2017.12.27,

Քննադատ

2017֊ի մեդիադաշտի մի քանի ակնթարթ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Անցնող տարին կարելի է տարբեր կողմերից ամփոփել, բայց փորձենք նայել, թե ինչ հետաքրքիր բաներ են եղել ցանցում, որոնք ազդեցություն կունենան հաջորդ տարվա զարգացումների վրա։

Երևի թե մեդիադաշտի ձևավորման համար ամենակարևոր հանգամանքներից մեկը սահմանադրական փոփոխություններն էին, որոնց հիմնական հետևանքն է անցումը դեպի խորհրդարանական հանրապետություն։

Ընտրությունների քանակը կրճատվում է։ Փաստացի, մենք չորս տարի առանց անմիջական ընտրությունների ենք ապրելու։ Ինչը լուրջ ազդեցություն կունենա երկրորդ պլանում գտնվող ցանցային լրատվամիջոցների վրա։ Եղածների մեծ մասը կանցնեն պատմության գիրկը կամ կսառեցվեն ֆինանսների բացակայության պատճառով։

Սա, իհարկե, կարող էր զգալիորեն առողջացնել լրատվական դաշտը։ Սակայն կա մի քանի հանգամանք, որոնք թույլ չեն տալիս լինել լավատես։

Առաջինն այն է, որ որքան մոտենանք ապրիլ ամսին, այնքան կթեժանա ներիշխանական պայքարը։ Եվ կա հավանականություն, որ ֆինանսական ներդրումներ կարվեն ոչ միայն եղած լրատվամիջոցներում փիառ ապահովելու, այլև նոր հերթական դատարկաբանության և սև փիառի վրա հիմնված կայքերի ստեղծման համար։

Չնայած, եթե ապրիլին միջհանրապետական քաղաքացիականը ավարտվի, այդ կայքերը կրկին շատ արագ կանհետանան։

Երկրորդ բացասական հանգամանքն այն է, որ բիզնեսը վերջապես հասկացել է, որ փիառը լավ բան է, բայց գործարարների մեծամասնությունը պատկերացնում է, որ դրա համար պետք է անել միայն երկու բան․ վճարովի նյութեր տեղադրել եղած լրատվականներում և ստեղծել սեփական «դախլա» կայքը։

Եթե խոսենք այլ հետաքրքիր զարգացումներից, ապա կարևոր է ընդունել, որ Ֆեյսբուքը դառնում է ավելի ու ավելի բարդ տիրույթ՝ աշխատանքի համար։ Մի կողմից, սոցցանցի գրաքննական համակարգն է սաստկանում և բազմաթիվ լրատվական կայքեր արգելափակվում կամ պարզապես վերացվում են ավտոմատացված համակարգերի կողմից։

Բացի դրանից, Ֆեյսբուքում շատ լրատվականների ցուցադրումները նվազում են՝ ստիպելով դիմել ավելի ակտիվ գովազդային ծախսերի։ Սա կա՛մ կբերի օնլայն լրատվականների դիրքերի վերաբաշխմանը, կա՛մ խմբագիրները վերջապես կգտնեն միջոցներ՝ դիվերսիֆիկացնելու թրաֆիկի հոսքերը և օգտագործելու այլ հարթակներ:

Նաև ավելի ակտիվ աշխատելու լսարանի հետ՝ ձևավորելով լոյալ ընթերցողների ավելի մեծ բանակներ։

Դրանից կախված կա ևս մեկ հնարավոր զարգացման ուղղություն։ Աշխարհի շատ երկրներում մեսենջերների ալիքները դառնում են լուրջ համայնք ձևավորող գործիքներ։ Հիմնականում խոսքը Տելեգրամի և Վայբերի մասին է։

Հայաստանում սա դեռ նոր ձևավորվող ոլորտ է։ Հնարավոր է, որ մեսենջերային ալիքները դառնան լրատվականների համար այլընտրանքային թրաֆիկի աղբյուր։ Իսկ հնարավոր է մեսենջերներում ձևավորվեն նոր այլընտրանքային մեդիա միավորներ։ Սակայն այս պահին դժվար է գնահատել հնարավոր զարգացումը։

Իհարկե, հարկ է նշել կարևոր այլընտրանքային մեդիա֊հարթակի առաջխաղացման մասին։ Խոսքը Յություբում զարգացող վլոգներն են։ Կարծում եմ, եկող տարին Հայաստանում հետաքրքիր կլինի հենց վլոգներով։

Ամենակարևորն այն է, որ օնլայն մեդիան տարբերվում է այլ ավանդական հարթակներից այն բանով, որ կախված է լսարանի ակտիվությունից։ Այնպես որ ինչ֊որ չափով նաև մեզանից՝ ընթերցողներից, է կախված մեր լրատվական դաշտի որակը եկող տարում։ Եվ ոչ միայն եկող։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *