմ, որ բառերն են կառուցում մարմինը, ոչ թե հակառակը: Երեւի մաշկով, մարմնով հիշելն ու վերապրելն էր նշանակում է Հիմա:

Իմ կյանքը բավականին տարօրինակ է: Միգուցե այն պատճառով, որ կյանքս Հայաստանից դուրս է, ինձ միշտ զգում եմ որպես օտար: Այո, ես ամենուրեք էլ օտար եմ, նույնիսկ Բուենոս Այրեսում, որտեղ ծնվել ու ապրում եմ: Եվ այդ պատճառով էլ միշտ փնտրել եմ մի տարածք, որտեղ օտար չեմ լինի: Այդպիսի տարածք ինձ համար դարձավ գրականությունը, քանի որ բառերի ու երեւակայության աշխարհում ամեն ինչն է տարօրինակ: Նույնիսկ ես՝ իմ օտարությամբ:

Գրականությունն է իմ հայրենիքը, քանի որ իմ պատմական հայրենիքը ինձանից շատ-շատ հեռու է, իսկ Արգենտինան չի հասցրել իմը դառնալ:

Զգում եմ, որ մարդկանց ու միջավայրերի կապը պահպանող ամենից լավ գործիքը հիմա մեդիան է, որը թույլ է տալիս տեղեկանալ, թե աշխարհի տարբեր ծայրերում ինչ է կատարվում: Մեդիան հնարավորություն է տալիս ինձ իմանալ, թե հայերն ինչ գրքեր են կարդում, ինչ երաժշտություն են լսում: Լուսանկարների, լուրերի ու հոդվածների միջոցով եմ ինձ համար կառուցում Հայաստանի ներկայիս պատկերը, հայերի զգացմունքները, նշանակալի իրադարձությունները:

Իհարկե, հիմա մարդիկ ավելի քիչ են գիրք կարդում, ավելի արագ ռիթմով են ապրում: Այդ արագ ռիթմը առաջին հերթին մեդիան է թելադրում: Եվ հաճախ տեսնում ենք, որ ֆասթ մեդիան իր ազդեցությունն է թողնում նաեւ գրականության վրա՝ գրական տեքստերն ավելի ավելի սեղմ դարձնելով:

Այնպես որ, անգամ կարող ենք ասել, որ պոեզիան մեդիայի գործառույթն է ստանում, մանավանդ, որ այն ավելի կարճ ու արագ տարածվող է, քան մնացած ծավալուն գրական ժանրերը, ասենք՝ վեպերը:

Կարող եմ ասել, որ մեդիան կարծես երկու հակադիր շերտ է ստեղծում: Մեկը կոմունիկացիա է հաստատում՝ օգնելով չեզոքացնել ահռելի ֆիզիկական հեռավորությունները ու ազատվել դեպքի վայրերից դուրս լինելու թերությունից: 

Իսպաներեն թարգմանված Հայաստանի 20 ժամանակակից բանաստեղծների անթոլոգիան (որը կազմել է Մարինե Պետրոսյանը, թարգմանել է Ալիս Տեր-Ղեւոնդյանը, խմբագրումն ու մշակումը ես եմ կատարել, իսկ հրատարակել է «Անտարես» հոլդինգը), մենք մեծ հաջողությամբ ներկայացրինք պոեզիայի տարբեր ֆորումներում: Այդ թվում՝ նաեւ ինտերնետային:

Շատ երջանիկ եմ, որ գիրքը հիմա կարող ենք ներկայացնել աշխարհում: Եվ ոչ միայն Արգենտինայում, այլեւ Իսպանիայում, Մեքսիկայում, Պարագվայում, ԱՄՆ-ում (որտեղ, ինչպես գիտեք, իսպանախոսները շատ են):

Բայց մյուս կողմից էլ ինտերնետային կոմունիկացիայի հեշտ ու արագ լինելը մարդուն ժամանակ չի թողնում հանգիստ ու հիմնովին ընկալել ու վայելել կյանքը: Եվ առաջին հերթին՝ պոեզիան:

Բայց դե ի՞նչ արած. ինտերնետը մեր իրականությունն է, եւ պետք է դրա առավելություններն օգտագործել, ոչ թե բողոքել: 

 

Անա Արզումանյան
իրավաբան, փիլիսոփայության դասախոս, բանաստեղծ

Բուենոս Այրես

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *