2016.10.19,

Մեդիագլոբ

Վստահություն շահել բաժան-բաժան աշխարհում

Այն լրատվամիջոցները, որոնք դիմանում են բևեռացման գայթակղությանն ու ձգտում են շահել լսարանի վստահությունը, առաջ գնալու ավելի մեծ շանսեր ունեն: Բայց դա նաև նշանակում է ռիսկի դիմել:

Միջազգային լուրերը միշտ նմանվում են ճաշից հետո աղանդերին, երբ լսարանն ընդարձակելու համար անհրաժեշտություն է դառնում ավելի թեթև թեմաների չափավոր խառնուրդը:

Այդ խառնուրդը մի ժամանակ ի մի էին բերում խմբագիրները՝ համոզված, որ իրենց կարծիքով կարևոր թեմաները միշտ առաջին էջում էին: Նոր «սահմանագծողներն» այժմ վիճարկում են այդ դերակատարությունը: Մինչ դեռևս հեռուստատեսությունն է լրատվական ամենատարածված հարթակը, ագրեգատորները, որոնման համակարգերն ու սոցիալական մեդիան ավելի ու ավելի շատ են հայտնվում խմբագիրների և լսարանի արանքում: Պրոֆեսիոնալ լրագրողները զգալի քանակությամբ լուրեր են թողարկում, բայց նրանք այլևս վերահսկողություն չունեն դրանց սպառման ուղիների վրա:

Սոցիալական նոր խմբագիրները երբեմն հենց լսարանի մաս են կազմում: Սոցիալական բլոգոլորտի այնպիսի կայքեր, ինչպիսին է Tumblr-ը, և իրենց լսարանի հագով ձևված լրատվական ագրեգատորները որոշակի աստիճանի վերահսկողության հնարավորություն են տալիս` թույլ տալով միջազգային լուրերով հետաքրքրվող օգտատերերին մշտապես հետևել իրենց հետաքրքրող թեմաներին:

Սակայն կոնկրետությունը նույնպես խնդիր է: Եթե բոլոր լրահոսներդ Սիրիայի կամ Ուկրաինայի մասին են, հնարավոր է՝ չկարողանաս տեղեկանալ քեզ սպասարկող բուժհաստատության փակման մասին: Եվ հակառակը, եթե քեզ հետաքրքրում են երաժշտական կամ մարզական լուրեր, հնարավոր է՝ նույնիսկ չիմանաս էլ, որ Ուկրաինայում պատերազմ է: Ընտրովի լրահոսը թեմայի մեջ խորացող է, բայց նեղ շրջանակ ունի:

Հրապարակված, բայց քիչ երևացող

Ալգորիթմի վրա հիմնված լրահոսները, ինչպիսին, օրինակ, Ֆեյսբուքինն է, նույնպես շատ ընտրանքային են: Չնայած ավելի ու ավելի շատ լրատվամիջոցներ են Ֆեյսբուքի միջոցով նյութեր տարածում, այս տարի փետրվարին Monday Note-ի հրապարակած զեկույցը ցույց տվեց, որ Ֆեյսբուքի օգտատերերն, ընդհանուր առմամբ, փաստացի տեսնում են իրենց հասանելի հրապարակումների միայն մոտավորապես 6 տոկոսը: Թե հազարավոր լրատվական նյութերից նրանք որոնք կկարդան, որոշվում է նրանց նախապատվությունների, հետևած ընկերների և թեմաների համակարգչային վերլուծությամբ:

Հետազոտողներ Փաբլո Բոսկովսկու և Եվգենյա Միթչելսթեյնի 2013թ. անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ մարդիկ առավել հակված են հետևելու «ոչ հրապարակային հարաբերություններին վերաբերող պատմություններին, որոնք պատրաստված են լրատվական ոճով»: Ֆեյսբուքը հետևում է նման նախապատվություններին և օգտատերերի մեծամասնությանը մատուցում հարաբերականորեն թեթև լուրեր, որոնք ուղեկցվում են ընտանեկան կամ ընկերական շրջապատի լուսանկարներով:

Սա լավ լուր չէ այն լրագրողների համար, որոնք փորձում են սոցիալական մեդիայի միջոցով միջազգային լուրջ նյութերի համար լսարան ձևավորել: Դա չի հաջողվի, եթե նման նյութերի մեջ տեղական կամ անձնական բնույթի կարևոր խայծ չլինի: Օրինակ՝ 2015թ. նոյեմբերի փարիզյան հարձակումները շատ արագ դարձան առցանց միջավայրի ամենաքննարկվող թեման, մինչդեռ Բեյրութում և Քենիայում հարձակումներն այդ երկրներից դուրս շատ քիչ ուշադրության արժանացան՝ չնայած դրանց մասին լուրեր կային:

Բոսկովսկին և Միթչելսթեյնը նաև պարզել են, որ մարդիկ ավելի հակված են մեկնաբանություններ թողնելու այնպիսի տեղեկատվության տակ, որպիսին իրենք վիճելի են համարում: Ուստի, լուրեր հրապարակող, տարածող և մեկնաբանող ակտիվ օգտատերերը ստանում են իրենց նախապատվություններին ինչ-որ չափով հակասող լուրեր: Օքսֆորդի համալսարանի վիճակագրության փորձագետ Էմմա Փիրսընը պարզել է, որ Թվիթերում միջազգային զանգվածային քննարկման թեմա դարձած՝ Ֆերգյուսոնի (Միսսուրի) խռովությունները մասնակից օգտատերերին բաժանել էին երկու մասի. մի խմբում ոստիկանամետ պահպանողականների աջակիցներն էին, մյուսում՝ խռովարարներին համակրող ազատականները, իսկ այդ երկու խմբերը վիրտուալ հատման որևէ կետ չունեին:

Ֆերգյուսոնում տեղի ունեցածի մասին լուրեր Ֆեյսբուքում գրեթե չկային: Սոցիալական մեդիայի միտումը՝ վարքագիծ ձևավորել կամ ազդել դրա վրա, նպաստում է լրամոլների և լրատյացների միջև բևեռացման խորացմանը, ինչն արձանագրել են հետազոտողները: Դա կարող է նաև նպաստել քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև իրադարձությունների հանդեպ տարբեր մոտեցում ունեցող մարդկանց խմբերի միջև բևեռացման խորացմանը:

«Սոցիալական խմբագրումը» և վստահություն շահելը

Այն երկրներում, որտեղ լրատվամիջոցների հանդեպ վստահության մակարդակը ցածր է, իսկ սոցիալական մեդիայի՝ որպես լուրերի աղբյուրի օգտագործման մակարդակը բարձր, «սոցիալական խմբագրման» այս ձևն առավել տարածված լինելու հավանականություն ունի: Օքսֆորդ Ռոյթերս ինստիտուտի վերջին հարցախույզի մասնակից 18 երկրներից 8-ում հարցվածների 50 տոկոսից պակասն է վստահում լրատվամիջոցներին: Միջազգային կամ հանրային կարևորության լուրեր հաղորդող լրագրողների համար սա մարտահրավեր է: Այժմ լրագրողների գործը միայն թեմաներ գտնելը, դրանք ուսումնասիրելն ու նյութ պատրաստելը չէ: Նրանք պետք է նաև հաշվի առնեն, թե ով է սպառելու այդ նյութը և ինչ համատեքստում:

Շատ լրագրողների քաջալերում են իրենց նյութերը «ծախել» սոցիալական մեդիայում՝ ավելի մեծ լսարան գրավելու համար: Գայթակղություն կա՝ կոմերցիոն պահանջներ բավարարելու և դիտումներ ապահովելու համար ուռճացնելու թեմայի վիճահարույց մասը: Իհարկե, ժամանակավոր օգուտ դա բերում է (հերիք է միայն, որ թեման ամենաքննարկվողներից լինի), բայց երկարաժամկետ հեռանկարում կարող է վստահության կորստի հանգեցնել: Առանց վստահության շատ դժվար է լսարանին տրամադրել իր նախապատվությունից դուրս որևէ բան կարդալ և, ինչու չէ, ազդել նրա մտածելակերպի վրա:

Իսկ լավ լուրն այն է, որ լրատվամիջոցների հանդեպ բարձր վստահելիություն ունեցող երկրներում, որոնք կայացած հանրային հեռարձակողներ ունեն և բարձրորակ թերթեր, ավանդական լրատվամիջոցներն իրենց բավական լավ են պաշտպանում հարթակային միջամտություններից: Այդ երկրներում ավանդական լրատվամիջոցները հաջողությամբ հարմարվել են առցանց հասանելիությանը և կարծես թե կարողանում են հեռուստատեսային և սոցիալական մեդիայի լսարանի հետ պահել նաև իրենց առցանց լսարանը: Լրատվամիջոցների հանդեպ ցածր վստահելիություն ունեցող երկրներում, օրինակ, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, թե՛ առցանց, թե՛ տպագիր թերթերը կորցնում են իրենց լսարանը: Հեռարձակողներն ավելի լավ են հարմարվում, բայց լսարանի հավատարմության հարցում հետ են մնում բարձր վստահելիություն ունեցող երկրներից:

Այս ամենից քաղելիք դասը, թերևս, այն է, որ առաջ գնալ կկարողանան այն լրատվամիջոցները, որոնք դիմանում են բևեռացման գայթակղությանը և դրա փոխարեն ձգտում են մեծացնել իրենց հանդեպ վստահությունը: Վստահություն շահելը նշանակում է ռիսկի գնալ և ընթերցողներին ցույց տալ, որ ցանկացած խնդրի շուրջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ: Ինտերնետն ամեն ինչի հետ կապվելու հնարավորություն է տալիս, և այն լրատվամիջոցները, որոնք պատրաստ են ընթերցողներին կապել իրենց նյութերի աղբյուրային փաստաթղթերին, վստահություն շահելու ամենամեծ շանսերն ունեն:

Որոշ լրատվամիջոցներ իրենց նյութերն ազատում են հղումներից՝ մտավախությամբ, որ կարող են լսարան կորցնել: Բայց նրանք, ում կորցնում են այսօր, վաղը կարող են վերադարձողները լինել: Երբ վստահությունը դիտվում է որպես շահ, այն դառնում է արժեթուղթ:

 

Անջելա Ֆիլիփսը Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանում լրագրության դասախոս է:

Հեղինակ՝ Անջելա Ֆիլիփս
Թարգմանությունը՝ Ռուզան Խաչատրյանի
Բնօրինակը հրապարակվել է Ostpol.de կայքում

Հոդվածը հրապարակվել է n-ost-ի «Translating Worlds» նախագծի շրջանակում: Էսսեների ամբողջ շարքը կարող եք կարդալ այստեղ, ինչպես նաև կարող եք միանալ նախագծի ֆեյսբուքյան էջին, որը համախմբում է միջազգային լուրերի լուսաբանման վերաբերյալ միջմշակութային բանավեճով հետաքրքրվող լրագրողներին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *