3 կայք բառամպեր պատրաստելու համար

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Բառամպերը (word cloud) ժամանակակից թվանշային լրագրության ամենատարածված գործիքներից են: Դրանք հարմար են, օրինակ, տեքստը վերլուծելու համար: Ամպում այն բառերը, որոնք շատ են օգտագործված, ավելի մեծ չափսի են: Ստացվում է՝ բառամպը փոխանցում է նաեւ տեքստի հիմնական բանալի բառերը:

Բառամպերը նաեւ ինտերնետային հոդվածի վիզուալիզացիան են ապահովում: Կան նաեւ ինտերակտիվ բառամպեր ստեղծելու գործիքներ:

Ներկայացնեմ տարբեր տեսակի բառամպեր պատրաստելու երեք կայք:

Wordle
Բառամպեր պատրաստելու, թերեւս, ամենահայտնի ինտերնետային կայքը Wordle-ն է: Այն շատ հարմար է օգտագործման համար եւ ամենակարեւորը՝ ստեղծում է հայերեն բառամպեր:

Օրինակ՝ կարելի է վերցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորի ուղերձը եւ Wordle-ի օգնությամբ բառամպ պատրաստել: Այն հասանելի կլինի կայքի պատկերասրահում: 

wd
Wordle-ը բառամպերը ներբեռնելու հնարավորություն չի տալիս: Դրանք կարելի է վերցնել պարզապես համակարգչի էկրանը պատճենելու (screenshot) միջոցով:

Wordle-ի մեկ այլ թույլ կողմն էլ այն է, որ այն օգտագործելու համար համակարգիչը պարտադիր պետք է ունենա java plugin: Ոչ բոլոր օգտատերերն են, որ java-ն պարբերաբար թարմացնում են:

Tagxedo
Բառամպեր պատրաստելու հարմար գործիք է Tagxedo-ն: Այն թույլ է տալիս ոչ միայն պարզապես բառերի կույտեր ստեղծել, այլեւ դրանց որոշակի պատկերների, բառերի, ձեր վերբեռնած նկարների ձեւեր տալ: Օրինակ՝ այս հոդվածի տեքստով ես պատրաստեցի այս պատկերը՝ աստղի տեսքով:

12
Tagxedo-ի օգնությամբ պատրաստված բառամպերը կարելի է ներբեռնել համակարգիչ: Այս կայքն աշխատում է Microsoft-ի Silverlight ծրագրով: Մինչեւ այն օգտագործելն, անհրաժեշտ կլինի համակարգչում տեղադրել Silverlight-ը:

Infomous
Պատրաստել բառամպ, որն ինտերակտիվ կլինի: Այս խնդիրը լուծելու համար օգտագործում ենք Infomous-ը: Այն օգտագործել կամ օգտագործում են The Guardian-ը, USA Today-ը, The Economist, The Washington Post-ը:

Կայքը հնարավորություն է տալիս բառամպ ստեղծել ցանկացած բառի շուրջ: Համակարգն առաջարկում է ընտրել աղբյուրները, որոնք օգտագործվելու են ինտերակտիվ բառամպը ստեղծելիս (Twitter, Facebook, Instagram, նորություններ, որոշակի կայքերի հոդվածներ):

infomous
Ես, օրինակ, պատրաստեցի «Sochi» բառի ինտերակտիվ բառամպը: Համակարգը որոնեց եւ բառամպի պատկերում տեղավորեց այն բառերը, որոնք կապակցվում են «Sochi»-ի հետ: Երբ մկնիկը պահում ես առանձին բառերի վրա, էկրանին երեւում է դրա աղբյուրը (թվիթերյան գրառում, լուսանկար Instagram-ում եւ այլն) եւ դրան ակտիվ հղումը:

Infomous-ը հարմար է աշխարհի նորությունները բառամպերի ձեւով ներկայացնելու համար, ցանկացած բառ Twitter-ում, Facebook-ում կամ Instagram-ում որոնելու եւ դրա ինտերակտիվ բառամպը ստանալու համար: Հայաստանից օգտատերերի համար այս կայքի գլխավոր թերությունն այն է, որ այն չի աշխատում հայերենով:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *