2-րդ աստիճանի պաշտպանություն մինչև ԱԱԾ-ն

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Առավոտ»-ին տեղեկացրել է, որ Ֆեյսբուքում իր էջը երկրորդ անգամ են «կոտրել»: Նախկին լրագրողը հրապարակային դիմումով Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) խնդրել է զբաղվել իր ֆեյսբուքյան հաշվի պաշտպանության հարցով:

Հանրայնացված այս դեպքը առիթ է ևս մեկ անգամ խոսելու սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի գաղտնիության հասանելի պաշտպանության միջոցների մասին: ԱԱԾ-ն, իհարկե, կարող է օգնել, բայց մինչև այդ դուռը թակելը կան միջոցներ, որ ցանկացած օգտատեր (առավել ևս լրագրող կամ քաղաքական գործիչ) կարող է կիրառել:

Գաղտնաբառի պաշտպանության ամենապարզ միջոցը, որ առաջարկում է Ֆեյսբուքը, երկքայլ ստուգումն է (2 step verification կամ 2 factor authentication): Այն պաշտպանության երկրորդ աստիճան է ապահովում ձեզ համար: Եթե ակտիվացրել եք երկքայլ պաշտպանությունը, ապա օտար համակարգչից, թաբլեթից կամ հեռախոսից Ֆեյսբուք մուտք գործելու համար միայն գաղտնաբառը բավական չէ: Համակարգը ձեր նախընըտրած տարբերակով (բջջային հավելվածի կամ sms) կրկնակի հաստատում կպահանջի ձեզանից և նոր միայն թույլ կտա մուտք գործել:


Երկքայլ պաշտպանությունը ակտիվացնելը հեշտ է: Ֆեյսբուքի ձեր հաշվի կարգավորումների (Settings) ձախ հատվածում պետք է սեղմել Անվտանգությունը (Security), ապա` խմբագրել (Edit) Մուտքի հաստատումը (Login Approvals): Այնտեղ արդեն ընտրելով «Պահանջել անվտանգության ծածկագիր՝ անծանոթ դիտարկիչներից իմ հաշիվ մուտք գործելու համար»-ը` (“Require a security code to access my account from unknown browsers.”) կակտիվացնեք ձեր ֆեյսբուքյան հաշվի երկքայլ պաշտպանությունը:

Այս գործողություններից հետո անձանոթ համակարգչից, թաբլեթից կամ հեռախոսից ձեր ֆեյսբուքյան հաշիվ մուտք գործելու համար համակարգը գաղտնաբառ պարունակող sms կուղարկի այն հեռախոսահամարին, որը տրամադրել եք Ֆեյսբուքին: Կարող եք նաեւ օգտագործել կոդերի գեներացիայի տարբերակը (Use Code Generator) այն դեպքերում, երբ, օրինակ, sms չեք կարող ստանալ (հեռախոսն անհասանալի է կամ գտնվում եք արտասահմանում):

Երկքայլ ստուգման միջոցը հասանելի է ոչ միայն Ֆեյսբուքի համար: Google հաշվի համանման ծառայության մասին գրել էր Սամվել Մարտիրոսյանը:

Իրենց օգտատերերին երկքայլ ստուգում են առաջարկում Yahoo-ն, Microsoft-ը, ռուսական ծառայություններից Mail.ru-ն ու Yandex-ը:

Իհարկե, եթե ձեր ինտերնետային ակտիվությունը հատուկ թիրախավորված է, ապա երկքայլ պաշտպանությունը կարող է և բավարար չլինել, սակայն հնարավոր մինիմալ պաշտպանությունը կիրառելը, հաստատ, բարդ չէ:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *