2016.12.07,

Քննադատ

Փլատակների տակ թաղված հանցագործություններ. մաս 2-րդ

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Իսկ ու՞ր են հետաքննողները

Սկիզբը` այստեղ

Գյումրեցի լրագրող Յուրի Խաչատրյանի կողմից «Լրատուն» մեդիա թանգարանին տրամադրված «Նախագծային և շինարարական որակի ստուգման Կառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին» վերնագրով «տեղեկանքը» շարադրված է մասնագիտական լեզվով։

Որոշ սխեմաներ հասկանալու համար փորձագետների ներգրավում է պահանջվում, բայց միանգամայն հստակ է, որ շինարարական նորմերի կոպիտ խախտումներ են թույլ տրվել.

  • շենքերի հիմքում կատարվող հորատումները իրականացվել են 3-5 մետր պակաս խորությամբ,
  • բետոնի ամրությունը պահանջվածին զիջել է 2-3 անգամ, «դրանք հնարավոր է եղել ձեռքերով մասնատել»,
  • քարերի շարվածքի պնդությունը նախագծայինից պակաս է եղել… 5-6 անգամ,
  • ցածրորակ է եղել շինանյութը, անգամ  խիճը,
  • երկաթ-բետոնե հեծանների հանգույցներն իրար չեն միացվել…
  • և այլն, և այլն։
Հատկանշական է, որ նախագծային պահանջներն առանց այդ էլ ցածր են եղել` ՍՍՀՄ բյուջետային գումարներ տնտեսելու համար։

Թեև 70 հոգանոց աշխատանքային խմբի ստեղծած փաստաթղթում նշվում են բազմաթիվ ձեռնարկությունների անուններ, և հասկանալի է, որ պակասող շինանյութը հափշտակվել է, բայց մամուլում ես չեմ գտել որևէ հիշատակություն, որ հանձնաժողովի եզրակացությունները փոխանցվել են իրավապահներին, քրեական գործեր են հարուցվել։

Փաստաթուղթը թվայնացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից, և երբ 2017-ի փետրվարին գործարկվի «Լրատուն» մեդիա թանգարանի կայքը, այն հասանելի կդառնա բոլորին։

Մեկ այլ` Հայաստանի գիտությունների ակադեմիայի մասնագիտական հանձնաժողովը, մինչև Երկրաշարժը` 1987-ին, համաձայնություն է տվել, որ իջեցվի երկրում կատարվող շինարարության սեյսմակայունության աստիճանը։ Աներևակայելի է, քանի որ XX դարում արդեն ուժեղ երկրաշարժ եղել էր Լենինականում, էլ չասած պատմությունից հայտնի կործանարար երկրաշարժերը։

Նույն կերպ հետաքննության արժանի փաստ է, թե ինչպե՞ս, ովքե՞ր են հանցավոր անփութությամբ անտեսել 1986 թվականին արված զգուշացումը, որի մասին «Ցավը՝ սրտներումս, հայացքներս՝ վաղվա օրվան» հոդվածում հայտնում է ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը.

«Դեռևս 1986 թ. ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիայի և սեյմադիմացկուն շինարարության միջճյուղային խորհուրդը տեղյակ է պահել Լենինական-Սպիտակ-Կիրովական հատվածում ութ բալանոց երկրաշարժի հավանականության մասին: Ավելին, առաջարկվել են մի շարք պաշտպանական միջոցառումներ, այն է՝ սահմանափակել շինարարությունը նշված տարածքներում, ամրապնդել թույլ շինությունները, դեմոնտաժել փլման ենթակա շենքերը… Խորհուրդ է տրվել մշակել հնարավոր իրադրության սցենար և բնակչությանը սովորեցնել կողմնորոշվել այդ պայմաններում»։

Լրագրողական հետաքննություններ չէ, բայց բազմաթիվ հրապարակումներ եղել են Աղետի գոտուն հատկացված մարդասիրական օգնության հափշտակման և բնակարանների անարդար բաշխման մասին։ Այսօր, երևի, 2000-ականների սերնդից շատերն առաջին անգամ իմանան. Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանում (որը մինչև 1995 թ. կոչվում էր Գերագույն խորհուրդ) կար Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողով, որի նախագահը Խաչիկ Ստամբոլցյանն էր։ Նրա առաջարկով ևս մեկ հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է ուսումնասիրեր Աղետի գոտու հետ կապված չարաշահումները։

Հիմնական մեղադրանքները վեցն էին.

  1. Մարգարետ Թետչերի «ասֆալտի գործ»
  2. Նախկին փոխվարչապես Չիֆթալարյանի գործ
  3. Ավստրիական 2 մլն շիլինգի գործ
  4. Ստեփանավանի 16 մլն գործ
  5. Բնակարանների ապօրինի բաշխում
  6. Վահագնի գյուղի դպրոցի գործ

Մեկամյա աշխատանքից հետո Հանձնաժողովը նշված գործերում հանցակազմ չգտավ, հաստատվեց միայն, որ Աղետի գոտու համար ավստրացիների հանգանակած 2 միլիոն շիլինգից 816 հազարը տրամադրվել է հանրապետության համար ալյուր ձեռք բերելուն:

Հացը կտրոնով էր, դա կենսական անհրաժեշտություն էր այդ օրերին, բայց ինչ վերաբերում է, ասենք, բնակարանների բաշխմանը, այդտեղ ապօրինություն չհայտնաբերելը խիստ տարօրինակ է։ Երկրաշարժից 20 տարի անց աղաղակող խախտումներ է վերհիշում (էջ 40) ոչ այլ ոք, քան Սովետական Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներից մեկը՝ ՀՍՍՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղար Օլեգ Լոբովը (այն տարիներին արդեն սովետական հանրապետությունների մեծ մասում կենտկոմի երկրորդ քարտուղարը պետք է ռուս լիներ)։

Հանձնաժողովի հաշվետվությունը հրապարակվեց 1994-ին։ Ժամանակի ընդդիմադիր թերթերը հնչեղ վերնագրերով լուսաբանեցին այն։ Ահա շատ բնորոշ մի արձագանք «Երկիր» թերթի «Իսկ դատավորնե՞րն ովքեր են» հոդվածից.

«Անհրաժեշտ է հանգամանալից սեփական հետաքննություն սկսել, ինչի հնարավորությունը, ցավոք, մենք չունենք»։ Հոդվածը լույս է տեսել Ա. Օ. ստորագրությամբ, որը պատկանում է (գուշակեցիք, թե ոչ) «Հրապարակ» օրաթերթի այսօրվա խմբագիր Արմինե Օհանյանին։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի պաշտոնաթերթն էր «Երկիր» օրաթերթը, այդ տարիներին հրատարակում էր 10-12 պարբերական, մասնակցության տարբեր չափով։ Դա խոսում է ոչ այնքան ֆինանսական հնարավորությունների սահմանափակության, որքան հետաքննական լրագրության ավանդույթի բացակայության մասին։

Բայց ինքը` «հնարավորություն չունենք» արտահայտությունը, հետագայում հայկական մեդիան ամենից հաճախ է օգտագործելու՝ արդարացնելով հետաքննական նյութերի սակավությունը։ Լրատվամիջոցների մեծ մասը հայտարարում է, որ իրենց ֆինանսական վիճակը թույլ չի տալիս որևէ լրագրողի շաբաթներ կամ ամիսներ շարունակ զբաղեցնել որևէ նյութով, որի արդյունքը մեկ, թեկուզև սկանդալային, հրապարակում է լինելու։

 Ուրիշ ի՞նչ պատճառներ կան, որ ժամանակի մեդիան չի զբաղվել երկրաշարժի հետ կապված հանցագործությունների հետաքննությամբ, ու՞ր էին, ի վերջո, հետաքննողները։

  1. Սովետական գրաքննությունը. այն վերացվեց 1990-ի օգոստոսի 1-ին։
  2. Մեդիայի ուշադրության կենտրոնում 1988-ից սկսված պատերազմն էր, որը տևեց 6 տարի, իսկ քաղաքական ու տնտեսական շարունակական ցնցումները նախորդ տարիների իրադարձությունները մղում էին երկրորդ, երրորդ պլան։
  3. Արհեստավարժության պակասը։ Լրագրությունը նոր էր ձերբազատվում սովետական կաղապարներից և վարժվում անկախ գոյությանը։

Արդյոք արդիակա՞ն է այսօր երկրաշարժի հետ կապված հանցագործությունների հետաքննությունը։ Կարծում եմ` այո։

Երկրաշարժի լուսաբանման իմ հետազոտությունների ընթացքում ես նույնիսկ այսպես ասած «ծանր հանցագործության մասին հաղորդման» եմ հանդիպել` խոսքը սպանության մասին է։ Բայց ավելի կարևոր է ներկայացնել համատարած թալանը, որ եղել է շինարարության մեջ, կոռուպցիոն բուրգը, որի մի մասն է կազմել այդ ոլորտը։

Սա յուրատեսակ լյուստրացիայի խնդիր է։ Ինչպես որ պետք է հրապարակել գաղտնի ծառայությունների գործակալների անունները, որոնց բանսարկությամբ մարդիկ են տառապել, գնդակահարվել բռնակալական համակարգում, այդպես էլ նրանց, ում մեղքով զոհվել է 25000 հոգի։ Որպեսզի այսօր նման հանցագործություններ կատարող մարդիկ իմանան. եթե նույնիսկ հատուցումը ուշանա, հետաքննություններ կանցկացվեն, և, ի վերջո, ճշմարտությունն ի հայտ կգա։

Վահրամ Մարտիրոսյան
Լուսանկարները՝ Սպարտակ Հայրապետյանի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *