2013.08.01,

Նյուսրում

Ակտիվիստների հավաքում մի քանի հեռուստաընկերություններ անցանկալի համարվեցին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակում կայացած բաց քննարկման ժամանակ «Չեմ վճարելու150 դրամ» քաղաքացիական շարժման անդամները դիմեցին մեդիա ղաշտի որոշ ներկայացուցիչներին՝ պահանջելով նրանցից հեռանալ պուրակից ու չլուսաբանել իրենց հավաքը, պատճառաբանելով, որ նախկինում այդ ալիքներն իրենց գործունեությանը չեն անդրադարձել:

Այդ օրը տրանսպորտի թանկացման ու քաղաքապետարանի կոռումպացված աշխատակիցների դեմ պայքարող ակտիվիստներին այցելել էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ինչը շատ ալիքներ համարել էին կարեւոր ու լուսաբանմանը արժանի լուր: Իսկ ակտիվիստներն ընդհակառակը, դա գնահատեցին որպես իրենց գործունեությանը ոչ պատշաճ ներկայացնող լուսաբանում: «Եկել եք այստեղ, շոու եք սարքում, որ ի՞նչ անեք»,- լրագրողներին դիմեցին նախաձեռնությն անդամները եւ կոչ արեցին «Շանթ», «Արմնյուզ» եւ Հանրային հեռուստաընկերություններին լքել պուրակը:


Հանրային տարածքում տեղի ունեցած այդ միջադեպը տարատեսակ հարցադրումների սկիզբ դրեց, որոնցից առաջնայինը ինֆորմացիայի հասանելիությունն է մեդիայի համար:

Գյումրիի «Ասպարեզ» լրոգրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ ակտիվիստների կողմից կիրառված այս ծայրահեղ հայտարարությունն ավելի շուտ ոչ թե մանրակրկիտ պատրաստված քայլ էր, այլ էմոցիանալ պոռթկում էր:

«Ցուցարարները թույլ չտվեցին մի քանի հեռուստաընկերությունների նկարահանումներ անել եւ հարցազրույցներ ձայնագրել՝ կասկածելով, որ այդ ալիքներն իրենց ակցիաներից շոու կսարքեն ու կաղավաղեն իրենց ասածները: Այդպիսով փորձ արվեց «պատժել» այն լրատվամիջոցներին, որոնց աշխատանքից իրենք դժգոհ են: Իհարկե, այդ դժգոհությունը նոր չի ծագել, 20 տարի է մենք տեսնում ենք, թե ինչպես են ալիքները շոու սարքում, բայց ես վստահ եմ, որ նման «պատժամիջոցներով» խնդիրը չի կարգավորվի ու լրագրողի աշխատանքն էլ ավելի պրոֆեսիոնալ չի դառնա»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

Նա համարում է, որ երկարաժամկետ կտրվածքով՝ ակտիվիստերի այդ արարքն անիմաստ է:

«Մեկ լրատվամիջոցի մուտքը պուրակ արտոնելը, իսկ մյուսինը՝ վանելը իրականում ապօրինություն է: Ցանկացած լրագորղ իր գործն է անում, այլ հարց է թե ինչպես (վատ, լավ, պատվերով)»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Գեւորգ Ալթունյանը համարում է, որ Մաշտոցի պուրակում տեղի ունեցածը բացարձակապես սխալ էր:

«Ոչ ոք իրավունք չունի արգելել լրատվամիջոցի աշխատանքը՝ անկախ նրանից ընդունում է այդ լրատվամիջոցի ուղղվածությունը, ճաշակը, ոճը թե՝ ոչ: Լրատվամիջոցների ազատ աշխատանքը ժողովրդավարության առանցքային սկզբունքներից է: Եվ ցանկալի է, որ դա գիտակցեմ ե՛ւ պետական օղակները, ե՛ւ հանրությունը»,- վստահ է Գեւորգ Ալթունյանը:

Ենթադրյալ ապատեղեկատվությունից ապահովագրվելու նպատակով անցանկալի լրատվամիջոցներին բոյկոտելը նա հնուց եկած կլիշեների շարքին է դասում:

«Նույնիսկ եթե այս կամ այն լրատվամիջոցը քո գաղափարական թշնամին է, քեզ հարմար եղանակով ու ցանկալի ոճով չի լուսաբանում դեպքերը, դու նրան չես կարող արգելել աշխատել: Չես կարող, եւ վերջ: Մանավանդ այն դեպքում, երբ լուսաբանվում է հանրային տարածքում տեղի ունեցածը: Հանրային տարածքները ազատ են, այնտեղ մուտք չեն գործում հատուկ հրավիրատոմսերով»,- ասում է Գեւորգ Ալթունյանը:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը վստահ է, որ լրագրողի գործունեությունը սահմանափակելը չի կարող ողջունելի լինել, անգամ այն դեպքում, երբ լրագրողն իր գործը վատ կամ միակողմանի անող լրատվամիջոցի ներկայացուցիչ է:

«Ընդհանրապես մամուլի աշխատանքի ցանկացած խոչընդոտ (ինչ պայմաններում ու իրավիճակում էլ դա տեղի է ունենում) ինձ համար անընդունելի է»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:

Լեւոն Բարսեղյանը հիշեցնում է նաեւ, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն դատապարտելի արարք է, եւ Քրեական օրենսգրքի 164 հոդվածով՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար հանցակազմ է սահմանված:

«Իհարկե, ես չէի ցանկանա, որ այս դեպքը նախադեպ դառնար ու լրատվամիջոցները սկսեն դատի տալ քաղաքացիներին այս հոդվածով: Մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ցանկության դեպքում լրատվամիջոցները կարող են «բուլդոզերով» անցնել քաղաքացիների վրայով»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *