Ի՞նչ է պետք իմանալ Սևանի խնդրի մասին. 10 փաստ

19.07.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Սևանա լճի հիմնախնդրի սկիզբը հաշվարկվում է դեռ 1910-ից, երբ առաջարկվեց մարդու համար ավելի արդյունավետ և շահութաբեր դարձնել Սևանը։

1933-ին ԽՍՀՄ իշխանությունները սկսեցին կյանքի կոչել այս գաղափարը․ որոշվեց «չորացնել» Սևանը՝ իջեցնել ջրի մակարդակը, Սևանից թողնել մի փոքրիկ մաս, իսկ ազատված հողերն ու ջուրը օգտագործել գյուղատնտեսական և էներգիա արտադրելու նպատակով։ 

Այս գործողություններն աղետալի հետևանքներ ունեցան Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լճի համար։ 

Սևանի հիմնախնդիրը մանրամասն հասկանալը կարևոր է դրա լուսաբանման, ինչպես նաև դրա լուծման ընթացքին հետևելու համար։ 

Այդ նպատակով Media.am-ը հավաքել է 10 կարևոր փաստ խնդրի պատմության, պատճառների և հետևանքների վերաբերյալ։

Դրա հիմքում ընկած գաղափարին գիտական արդարացում էր տրվում․ Սևան թափվող ջրի մեծ մասը գոլորշիանում է և կորուստների է բերում։ Լճի հայելին փոքրացնելով՝ պլանավորվում էր քչացնել ջրի կորուստը։ Նախատեսվում էր տարեկան 1 մլրդ խորանարդ մետր ջուր բաց թողնել։ 

50 տարում շուրջ 7 անգամ պետք է կրճատվեր ջրի ծավալը՝ 58.5 մլրդ խորանարդ մետրից մինչև 8.5 մլրդ խորանարդ մետր։ Նախնական պլանը ամբողջությամբ չիրականացվեց, քանի որ ավելի ու ավելի պարզ էր դառնում դրա աղետալի ազդեցությունը։ 

Այնուամենայնիվ, մինչև 1980-ը Սևանի մակարդակը արհեստականորեն իջեցվել էր 19.2 մետրով, իսկ ջրի ծավալը կրճատվել էր 42.2%։

Դրա շահագործման համար 14 անգամ պետք է աճեր Հրազդան գետ թափվող ջրի ծավալը։ Հետագայում էլեկտրաէներգիայի արտադրությունը դարձավ Սևանի ջրի արդյունաբերական սպառման հիմնական ուղին։ 

Նույնը չպատահեց գյուղատնտեսության դեպքում․ ջրի մակարդակի իջեցման արդյունքում բացված հողերը պիտանի չէին հողագործության համար։ 

1950-ականների կեսերին՝ ջրբացթողումների ամենաինտենսիվ շրջանում, Սևանի մակարդակը իջավ այնքան, որ լճում գտնվող կղզին վերածվեց թերակղզու։

Խորության նվազումը բերեց նաև այն բանի, որ լճի խորին սառը շերտը՝ հիպոլիմնիոնը, վնասվեց։ 

Հիպոլիմնիոնը պաշտպանիչ շերտ է, որը չի թողնում, որ հատակի տիղմը խառնվի ընդհանուր ջրային զանգվածի հետ՝ վատացնելով ջրի որակը։  

Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրեց նաև այն իրավիճակի, որ ջուրը արագ էր սառչում և տաքանում։ Լիճը սկսել է սառցակալել 2-3 տարին մեկ, մինչդեռ նախկինում ամբողջական սառցակալում դիտվում էր 15-20 տարին մեկ։ 

Վիճակը բարդանում է նաև կլիմայի գլոբալ տաքացման պատճառով, ինչը նույնպես անտրոպոգեն՝ մարդու գործունեության արդյունքում ծագած խնդիր է։

1950-ականներին Լճաշեն գյուղի մոտ ջրի մակարդակը իջնելուց հետո երևացին հին դամբարաններ, որոնք հետագայում դարձան Հայաստանի կարևորագույն հնագիտական տարածքներից մեկը։ 

Բրոնզեդարյան դամբարաններում  հայտնաբերված բազմաթիվ հազվագյուտ գտածոներն այժմ պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։  

Ջրի մակարդակի իջեցման և դրա որակի վատթարացման պատճառով սկսվեց ճահճացման պրոցես։ Դրա արտահայտումներից մեկը ջրիմուռների բուռն աճն է՝ ծաղկումը, որը բերում է ջրի գույնի փոփոխության, ինչպես այս տարի, երբ Սևանում ծաղկեցին կապտականաչ ջրիմուռները։ 

Այս տեսակի ջրիմուռներն արտադրում են թունավոր նյութեր, և խիստ վատթարացնում են ջրի որակը։ Դրանք նաև կարող են վտանգավոր լինել թե՛ մարդկանց, թե՛ լճում ապրող ձկների համար։ 

Բացի այդ, ծաղկումը բացասական է ազդում զբոսաշրջության վրա․ մարդիկ խուսափում են հանգստանալ կանաչած լճի ափին։  

Ծաղկումից հետո ջրիմուռները մահանում են և ուրիշ մահացած օրգանիզմների հետ մեկտեղ նստվածքի տեսքով հավաքվում լճի հատակին` մի քանի միլիմետր բարձրացնելով հատակը։ 

Սևանի դեպքում այս գործընթացը արագացվել է՝ շուրջ 19 000 տարվա բնական գործընթացը իրականացվել է մի քանի տասնամյակում։

Արփա գետից ներթափանցող ջուրը օգնեց աստիճանաբար բարձրացնել լճի մակարդակը, սակայն այս հաջողությունը երկար չտևեց։ 

1990-ականների ծանր տնտեսական վիճակը և պատերազմի պատճառով ատոմակայանի չգործարկումը նորից բերեց Սևանի բնական պաշարների լայնամասշտաբ օգտագործման։ 

Նորից մեծ թափով գործարկվեց Սևան-Հրազդան կասկադը, սկսվեց մեծ ծավալներով ձկան որս։ Նախորդ տասնամյակում գրանցված առաջընթացը կանգ առավ։ 

Այն արգելում էր իջեցնել լճի մակարդակը, և դրա ընդունումից հետո Սևանի մակարդակը իսկապես բարձրացել է։ Օրենսդրությունը թույլ է տալիս տարեկան մինչև 170 մլն խորանարդ մետր ջուր վերցնել Սևանից՝ ոռոգման և այլ նպատարների համար։ 

Վերջին տարիներին այս ծավալից բացի բազմիցս իրականացվել է նաև հավելյալ ջրառ։ Մի քանի անգամ գրանցվել է լճի մակարդակի իջեցում, ինչը արգելված է օրենքով։ 

Ավելին՝ տարբեր գնահատականներով ոռոգման համար բաց թողնվող ջրի 40-80%-ը կորչում է հին, չվերանորոգված համակարգերի պատճառով։

Լիճ լցվում են մի քանի խոշոր բնակավայրերի կոյուղաջրեր, ինչպես նաև մեծ քանակությամբ տարատեսակ աղբ։ Չկան բավական քանակությամբ մաքրման կայաններ, եղածներն էլ կատարում են միայն մեխանիկական մաքրում։ 

Ջրի մակարդակի բարձրացումը չուղեկցվեց ափերի մաքրումով, և այժմ այդ աշխատանքը ավելի բարդ է․ օրինակ, հարկավոր է հատուկ տեխնիկայով դուրս բերել ջրի տակ մնացած ծառերի կոճղերը։ 

Ֆոսֆորը լճում հայտնվում է տարբեր պատճառներով, օրիանակ՝ անասնապահական կամ արյունաբերական գործունեության արդյունքում։ 

Բույսերի համար ֆոսֆորը պարարտանյութ է (հետևաբար՝ նպաստում է ջրիմուռների ծաղկմանը), սակայն լճերի համար այն չափազանց վտանգավոր է, քանի որ ջրում թթվածնի քաղց է առաջացնում, ինչը վնասում է լճում ապրող կենդանիներին։ 

Հուլիսի 11-ին տված ասուլիսի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը խոսում էր վերջին տարիներին հարուցված շուրջ 50 քրեական գործերի մասին։ 

Տարբեր տարիներին մամուլում հայտնվել են շահերի բախման և կոռուպցիայի մասին հացորդումներ։ Մի քանի օր առաջ էլ Fip.am-ը  հետաքննություն հրապարակեց Սևանի սիգի արգելված որսով և արտահանումով զբաղվող բիզնեսների մասին, որոնց հետ փոխկապակցված են, օրինակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և «Սևան» ազգային պարկի ներկայիս տնօրեն Վահե Գուլանյանը։

Կարինե Ղազարյան


Աղբյուրներ

  • Danielyan, Karine et al 2011. Integralnaya otsenka ekologicheskogo sostoyaniya ozera Sevan (GEO-Lake Sevan), page 7. Yerevan: Lusakn
  • Hovhanissian, Rafael, Gabrielyan Bardukh 2000. Ecological problems associated with the biological resource use of Lake Sevan, Armenia. Ecological Engineering N16(1): 175-18, page 178
  • Hovsepyan et al 2018. Studying the dynamics of lake Sevan water surface temperature using Landsat8 imagery. Annals of Valahia University of Targoviste. Geographical Series N18(1): 68-73, page 69
  • Սևանի հետ կապված ունենք արտակարգ իրավիճակ․ բանավեճ ԱԺ֊ում նախաձեռնած աշխատանքային քննարկմանը, Ազատություն ռադիոկայան, https://www.facebook.com/azatutyun/videos/405561476723983/ 
  • Nutrient Pollution, U.S. Environmental Protection Agency, https://youtu.be/vCicSNnKUvM 
  • Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ասուլիսը, Factor TV https://www.youtube.com/watch?v=phAvb5-sssA 
  • Էվելինա Ղուկասյան, Սևանի հիմնախնդիրը, Բուն TV https://youtu.be/PkgKg8wof_A?t=110

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?