2011.10.17,

Քննադատ

Օրենքը եւ ցանցային լրատվամիջոցները

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Եթե ոչ ամեն օր կամ ամեն շաբաթ, ապա առնվազն ամիսը մեկ մի որեւէ տեղեկատվական (տեղեկատվական-վերլուծական, մասնագիտական եւ այլն, տարբերակները շատ են) կայք է հայտնվում համացանցի հայկական՝ am տիրույթում: Դա իսկապես լավ է, քանի որ քանակի ավելացումը ենթադրում է ընթերցողների համար ընտրության հնարավորությունների ավելացում:

Թե որքանո՞վ են իրականում մեծանում բազմազանությունը եւ տեղեկություններ ստանալու հնարավորությունները, այլ հարց է եւ այլ քննարկման թեմա: Ես դրան չեմ անդրադառնում, քանի որ դրա համար լուրջ ուսումնասիրություն է պահանջվում:
Իմ այս հրապարակման նպատակն այլ է. օրենքի մի քանի դրույթների կիրառումը ինտերնետային հրատարակությունների դեպքում:
Մի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ համացանցային հրատարակությունները եւս, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, լրատվության միջոցներ են: Այսուհանդերձ, հարկ է նորից կրկնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այդ դրույթը: 

Ահավասիկ.

« … զանգվածային լրատվության միջոց (այսուհետ՝ լրատվության միջոց)՝ լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է՝

– հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի եւ լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝ անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից»։ 

Այսինքն՝ համացանցում հայտնվող եւ Հայաստանում ստեղծված բովանդակություն կրող հրատարակությունները, ըստ այս օրենքի, զանգվածային լրատվության միջոցներ են եւ պարտավոր են ենթարկվել օրենքի մյուս դրույթներին եւս:

Տվյալ դեպքում ես պիտի անդրադառնամ թողարկման տվյալները ներկայացնելու օրենսդրական պահանջին:

Օրենքի 11-րդ հոդվածը նշում է, թե այդ պահանջը վերաբերում է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցներին, եւ պարտադրում, որ նման ամեն մի թողարկում անպայման պարունակի լրատվության միջոցի անվանումը, տեղեկություններ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի եւ նրա պետական գրանցման մասին, նրա հասցեն, լրատվության միջոցի թողարկման համար պատասխանատու անձը եւ այլն:

Բացում եմ հայկական լրատվական կայքերը եւ փորձում եմ հասկանալ՝ ո՞վ է գործունեություն իրականացնողը: Հիմնականում (ընդ որում` մեծ մասամբ նոր բացված կայքերի դեպքում) որոնումներս քիչ արդյունքներ են տալիս: Որոշ կայքեր ունեն «Մեր մասին» խորագիրը.  այս խորագրի տակ կամ կարդում ես, թե բաժինը դեռ ստեղծման փուլում է (կարծես դժվար է սեփական կազմակերպության մասին երկու տող գրելը) կամ էլ ինչ-որ դատողություններ, թե իրենք ինչ են պատրաստվում անել: Իսկ թե ովքե՞ր են, ոչ մի խոսք:

Որոնումների հաջորդ փուլը՝ ուզում ես գտնել հասցեն. դե մարդ ես, կարող է ցանկանում ես այցելել, հանդիպել, կամ ոչ թե էլեկտրոնային, այլ պաշտոնական նամակ գրել, որպիսին առայժմ միայն թղթային, ծրարված նամակն է համարվում: Շատ դեպքերում դա էլ չեք գտնի: Դե իսկ թե ով է այդ կայքի խմբագիրը, ով է պատասխանատու թողարկման համար, ում դիմես, եթե ինչոր ոչ հավաստի տեղեկատվություն է հրապարակվել, հայտնի չէ:

Բայց այս ամենով հանդերձ, բոլորը շատ լավ հիշում են հեղինակային իրավունքը, եւ չկա մի կայք, որ նշում չունենա, թե արտատպումներ կատարելիս հղումը պարտադիր է:

Իմ ընդդիմախոսները հաճախ ասում են, թե օրենքի պահանջը վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցներին (ասել է, թե թերթերին, հանդեսներին եւ այլն): Համաձայն եմ՝ մասամբ: Չէ՞ որ, ինչքան էլ վիրտուալ, ցանցային լրատվության միջոցները, ի վերջո, հայտնվում են նյութական կրիչի վրա՝ մոնիտորի էկրանին, այսինքն՝ վիրտուալը ոչինչ է առանց նյութական կրիչի…

Եթե անգամ ընդունեմ այդ առարկությունը, այսուհանդերձ, պիտի ասեմ. իսկ չէ՞ որ այդ մի քանի տվյալները նշելը ձեռնտու է հենց այդ կայքերին, որովհետեւ անանուն աղբյուրն այնպիսի վստահություն չի ներշնչում, ինչպես հեղինակ, կոնկրետ հասցե ու կոնկրետ պատասխանատու անձ ունեցողը: Իսկ չունենալու դեպքում ձեզ պարզապես չեն կարդա կամ քիչ կկարդան:  Դե հիմա ասեք՝ ո՞ւմ է պետք այն լրատվամիջոցը, որը չեն կարդում:

Մեսրոպ Հարությունյան

Հ. Գ. Ես միտումնավոր չեմ տալիս իմ այցելած կայքերի անունները, որպեսզի գովազդ չստացվի եւ խտրականություն չլինի: Ի դեպ, որոնումներիս ընթացքում մեկ լրատվական կայք տեսա, որտեղ կային բոլոր տվյալները:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *