2019.04.17,

Ստուգված է

Փարիզի հրդեհի դավադրության տեսությունները

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսեց ապրիլի 15-ի երեկոյան։ 7 ժամ չմարող կրակը վնասեց տաճարի տանիքը, խժռեց զանգակատունը։

Դեպքը շոկային էր ու դարձավ համաշխարհային քննարկման նյութ։

ԱՄՆ նախագահ Թրամփն այսպես ձևակերպեց եղածը․ «Այնպես է այրվում, որ հազիվ ես տեսնում այրող կրակը»։ «Մեզնից մի կտոր է այրվում կրակի մեջ», – ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նույն օրը նաև հայտարարեց, թե տաճարը կվերակառուցվի։ Սակայն, մինչ այս հուսադրող միտքը, տաճարի խոսնակը հայտարարել էր, թե «ամեն ինչ այրվում է, ոչինչ չի մնա»։ Սխալվեց։

Հրդեհի պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ, բայց կա վարկած, թե այն վերջերս սկսած ռեստավրացիայի աշխատանքերի արդյունքում է բռնկվել։

Փարիզի դատախազ Ռեմի Հեյցն էլ CNN-ի հետ զրույցում ասել է, որ հրդեհը, հավանաբար պատահական է եղել․ «Ոչինչ ցույց չի տալիս, թե այստեղ դիտավորություն կա»։

Սակայն, ամեն ինչ այսքանով չավարտվեց ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանից դուրս։ Հրդեհի հետ կապված դավադրության տեսությունների մի ամբողջ փունջ տարածվեց սոցիալական ցանցերով։

Մասոնները, հրեաները, չէ՛, թուրքերն են այրել տաճարը

Մինչ Ֆեյսբուքի հայկական համայնքի դավադրության տեսությունները բացահայտելը, նախ մի դիտարկում Ասպրամ Հայրապետյան օգտատիրոջից․ «Թե` Փարիզի Աստվածամոր տաճար… Տնաշեններ, ամբողջը զարդարված է, դևերի քանդակ- արձաններով… Դեռ մի բան էլ զարմանում և ողբում եք… »։

Մեկ ուրիշ օգտատեր էլ, ցավալով, որ կրակը չի հաջողվում մարել, գրում է․ «Գուցե նշան է, որ քրիստոնեությունը ոչ թե պետք է այրվի, այլ պետք է վառվի բոլորի սրտերում»։

Սրանք, հավանաբար անմեղ մտքեր են հաջորդիվ եկող բարդ ու խճճված կապերի բացահայտումների, էներգիաների ու պատիժների հետ համեմատ․

Դավադրության տեսություն N1. հրշեջները

«Աչալուրջ քաղաքացի» անունով օգտատերը «աչալուրջ» գրառում է անում․ «Իշխանությունները չեն օգտագործել օդային ավիացիայի հնարավորությունները…. ինչու՞ … Կարելի է ենթադրել, որ դա միտումնավոր է արվել, որին գումարվել է ֆրանսիացի հրշեջների աշխատանքային անհասկանալի ոճը, որի վառ օրինակներից մեկը կարող եք դիտել կցած տեսանյութում»:

Իսկ տեսանյութում այրվող մեքենա է քաղաքի փողոցում, հրշեջները մարում են կրակը, և լսվում է տեսանկարահանողի ֆրանսերեն զրույցը։

Դավադրության տեսություն N 2․ ահաբեկչության պատասխանը

Որոշ օգտատերեր սկսեցին քննարկել «պատասխան քայլ» տարբերակը։ Ենթադրաբար, պատասխանն այս դեպքում մարտ ամսին Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի 2 մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչության դեպքերն էին, որոնք ունեին հակամահմեդական և հակաէմիգրանտական շարժառիթ։

Ինչպես այս ահաբեկչության, այնպես էլ Աստվածամոր տաճարի հրդեհի դեպքում հայերը գտան թուրքական աղերսներ։

Դավադրության տեսություն N 3․ թուրքերի ձեռքի գործն է

Ֆեյսբուքի հայ օգտատերերի շրջանում ամենատարածված դավադրության տեսությունը թուրքական հետք էր։

Հրդեհի հնարավոր պատճառների մասին iravunk.com-ին տված հարցազրույցում AYP FM – 99.5 ռադիոկայանի լրագրող, հաղորդավար Արտակ Թադևոսյանն ասում է․ «Տեսակետ կա անգամ, որ սա հակահարված էր Մակրոնին՝ ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու կապակցությամբ»:

Տաթևիկ Ստեփանյան անունով օգտատերն էլ սքրինշոթ էր հրապարակել Ազատություն ռադիոկայանի ուղիղ հեռարձակման մեկնաբանություններից, որտեղ կարդում ենք․ «Եթե սա իսկապես թուրքերի արածն է Ցեղասպանության առիթով, ուրեմն մենք՝ հայերս, պարտք մնացինք Ֆրանսիային» կամ «էստեղ կոնկրետ Էրդողանի ականջներն են երևում»։

Հայ օգտատերերը նաև հիշեցնում էին, որ ապրիլի 22-ին տաճարում պատարագ էր մատուցվելու ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, նրանցից մեկն էլ նման առաջարկ է անում․ «Պետք է ինքնակազմակերպվել, հանդիպել, համոզել տեղական կառավարությանն ու կազմակերպիչներին, որ պատարագն անպայման տեղի ունենա, գոնե տաճարի դիմաց»։

Դավադրության տեսություն N 4. ա՜խ այդ հրեաները

Այս հրապարակման (որն ի դեպ, գովազդվել էր Ֆեյսբուքում) մեկնաբանություններում գտնում ենք դավադրության հաջորդ տեսությունը։ Սամվել Գալստյան օգտատերը գրում է․

«Այս հրդեհում թուրքերին մեղադրելը սոսկ վարկած է մնում։ 80 տարի առաջ տաճարի վերանորոգման աշխատանքների ծախսը հոգացել են հրեաները, միայն մի պայմանով, որ տաճարի տանիքին պետք է տեղադրվեին Իսրայելի 28 թագավորների արձանները։ 3 օր առաջ տանիքից իջեցրել են Իսրայելի թագավորների արձանները, զուգահեռ Նոտերդամի հրդեհին, այրվել է նաեւ Երուսաղեմի տաճարի բլուրի տարածքը։ Հետևություն է պետք անել, այս աշխարհում բոլոր տեռորների պատասխանատուն մնում են հրեաները, մասոնները եւ քաղաքական էլիտան։ Երուսաղեմի 3֊րդ տաճարի սկզբնաքարը կարելի է համարել արդեն դրված է, Նեռի գալուստն էլ շատ մոտ ապագայում կլինի»։

Դավադրության տեսություն N 5․ պլանավորած էր

Կար նաև հրդեհի նախապես կազմակերպված լինելու տարբերակը՝ «թեման շեղելու համար ինչ-որ մեծ մասշտաբի բան ա պետք, որը ազգը կմիավորի»։ Թեման ասելով՝ օգտատերը նկատի ուներ Ֆրանսիայում «դեղին բաճկոններ»-ի ցույցը և նրանց պահանջները։

Ոչ հայկական տեսություններն ու մեդիա հրապարակումները

Radio Free Europe-ի այս հրապարակումը Սերբիայի կառավարության հետ կապվող The Alo և Informer տաբլոիդների շրջանառած հետևյալ միտքն էր․ Աստվածամոր տաճարի հրդեհը Աստծո պատիժն էր նոյեմբերին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ Կոսովոյի դրոշը այլ դրոշների կողքին դնելու համար։

Հրդեհի պատճառների, շարժառիթների մասին թվիթերյան քննարկումներին անդրադարձել է thenextweb.com-ը։ Ըստ հրապարակված հոդվածի, այստեղ ամենաշատը շրջանառվել է այն դավադրության տեսությունը, թե սա ամբողջ Եվրոպայում հարձակումների շարք է քրիստոնեական եկեղեցիների վրա։

Այս և այլ տեսություններին անդրադարձել է նաև CNN Buisness-ը։ Կայքը գրում է, որ սոցիալական մեդիայի օգտատերերը, որոնք ունեն մեծ թվով հետևորդներ, տարածում են դավադրության տեսություններ՝ փորձելով հրդեհի համար մեղադրել ռասայական կամ կրոնական փոքրամասնություններին։

Ctvnews.ca-ն փաստերի ստուգում էր արել և հրապարակել մի շարք տեսությունների կեղծ լինելու մասին հոդվածը։ Օրինակ, լուրը, թե ինչ-որ կասկածելի մարդ էր քայլում տաճարի պատշգամբում, կեղծ է։ Իրականում դա աշխատակիցն էր, որը կրում էր լուսարձակող բաճկոն։

Հոդվածը հերքում է նաև հրդեհի դիտավորյալ եղած լինելը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։ Կեղծ են համարում նաև հրդեհի հետ ծայրահեղ մահմեդականների կապը։

Իսկ observers.france24.com-ն էլ առաջարկում էր 5 քայլ, թե ինչպես խուսափել Աստվածամոր տաճարի մասին տարածվող կեղծ լուրերին հավատալուց։

Ու վերջում համ էլ մի քիչ հումոր

Գարեգին Միսկարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը «ցիտեց» Հովիկ Աբրահամյանին ու այսպես ամփոփեց դավադրության բոլոր տեսությունները.

«Ո՞վ այրեց Փարիզի Աստվածամոր տաճարը։ Դե, մորմոնները դժվար լինեն` ուրեմն մասոններեն էին։ Եթե մասոններն են` ուրեմն Սորոսն է։ Եթե Սորոսն է` ուրեմն գրանտ է տվել։ Եթե գրանտ է տվել` ուրեմն չունևորի է տվել, եթե չունևոր են` ուրեմն փախստական են։ Եթե փախստական են` ուրեմն արաբ են։ Եթե արաբ են` ուրեմն մուսուլման են, եթե մուսուլման են` ուրեմն կրոնական հողի վրա են վառել։ Եթե կրոնական հողի վրա են վառել` ուրեմն միջկրոնական կոնֆլիկտ է հասունանում, եթե միջկրոնական կոնֆլիկտի է հասունանում` ուրեմն հայերի դերը մեծանում է, եթե հայերը մեջը կան` ուրեմն փրկվելու գործ կա, եթե փրկվելու գործ կա, ուրեմն`թռնելու գործ կա, եթե թռնելու գործ կա` ուրեմն Յուրի Գագարին, եթե Յուրի Գագարին ուրեմն ռուս, եթե ռուս ուրեմն թուրք և ուրեմն քանի ռուսը կա, թուրքը մեզ մատով չի կարա կպնի»։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *